ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿԱՇԱՌՔ Է ՊԱՀԱՆՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր:

 

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ Զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետեւ՝ նույն օրը, հիշյալ քաղաքացուն զանգահարել է Ռ. Գ.-ն եւ առաջարկել փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաեւ հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:

Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա՝ Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության պլանավորման եւ վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն իր ծանոթ Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ. Վ.-ից: Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն եւ վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են:

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են նաեւ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար ՊՆ նույն պաշտոնյայի կողմից եւս 4 քաղաքացիներից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր, որոնք իրականացվել են հետեւյալ եղանակով: Կ. Մ.-ն զորահավաքային վարչություն դիմած անձանց տվյալներն ուղարկել է իր ծանոթ Ռ. Գ.-ի կնոջ բջջային հեռախոսահամարին: Վերջինս էլ, իր հերթին, դրանք վերահասցեագրել է ամուսնու հեռախոսահամարին, որից հետո Ռ. Գ.-ն կաշառք ստանալուն նպաստելու նպատակով հեռախոսակապ է հաստատել նշված անձանց հետ եւ տեղեկություններ տրամադրելու եղանակով կատարել օժանդակություն՝ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար նրանց ներկայացրել է կաշառք տալու առաջարկ:

Վերը նկարագրված եղանակով Կ. Մ.-ն չորս դեպքում՝ Ռ. Գ.-ի օժանդակությամբ, իսկ մեկ դեպքում անձամբ 2023 թվականի ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում 5 անձանցից պահանջել է ընդհանուր շուրջ 650 հազ. ՀՀ դրամ կաշառք: Ընդ որում՝ նշված անձանց մոտ կաշառք տալու վճռականություն հարուցելու նպատակով Ռ. Գ.-ն վերջիններիս հայտնել է, որ այդկերպ հաշվառվելուց հետո հետագայում նրանք վարժական հավաքներին չեն կանչվելու այն դեպքում, երբ Կ. Մ.-ի ծառայողական պարտականությունների մեջ չի մտել հաշվառման համար դիմած քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավումը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), իսկ Ռ. Գ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արեւշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետեւից հակասող տեղեկություններ է հայտնել, թե ինչ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարահանել նրան։

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջ հեռախոսը առգրավելով՝ իրավապահները բացահայտել են, որ կնոջ հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։ Ասել է թե՝ Աննա Արեւշատյանը նմանօրինակ տեսարաններ շատ է պատրաստել ու նկարահանել։ Ավելին՝ իրավապահների մոտ քննության սկզբում վարկածներից մեկը եղել է այն, որ նա, երեխայի հետ այդկերպ վարվելով, փորձել է պատժել հոր դեմ ցուցմունք տալու համար, սակայն քննության ընթացքում առավել խորքային բացահայտումներ են արվել ընտանիքում առկա անառողջ մթնոլորտի մասով, որի ուղղությամբ այս պահին իրավապահները աշխատում են։

Չի բացառվում, որ քննությամբ ավելի ուշ բացահայտվի, որ համացանցում կան հատուկ էջեր, որտեղ նմանօրինակ տեսանյութեր պատրաստողին վճարում են, ու Աննա Արեւշատյանը կոնկրետ այդ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարել։ Դատելով այս դեպքից՝ իրավիճակը կբարդանա, ու գործով այլ անձինք կներգրավվեն՝ տեսանյութի պատվիրատուներ, այն տարածողներ եւ այլն։

Հիշեցնենք՝  քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։

Աննա Արեւշատյանի ամուսինն էլ կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը դեռեւս գտնվում է  ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում՝ ՁՎՊ։ Օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, նա կալանավորվեց, սակայն նրան դեռ «Աբովյան» ՔԿՀ չեն տեղափոխել, քանի որ կնոջ մասնակցությամբ քննչական գործողությունները շարունակվում են։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

«Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնօրենը պաշտոնավարման ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող թվով ութ անձանց հրամանագրել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում եւ վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, իր ստորագրությամբ եւ դպրոցի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի եւ աշխատավարձի վճարային տեղեկագրերը, դրանց մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, հիշյալ անձինք հաճախել են աշխատանքի եւ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները:

Այնուհետեւ բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում նրանց փոխարեն եւ նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից դուրս են գրվել ընդհանուր 13.643.343 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որոնք յուրացման եւ վատնման եղանակով հափշտակվել են տնօրենի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար ուղարկվել են հսկող դատախազին:

Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը պատճառված վնասից վերականգնել է 3 մլն 700 հազար ՀՀ դրամը:

Պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

 




Լրահոս