ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետեւ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Նա ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով, Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչեւ պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը եւ Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած եւ ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յ.Գ.-ն ստացել եւ կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

Ավելի ուշ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր.

«Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Վերջին շրջանում ՀՀ դատախազության կողմից միտում է նկատվում, յուրաքանչյուր դեպքում անընդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների անունները, ի ցույց դնել նրանց կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքը՝ այդկերպ հասարակության մոտ ստեղծելով բացասական տպավորություն ՀՀ պետականության ստեղծման մեջ կարեւոր դեր ունեցող եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտած ամենահզոր եւ հեղինակավոր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ։

Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ գտնվում են դատարանում, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին։

Հ.Գ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում, այդպես էլ քանդվում է։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ՝ Էրիկ Ալեքսանյան, Ալեքսանդր Կոչուբաեւ»։

 

 

 

ԹՈՒՆԱՎՈՐԵԼ Է ՄՈՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սիրամարգ Կարլենի Մելիքյանը 2022 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, գտնվելով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 3 բնակարանում եւ նախապես տեղյակ լինելով այդ բնակարանի խոհանոցում կրծող կենդանիներին ոչնչացնելու նպատակով իր մոր՝ Սվետիկ Մելիքյանի կողմից պոլիմերային տարայի մեջ դրված մկնդեղի գրանուլաների մասին, դրանք, իր ընկալմամբ, համարելով մարդու համար թունավոր, Սվետիկ Մելիքյանի կողմից նույն խոհանոցում կերակուր պատրաստելու ընթացքում, տեսնելով վերջինիս խոհանոցից դուրս գալը եւ այլ սենյակ գնալը, աննկատ կերպով՝ գաղտնի, մուտք է գործել նշված խոհանոց, դիտավորությամբ հիշյալ պոլիմերային տարայի մեջից վերցրել եւ կերակուրի կաթսայի մեջ է լցրել մկնդեղի գրանուլաներ, ապա դուրս եկել խոհանոցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ Սվետիկ Մելիքյանի կողմից հիշյալ գրանուլաները նկատելու եւ կերակուրը չօգտագործելու պատճառով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐԸ

Գյումրիում օգոստոսի 5-11-ը կայանալիք Համահայկական ամառային խաղերի պատճառով հյուրանոցներում ազատ համար դժվար է գտնել: Ավելին՝ մեր խմբագրությունը ահազանգ է ստացել քաղաքացուց, որը պատմել է, որ դեռեւս շաբաթներ առաջ «Գյումրի» հյուրանոցում սենյակ էր ամրագրել, իսկ օրերս հյուրանոցը որոշել է չեղարկել ամրագրումը եւ դա պատճառաբանել «տեխնիկական խնդիրներով»:

Քաղաքացին նկատել է, որ նույն հյուրանոցում սենյակի գինը երեք անգամ թանկացել է. եթե ինքը ամրագրել էր 28 հազար դրամով, չեղարկումից հետո այն արժե 70 հազար դրամ, այսօր արդեն որեւէ ազատ սենյակ այդ հյուրանոցը չունի, մյուս հյուրանոցներում եւս դժվար է գտնել ազատ սենյակ:

«Սա առնվազն անհարգալից վերաբերմունք է, այսինքն՝ շաբաթներ առաջ մեր ամրագրումը չեղարկել՝ առանց ներողություն խնդրելու, փոխհատուցում առաջարկելու, առանց որեւէ քայլ ձեռնարկելու մեզ տեղավորելու համար…, իսկ հետո այդ սենյակը եռակի թանկացնել. գումար շորթելը ուրիշ ո՞նց է լինում»,-ասաց վրդովված քաղաքացին։

Ուշագրավ է, որ հյուրանոցի հետ ունեցած նամակագրությունից հետո արտասահմանյան համարից քաղաքացին զանգ է ստանում, ռուսախոս աղջիկը ներկայանում է booking համակարգից եւ հայտնում ամրագրման չեղարկման մասին, մինչդեռ հյուրանոցային բիզնեսին առնչված անձինք գիտեն, որ booking-ը հեռախոսահամար չունի, չի զանգում քաղաքացիներին, ավելին՝ համակարգից որեւէ հեռախոսահամար գտնելը անգամ տնտեսվարողների համար շատ բարդ է։

Հիմնավոր կասկածներ կան, որ «booking»-ից զանգը կազմակերպվել է հենց հյուրանոցի կողմից՝ լեգիտիմացնելու «տեխնիկական պատճառներով չեղարկումը»։

Մ. Մ.

 

 

 

Ո՞ՐՆ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ներկայացել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: Ողջ նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանը որեւէ բասացական գնահատական չտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 44 -օրյա պատերազմում կատարված գործողությունների մասով :

Դատելով Դավիթ Տոնոյանի կողմից ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչած գնահատականներից՝ կարելի է ենթադրել, որ նրան ԱԺ հրավիրելը եւ ուղիղ եթերով որեւէ սուր հարցադրուններ չանելը եւ, դեռ ավելին, ՀՀ վարչապետի գործողություններին դրական գնահատականներ տալը ունի կոնկրետ նպատակ: Ասել է թե՝ չի բացառվում, որ այս հանձնաժողովի նիստից որոշ ժամանակ անց 1,5 տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը հայտնվի ազատության մեջ:

 

 

 

ԻՆՔՆԱԿԱՄ՝ ԱԱԾ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը Դավիթ Գալստյանին՝ բոլորին հայտնի Պատրո Դավոյին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում Դավիթ Գալստյանը կրկին կկալանավորվի։ Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ նա որոշեց  ներկայանալ ԱԱԾ, ասել է թե՝ Դավիթ Գալստյանը չսպասեց, որ ԱԱԾ աշխատակիցները գան եւ նրան տանեն մեկուսարան, այլ ինքակամ պատրաստվում է ներկայանալ ԱԱԾ մեկուսարան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 28-ին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին։

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա քանաքեռավանցու տան խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:

«Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին նրա տանը խուզարկություն է կատարվել։ Հայտնաբերվել են 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, հԽհ տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր եւ պահեսատուփեր, 1 պարկուճ, 1 նռնակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ եւ դրա  բաղադրիչ մաս կազմող առարկաներ, ավտոմեքենաների 23 պետհամարանիշներ։ Նրան պատկանող Audi մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկաթե մահակ»,- հայտնել է իրավապահ կառույցը։ Քանաքեռավանցին ձարբակալվել է։ Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:

 

 




Լրահոս