ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարեւոր հարցեր։

 

«ԱՊՐԻ Արմենիա»-ի  նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու հնարավորությունները:

Համաժողովի առաջին հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաեւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող կարեւոր հարցեր։ Նշված համատեքստում մեծ արձագանք է ունեցել հատկապես Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի ելույթը։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին, խոսել ղարաբաղյան հակամարտության մասին՝ ներկայացնելով սահմանային ընդհանուր իրավիճակը:

Համաժողովին որպես բանախոս ներկա էր նաեւ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, որն ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկել էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը՝ շեշտելով ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը։ Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես են եկել նաեւ France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը,  «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ժակ Ֆորը եւ այլք։

Համաժողովի երկրորդ մասում հնչած ելույթների ժամանակ շեշտը դրվել է  Հայաստանում կայուն գյուղատնտեսության, տրանսֆորմացիոն տեխնոլոգիաների եւ էկոհամակարգի կողմից ընձեռվող հնարավորությունների մեծացման հեռանկարի վրա։ Մի շարք հայ ձեռներեցներ («Նաիրիան» մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Անահիտ Մարկոսյան, «Զուլալ» ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյան, «ԱրմԱս» գինեգործարանի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Վիկտորյա Ասլանյան եւ այլք) կիսվել են իրենց փորձով եւ ներկայացրել հաջողության հասնելու բանաձեւը։ Նրանք կոնկրետ ծրագրերով մատնանշել են, թե ինչպես են իրենց գործունեությամբ ուժեղացնում Հայաստանի տնտեսական եւ բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը ավելի դիմակայուն երկիր կառուցելու համար։

Համաժողովում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը՝ խոսելով մասնավորապես ոլորտում առկա հնարավորությունների, Հայաստանի մրցունակությունն ապահովելու եւ ապագայի երկիր ստեղծելու իրենց ջանքերի մասին։

«ԱՊՐԻ Արմենիա»-ի  փոխնախագահ Անահիտ Փիլիպոսյանը, ամփոփելով համաժողովի աշխատանքները,  հանդես է եկել համապատասխան կոչով՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ հայկական սփյուռքն ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստանի կառուցման աշխատանքներում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս պայմանները:

 

 

 

 

ՉԵՆ ԱՇԽԱՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Դպրոցներում դեռեւս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն. Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորելու եւ ձեռք բերելու բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռեւս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն եւ շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլեւս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում՝ այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասաց Անդրեասյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ուսուցիչների մոտ եղել են տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ օբյեկտիվ, բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նախագծով առաջարկում են նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։

«Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։

 

 

 

 

ՄԵԽԱՆԻԶՄ՝ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը. Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։

«Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ Առաջարկում ենք, սահմանամերձ եւ բարձր լեռնային գոտիներից զատ, այլ մարզերի բնակավայրեր եւս գործուղելու հնարավորություն տալ ուսուցիչներին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։

Երկրորդն՝ առաջարկում ենք մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին (իրենց կրթության վերջին տարում) գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալ՝ ուղեկցող ուսուցչի առաջնորդությամբ։ Սա կլինի լավ պրակտիկա ուսուցիչ դառնալ ցանկացողների համար եւ թույլ կտա նաեւ դպրոցներում ապահովել այն առարկաների դասավանդումը, որոնց ապահովումն այս պահին խնդիր է»,- ասաց Անդրեասյանը։

 

 

 

 

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ՝ «ԳԱՎԻԹ»-ԻՑ

Հունիսի սկզբին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիաք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տեր Եսայի Քահանա Արթենյանը բացատրեց «Գավիթ» հարթակի նշանակությունը. «Միշտ այսպիսի ավանդույթ է եղել մեր եկեղեցում, որ երբ ազգի առջեւ ծառացած են եղել լրջագույն խնդիրներ եւ մարտահրավերներ, արքունիքը, ազգի հոգեւոր դասը, ժողովուրդը համախմբվել են եկեղեցու գավիթներում, քննարկել են այդ հարցերն ու ընդհանուր լուծումներ են գտել: «Գավիթ»-ը այս տրամաբանությամբ է գործելու, եւ առաքելությունն ու նպատակը մեր հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, հոգեւորականներին համախմբելն է՝ քննարկելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու այն հարցերի շուրջ, որոնք մեր ազգի համար այս պահին օրհասական են: «Գավիթ»-ի հիմնական առաքելությունը սա է»:

Խոսելով «Գավիթ»-ի ակնկալիքների մասին՝ Տեր Եսային հույս է հայտնում, որ քննարկումները կլինեն շարունակական, իսկ այն հարցին, թե արդյոք գաղափարը կաշխատի, քահանա Արթենյանն ասում է, որ եթե չկա հավատքը, որ այն աշխատելու է, ապա նախաձեռնությունն էլ չէր լինի: Այսինքն՝ եթե կա նախաձեռնություն, ուրեմն կա նաեւ վստահություն, որ հարթակը կծառայի իր նպատակին, եւ լուծումներ կտրվեն շատ կարեւոր հարցերի:

 

 

 

 

ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ

Հունիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանի հետ՝ ճշտելու դեպքի մանրամասները. «Ես ինքս եմ զանգել ԱԻՆ, որպեսզի գան եկեղեցու քիվերին՝ տանիքի շրթունքներին եղած ճաքերի հետեւանքով թուլացած եւ շարժվող քարերը հանեն, որպեսզի հանկարծ որեւէ մեկի գլխին չընկնեն, քանի որ եկեղեցին բանուկ հատվածում է, մարդիկ են գնում-գալիս: Միայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրեցինք ՆԳՆ ԱԻՆ ծառայության աշխատակիցները գան, եւ փորձենք կասեցնել հետագա վտանգը»:

Տեր Վարդանի հավաստմամբ՝ հանված քարերը եկեղեցու արտաքին տեսքին որեւէ վնաս չեն հասցրել, միայն շատ ուշադիր զննելու դեպքում կարելի է նկատել, որ այդտեղից քարեր են պակասել:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ




Լրահոս