Անընդունելի է ԵՄ կողմից Ադրբեջանի վայրագությունների արդարացումը. Եվրոպայի հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

«Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։

Հանդիպմանը մասնակից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակը՝ իր բնույթով օրհասական։ Ընդգծվել է՝ վերահաս աղետի կանխման համար անհրաժեշտ են միջազգային անհապաղ և գործուն քայլեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում Եվրոպական միության ներկա դատապարտելի քաղաքական վարքին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրահարույց հայտարարություններին։ Անընդունելի է համարվել Եվրոպական միության կողմից իր իսկ դավանած արժեքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականության և շարունակվող վայրագությունների, ըստ էության, արդարացումը։ Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի, պետք է քաղաքական կամք դրսևորի և արժեքների ու առևտրային հարաբերությունների միջև ընտրության գործում կողմնորոշվի դեպի արժեքները և կանխի մարդկության դեմ իրագործվող ադրբեջանական հերթական հանցագործությունները։

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպայում Արցախի շուրջ հավելյալ զորակցության ապահովման, Արցախի շրջափակման վերացման, հումանիտար օժանդակության ապահովման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության և այլ ուղղություններով առաջիկա քայլերի վերաբերյալ։ Կարևորելով Եվրոպական միության ղեկավարության վրա շարունակական ճնշման ապահովումը և Ադրբեջանի հանցագործ քայլերի ու Արցախի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության հանրահռչակումը՝ հայ համայնքների ներկայացուցիչները համաձայնության են եկել սույն հարթակի պահպանման և ընդլայնման, ինչպես նաև նմանաբնույթ հանդիպումների պարբերաբար անցկացման շուրջ՝ աշխատանքների համադրման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցներն մեկ անգամ ևս իրենց անվերապահ զորակցությունն են հայտնել Արցախի հերոսական ժողովրդին՝ գնահատելով վերջինիս անխորտակելի պայքարը հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության»,- նշված է հաղորդագրությունում։




Լրահոս