ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երեւանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:

 

Փառատոնի մեկնարկից առաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը եւ այլք:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ տեղի կունենա Երեւանյան միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել մշակույթի ոլորտի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։

Առաջին անգամ Հայաստան կժամանեն այնպիսի հռչակավոր թատրոններ, ինչպիսիք են փարիզյան Օդեոնը, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Փառատոնը հյուրընկալելու է թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից եւ, իհարկե, Հայաստանից։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը նշել է. «Մայր թատրոնը վերջին տարիներին իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք ակնհայտ հարստացնում են թատրոնի դիմագիծը։ Ուրախալին, ըստ իս, այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ներփակված չեն միայն մեր թատրոնի սահմաններում, այլ օգտակար են լինում հայ թատրոնին ընդհանրական առումով։ Հենց այս ընկալումով էլ շարունակում ենք մեր գործը եւ հիմնում Երեւանյան միջազգային թատերական փառատոնը։ Հիմնադրման առաջին իսկ տարում մենք հյուրընկալելու ենք համաշխարհային համբավ վայելող թատրոններ»։

Փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, հիմնական ծրագրին ի հավելումն, ավելացրել է «Մոխրոտը» ներկայացումը՝ հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանված մանուկների համար։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, կարեւորելով Երեւանի դերը, հայտնել է, որ փառատոն անցկացնելն այստեղ երազանք էր.  «Երեւանը շատ թատերական քաղաք է, որովհետեւ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ բավականին շատ թատրոններ կան: Երեւանում թատերական փառատոն անցկացնելը երազանք է եղել։ Թատրոնն օգնում է հանդիսատեսին հաղորդակցվել իր ժամանակակիցների հետ եւ ազատագրվել շուրջը տիրող քաոսից: Շատ կարեւորում եմ, որ փառատոնին մասնակցում են մարզային թատրոնները, որովհետեւ դրանց ներկայությունը եւ մասնակցությունն ավելի կամրացնեն ստեղծագործական ընթացքը»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն բարձր է գնահատել թատրոնի հետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր եւ գաղափարներ կիրագործվեն:

 

 

ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, հայտերը ընդունվելու են մինչեւ ապրիլի 15-ը: Ծրագրի համակարգող Սոնա Վերդյանի պնդմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ մեծամասշտաբ փոփոխություններ չկան։

 

Մրցույթին կարող են մասնակցել ակադեմիական պատրաստվածություն ունեցող բոլոր կոմպոզիտորներն ու երաժիշտները։ Ստեղծագործությունները պետք է գրվեն ձայնի եւ մեկ կամ երկու գործիքի համար։ Պետք է գրվի մեկ ստեղծագործություն կամ շարք։ Տեւողությունը նվազագույնը պետք է լինի 6 րոպե՝ նախկին 8 րոպեի փոխարեն, իսկ առավելագույնը` 12 րոպե։

Ապրիլի 15-ից մայիսի 15-ը ժյուրին կկայացնի իր որոշումը՝ ընտրելով վեց լավագույններին: Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը:

Մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից – հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն երաժշտական ակադեմիական կրթահամակարգի ամրացմանն ի նպաստ։

Առաջին մրցանակային տեղի համար նախատեսված է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղի համար՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եւ երրորդի համար՝ 1000 դոլարին համարժեք դրամ։

Ըստ կազմակերպիչների՝ մրցանակային ֆոնդը լիովին համապատասխանում է միջազգային մրցույթի չափանիշներին։ Կլինի նաեւ ունկնդրի համակրանք մրցանակ։ Ունկնդիրը գալա համերգի ժամանակ կկարողանա գնահատել լավագույն 6 մասնակիցներին, որոնցից կընտրվի նշված մրցանակակիրը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթին մասնակցել է 24 դիմորդ՝ 13 երկրից։

Առաջին մրցանակին արժանացել էր Ռուսաստանի ներկայացուցիչ, բայց արմատներով հայ Իվան Բուշոեւը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան ներկայացնող երաժիշտ Արսեն Բաբաջանյանը։ Երրորդ հորիզոնականում հայաստանցի երաժիշտ Վարդան Հարությունյանն էր։

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կա նման մրցույթ, եւ հնարավորություն է ստեղծվում երաժշտական նոր գործեր ստեղծել։

«Հայոց լեզվի դասական գրականության հատվածը նորագույն շրջանի երաժշտության մեջ կայացած չէ ամբողջությամբ, որքան կարող էր լինել։ Մենք երբեւէ չենք փորձել երաժշտություն բերել Քուչակի հայրենները, բայց դա դարավոր գրական արժեք է»,- ասաց Մանսուրյանը։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՐԿԻՆ ԶԻՋԵՑ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը հիմնականում գործում էր պաշտպանությունում, եւ նախաձեռնությունը Հյուսիսային Մակեդոնիայինն էր: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը սկսեց առավել շատ տիրել գնդակին եւ մի քանի լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, բայց 42-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտվեց ընձեռնված հնարավորությունից. դիպուկ հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Տրայկովսկին:

Երկրորդ կեսի մեկնարկի 58-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաեւ երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլան Ռիստովսկին: Այս խաղակեսում եւս Հյուսիսային Մակեդոնիան առավելություն ուներ եւ պահպանում էր նախաձեռնությունը: Հանդիպման վերջնամասում տան տերերը խփեցին նաեւ երրորդ գնդակը, իսկ խաղի ավելացված րոպեին Հայաստանի հավաքականի հեղինակության գնդակը խփեց Էդուարդ Սպերցյանը:

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ  նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում: Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է «Եվրո-2024»-ի համար: Երկրորդ եւ երրորդ տեղերում 10-ական միավորով Ուելսը եւ Խորվաթիան են: 4-րդ տեղում Հայաստանն է 7 միավորով, եւ վերջին տեղում 3 միավորով Լատվիան է: Նախավերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին արտագնա հանդիպում կանցկացնի Խորվաթիայի դեմ:

 

 

ՍԿԱԼՈՆԻՆ՝ ՄԵՍԻԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրի արտագնա խաղում Պերուի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ինքն է որոշում, թե ինչքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում։

«Թիմն արդեն վաղուց հասկանում է Մեսիի խաղը, եւ դա լավ է անդրադառնում նրա վրա։ Մեսին գերազանց է զգում իրեն խաղադաշտում։ Հույս ունեմ, որ նա դեռ երկար տարիներ կուրախացնի իր խաղով։ Ամենակարեւորն այն է, որ Մեսին առողջ լինի։ Նա ինքն է որոշում, թե քանի րոպե կանցկացնի խաղադաշտում»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Պերուի թիմի դեմ Մեսին անցկացրել էր ամբողջ հանդիպումը՝ գոլերի հեղինակ դառնալով 32-րդ եւ 42-րդ րոպեներին։




Լրահոս