Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ ասված է․
«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:
Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:
Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:
Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: