ԻՆՉՈ՞Ւ ԸՆԿԱՎ ԱՐՑԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ զրուցել է Արցախի լուծարման, հայաթափման եւ սպասվող զարգացումների մասին:

 

-Տիկի՛ն Փոստանջյան, սկսենք Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձություներից. Արցախն արդեն ամբողջությամբ հայաթափված է, կա ստորագրված փաստաթուղթ, ըստ որի՝ հունվարի 1-ից պաշտոնապես Արցախի Հանրապետությունը կլուծարվի: Նախ՝ ինչո՞ւ այս իրավիճակին հասանք, ի վերջո, ո՞վ հանձնեց Արցախը՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը:

-Եկեք հստակ որոշում կայացնենք, որ Արցախը հանձնել է Հայաստանի Հանրապետությունում գործող վերջին հինգ տարիների իշխանությունը, որովհետեւ Արցախն առանց Հայաստանի Հանրապետության  երաշխավորության չէր կարող ինքնուրույն իրականացնել եւ՛ իր պաշտպանությունը, եւ՛ անվտանգությունը, եւ՛ ընդհանուր առմամբ իր քաղաքական կյանքը, որովհետեւ Արցախի միակ թիկունքը Հայաստանն էր, եւ արտաքին աշխարհի հետ շփումը տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, միջոցով եւ հնարավորություններով: Սա միանշանակ է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Փաստաթղթերով ամրագրված է, եւ, բացի  դա, ըստ էության, որպես դաշնային պետություն գոյություն ուներ, այսինքն՝ մենք մի անվտանգային գոտի էինք: Այս գործող  իշխանությունը ինքն է զորակոչ իրականացրել՝ երեք անգամ զորակոչելով ՀՀ քաղաքացիներին Արցախի զինված ուժերում ծառայելու, եւ մենք մեկ դրամական միավորի տարածքում ենք, եւ մեր փոխարժույթը նույնն էր, եւ մենք մեկ անձնագրային միավորի մեջ էինք, այսինքն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները նաեւ ՀՀ քաղաքացիներ էին:  Հետեւաբար, ՀՀ զինանշանի ներքո պաշտպանություն պետք է տեղի ունենար Արցախի քաղաքացիների վերաբերյալ: Այս իշխանությունն է հանձնել՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին Արցախում, թե ով է ստորագրել լուծարման թղթերը բռնության եւ սպառնալիքի ազդեցության տակ: Ի դեպ, դրանք փաստաթղթեր են, որոնք առ ոչինչ են, այսինքն՝ ըստ էության ոչ թե այդ փաստաթղթի ստորագրմամբ է դադարել գործել այս պահին Արցախի Հանրապետությունը, այլ այն պատճառով, որ Արցախից բռնի ուժով, ցեղասպանմամբ վտարվել են Արցախի քաղաքացիները, որոնք նաեւ ՀՀ քաղաքացիներ էին հանդիսանում: Հետեւաբար մեղքը եւ պատասխանատվությունը գործող իշխանության վրա է:

-Տիկի՛ն Փոստանջյան, Հայաստանի իշխանություններն էլ ասում են, որ եթե Արցախում վերջին իշխանափոխությունը տեղի ունեցած չլիներ, Ադրբեջանը ռազմական ագրեսիա չէր կիրառի: Ադրբեջանը իբրեւ թե հայտնել է Արցախի իշխանություններին, որ եթե իշխանափոխություն անեն, իրենք կդիմեն կտրուկ քայլերի, բայց իրենք ականջալուր չեն եղել, եւ այդ ընտրությունները տեղի են ունեցել: Եթե իշխանափոխություն չլիներ, հնարավոր կլինե՞ր խուսափել այս ամենից:

– Միանշանակ այս ամենը մանիպուլյացիա է: Ակնհայտ է, որ կեղծիքի միջոցով ցանկանում են փրկել հենց իրենց, քանի որ իրենք հենց այդ առաքելությամբ էլ եկել են:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերին։

 

Հանդիպմանը քննարկեցինք հայ ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակահատվածում առաջացած մարտահրավերները, արցախահայության բազմաթիվ խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները։

Ընդգծեցի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է, որի համար իրականացվող իմ ամենօրյա ջանքերին խնդրեցի դեսպանի աջակցությունը։

«Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ճնշման տակ, իսկ մենք գիտենք, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի: Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք»,- նշեցի իմ խոսքում։

Պարոն Գալագերին հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը, անկախ արցախահայության բնակության վայրից, դե ֆակտո եւ դե յուրե գոյություն ունի, իսկ արցախահայության իրավունքներն ու խնդիրները չեն սահմանափակվում միայն հումանիտար բաղադրիչով։

Այս համատեքստում նշեցի, որ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը, վտարանդի Ազգային ժողովը եւ պետականության մյուս բոլոր ատրիբուտները պետք է պահպանվեն եւ շարունակեն իրենց աշխատանքը ճգնաժամային ռեժիմում։

Արցախի խորհրդարանը պետք է հրատապ նիստեր հրավիրի, Կառավարությունը շարունակի աշխատանքը, քանի որ քաղաքացիների խնդիրների լուծման աշխատանքն ամենօրյա ռեժիմ է ու Արցախի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի ուղիղ գործառույթը. կապ չունի, թե հիմա որտեղ են բնակվում արցախցիները:

Պարոն Գալագերն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը մշտապես պատրաստ է կանգնելու հայ ժողովրդի հումանիտար խնդիրների լուծման կողքին: Ավելին՝ մեծաքանակ հումանիտար օգնություն՝ ֆինանսական, բժշկական եւ այլ դրսեւորումներով, արդեն արվել է ու դեռ կարվի»:

 

 

Ո՞Վ Է ԱՐՑԱԽԻ ՊԱՐԵՏԸ

Ադրբեջանի նախագահը ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին նշանակել է Ստեփանակերտ քաղաքի պարետ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկություն էր տարածել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել հայազգի Սարգիս Գալստյանը:

Հակոբյանը նաեւ հավելել էր, որ Սարգիս Գալստյանն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է եւ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր, ավելին՝ նա կասկածներ էր նաեւ հայտնել, թե Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»:

Այսպիսով, ստացվում է, որ Թաթուլ Հակոբյանը կեղծ տեղեկություններ է տարածում կա՛մ միտումնավոր, կա՛մ էլ առանց տեղեկությունը ճշտելու։

Ի դեպ, Թաթուլ Հակոբյանի այս գրառումից հետո սոցցանցերում մեղադրանքների հոսք սկսեց Սարգիս Գալստյանի հասցեին, թե վերջինս դավաճան է:

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԱՅՐԵԼ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Արցախից ՀՀ տեղափոխվեցին բռնի տեղահանված քաղաքացիներ: Տեղափոխումը տեղի է ունեցել ճնշումների ազդեցության տակ: Քիչ չեն համացանցում հայտնված այն հոլովակները, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները զենքի սպառնալիքով ստիպում էին արցախահայությանը անել այս կամ այն գործողությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները հրահանգել են՝ սահմանն անցնելուց առաջ բոլոր նրանք, որոնք ծառայել են Պաշտպանության բանակում, այրեն զինվորական գրքույկները հնարավոր տհաճություններից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանց ասվել է, որ եթե Հակարիի կամրջի մոտ տեսնեն զինվորականի, կգերեվարեն, ու ստիպված Արցախի նախկին եւ ներկա զինծառայողները մասսայաբար վառել են իրենց զինվորական գրքույկները: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են բազմաթիվ արցախահայեր, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ անունները չենք հրապարակում:

 




Լրահոս