Լարված իրավիճակ, սուլոցներ. ի՞նչ է կատարվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ցուցարարների հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախկին նախագահների և պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո ուշ գիշերին հանդիպել է նաև ԱԺ բակում ցույց անող քաղաքացիների հետ:ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի և ցուցարարների հանդիպումի: Նախ տեղեկացանք, որ այն բավականին երկար է տևել ու թեժ է անցել:

Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում՝ ցուցարարները շատ վրդովված են եղել նախօրեին Հակարիի կամրջի մոտից երեք երիտասարդների առևանգումից հետո: Նրանք շատ կոշտ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, մասնավորապես հարցրել են, թե ի՞նչպես է ստացվում, որ ամեն շաբաթ թշնամին մարդ է առևանգում սահմանից, ինչու՞ իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Ցուցարարները նաև հետաքրքրվել են Աղդամի և Բերձորի ճանապարհներից, Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ Աղդամի ճանապարհից օգտվելու տարբերակ չեն դիտարկում, իսկ Բերձորի ճանապարհից կօգտվեն միայն այն դեպքում, երբ միջազգային հանրության կողմից լիարժեք անվտանգային երաշխիքներ ստանան:

Ցուցարարներից ոմանք նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն են բարձրացրել, վերջինս էլ ասել է, որ այդ հարցն այս պահին քննարկվում է, բայց հստակ ոչինչ չի կարող ասել:

Ցուցարարների հետ հանդիպմանը ցանկացել է ելույթ ունենալ նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, սակայն քաղաքացիները սուլել են ու չեն թույլ տվել, որ նա խոսի:

Փոխարենը ցուցարարները երկար զրուցել ու քննարկում են ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

Ամեն դեպքում՝ ցուցարարները դժգոհ են մնացել այդ հանդիպումից ու սպառիչ պատասխաններ Հարությունյանից չեն ստացել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս