ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ  ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ջրային կոմիտեից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Մարտիրոս Նալբանդյանը, արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱԶԲ առաքելության տնտեսագիտության մասով ավագ պատասխանատու Գրիգոր Գյուրջյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Վարդան Կարապետյանը եւ գործառնությունների մասով օգնական Լիանա Առաքելյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահագն Գեւորգյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է Ջրային կոմիտեի կարեւորագույն գործընկերներից մեկը:

Նախագահ Վահագն Գեւորգյանը ներկայացրել է փոքր եւ միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Իր խոսքում նախագահը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 15 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաեւ ներկայացրել է Կապսի, Վեդու ջրամբարների եւ ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերին:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է ցուցաբերել օժանդակություն Ջրային կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ընդլայնելու հետագա երկկողմ համագործակցության շրջանակները։

Քննարկմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական մոտեցումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։

Նախագահն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն հավատարիմ է մնալու իր հանձնառությանը եւ ամեն ինչ անելու է առկա եւ նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու, ամրապնդելու եւ զարգացնելու գործում:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ»-Ը

1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է եւ Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Փաստաթուղթը Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնել է քաղաքացիների որոշումը:

Հռչակագրից մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացվեց հանրաքվե. Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն եւ իր քվեով «Այո» ասաց անկախ պետություն ստեղծելուն: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը:

Հայաստանի Հանրապետությունն արդեն 1992թ. -ին պաշտոնապես դիմում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ին իր անդամակցության դիմումը հաստատելու համար:

1992 թ. հունվարի 29-ին՝ նիստի ժամանակ, Անվտանգության խորհուրդը քննարկում է Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ:

1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Այսօր Հայաստանը 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ է:

Չնայած սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ կասկածի տակ դրեց Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության փաստը՝ հայտարարելով, թե մենք 30 տարի է՝ ապրում ենք մի երկրում, որը «կադաստրի վկայական» չունի՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Թերեւս հարց է առաջանում՝ ինչո՞ւ 100-ից ավելի պետությունների կողմից ճանաչված ու ՄԱԿ-ի լիիրավ անդամ Հայաստանը պետք է «կադաստրի վկայական» ստանա հենց Ադրբեջանից:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս