Լիտվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պուլոկասին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, այդ թվում՝ Եվրոպական միության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:




Լրահոս