Նոր Խարբերդում աղբամաններ ու ջուր չկա. ինչո՞վ է զբաղված համայնքապետը. ահազանգում են բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվել Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչներից։

Բնակիչները բողոքում են, որ բնակավայրի տարբեր հատվածներից բացակայում են աղբամանները։

Բնակիչներից շատերը պնդում են, որ աղբամանները համայնքի ղեկավարը՝ Կամո Կակոյանը տարել է իր և իր խնամիների բակեր և այդպիսով էլ բնակիչները չգիտեն, թե որտեղ տանեն իրենց աղբը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Նոր Խարբերդի վարչական ղեկավար Կամո Կակոյանի հետ՝ պարզելու՝ որտե՞ղ են աղբամանները, որոնք խնդրի առաջ են կանգնեցրել բնակիչներին։

Մեզ հետ զրույցում Կակոյանն ասաց.

«Իմ տան դիմացը ոչ մի աղբաման չկա, ոչ էլ խնամուս տան դիմացը աղբաման կա, էդ ո՞վ ա էդ բողոքողը։ Ոչ էստեղ կա, ոչ էնտեղ, ես իմ տան դիմաց աղբաման չունեմ»։

Կամո Կակոյանն ասաց, որ աղբահանման պրոցեսը իրականանում է շրջիկ մեքենաների միջոցով։

«Մեր մեքենաները շրջիկ են, որտեղ հարմար է աղբաման դնելու, մենք դնում ենք։ Որտեղ, որ բնակչությունը խիտ է, մենք մեր աղբը սիրուն տոպրակի մեջ դրված փողնում ենք, աղբի մեքենան գալիս է ու տանում։ Իսկ որտեղ, որ աղբաման է դրված, ես կարող եմ 1 հատի տեղը 100 հատ դնել, բայց եթե կարիքը լինի։ Եթե կարիքը չկա ինչո՞ւ ճանապարհներին աղբաման դնեմ»,-ասաց վարչական ղեկավարը։

Տեղի բնակիչների դժգոհությունները այսքանով չեն ավարտվում։ Բնակիչների դժգոհությունն է առաջացրել նաև ջուրը, քանի որ ջուրը ժամով է։

ArmLur.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը ջուր չունենալու և ի՞նչ լուծումներ են առաջարկվում այս խնդրի համար՝ Կամո Կակոյանն ասաց.

«Դա «Վեոլիա ջուր» պետք է զանգվի։ Էդ ջրամատակարարումը առավոտից 2 ժամ ա ու երեկոյան էլ 2 ժամ ընդամենը, ես անձամբ ինքս ջուր չունեմ։ Էսքան ժամանակ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, զանգում են «Վեոլիա ջուր», ասում են զանգեք գյուղապետին։ Այսինքն՝ գյուղապետը ջրի մատակարարելու հետ ի՞նչ կապ ունի»։

Կամո Կակոյանը նշեց, որ խնդիրը նոր չէ, ամեն տարի էլ նույն խնդրի առաջ են կանգնած, սակայն «Վեոլիա ջուրը» խնդրին լուծում չի տալիս։

«Եթե մեզ օգտակար լինեք ջրային տնտեսությանը, այսինքն՝ «Վեոլիա ջրին» հարց տաք ու պատասխան ստանաք, շատ շնորհակալ կլինեմ, որովհետև իմ զանգերի 70% ջրի հետ ա կապված, բնակիչները ամառվա սեզոնին խնդիր ունեն ջրի հետ։ «Վեոլիա ջուրը» կանգնում, ասում ա` էս ա, ինչ անենք։ Ամեն տարի է այսպես։ Գալիս հասնում է ամառը այպես է լինում, ջուրը չի բավարարում»,- ասաց Կակոյանն՝ ավարտելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս