Ինչո՞վ է հայտնի ՔՊ-ական նախկին թաղապետ, ձերբակալված Արման Բարխուդարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Նրանք նախնական տվյալներով մեղադրվում են խոշոր չափերի յուրացման մեջ:

Արման Բարխուդարյանը տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը՝ նա ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։

Բարխուդարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ է, որը հայտնի է ընտրակեղծարարությունների դիմելու իր հակումով:

Դեռևս հուլիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մալաթիայում ՔՊ-ն թևերի է բաժանված եղել. մի թևն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թևը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի և անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, և այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է․ պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար էր ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել էին կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել էր կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչև տարածքային կառույցի խորհրդի նախագահի և անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում:

ՔՊ-ական նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը հայտնի է սկանդալային վարքագծով:

Մեր տեղեկություններով՝ նա գրեթե մշտապես կոնֆլիկտներ է ունեցել իր աշխատակիցների, ինչպես նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս