Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել ու մինչ օրս որեւէ իրավական ակտով կարգավորված չէ: Գործընթացը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված. այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ զեկուցողի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ օրենքով նախատեսվո՞ւմ է՝ ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձի ընտանիքի անդամներ ու ինչո՞ւ պետք է պաշտոնյայի ընտանիքի անդամը միեւնույն սրահով մտնի օդանավ, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր մեկնաբանությունն է արել:

«Կարծում եմ՝ «ընտանիքի անդամներ» սահմանումը բոլորս հասկանում են: Իմաստ կա՞, որ մի շենքով պաշտոնյան մտնի օդանավ, մյուսով՝ ընտանիքի անդամները, օրինակ՝ կինը, երեխաները՝ ճամպրուկներով»,- նշել է ԱԺ խոսնակը:

Հավելելով ԱԺ նախագահին՝ Մնացական Սաֆարյանը նշել է, որ ,ընտանիքե եզրույթը նշված է հյուպատոսական տիրույթում՝ կին/ամուսին, երեխաներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԳ նախարարի տեղակալից հետաքրքրվել է, թե ինչպես է իրավիճակը կարգավորվել 2018 թվականից ի վեր: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ 2018 թվականից խնդիրը կարգավորվել է հատուկ նամակագրությունների միջոցով:

«Պաշտոնական պատվիրակությունների ժամանման ընթացքում որոշումներ են ընդունվել Կառավարության կողմից այդ պատվիրակություններին ընդունելու կարգի վերաբերյալ: Այս պահին հարցը կարգավորում ենք համապատասխան լրացումներով»,- ասել է փոխարտգործնախարարը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը, ով նշել է, որ կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է ՀՀ՝ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ:

«Լրացնում ենք այն որոշումների շղթան, որոնք կայացվել են դեռեւս 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ ԱԺ իրավական փորձաքննության բաժնի աշխատակիցները կարեւոր տեխնիկական առաջարկներ են արել, որոնք հնարավոր է ընդունել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Ելույթի ընթացքում հանձնաժողովի անդամը նշել է նաեւ, որ օդանավակայանի հատուկ եւ պատվիրակությունների սրահներն ընդհանուր սրահից շատ առավելություններ չունեն: Պատգամավորը հավելել է նաեւ, որ եթե ՀՀ պաշտոնատար անձն ուզում է անցնել ոչ թե հատուկ կամ պատվիրակությունների, այլ ընդհանուր սրահից, ապա ազատ է այդ որոշման մեջ:




Լրահոս