Մարդու իրավունքների հանձնակատարն ամփոփել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան և Ադրբեջան այցերն ամփոփել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: Նա հայտարարությամբ է հանդես եկել։

Նա Հայաստան և Ադրբեջան  այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ,։ Նա նշում է․ «Այնտեղ զրուցել եմ ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Հանձնակատարը կրկին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը։ Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», – նշված է հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆիզուլի և Աղդամ այցի ժամանակ հանձնակատարը տեսել է ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք, նրա խոսքով, տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել: Երկու երկրներում էլ Միյատովիչն ընդգծել է բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը՝ ներառյալ նրանց  արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները»:

Նաև նշվում է, որ հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում:




Լրահոս