«Անհասանելի» Բարխուդարյանը․ 3 մեքենա, 10 մլն դրամ և 3 հազար դոլար ունեցող Մալաթիայի նախկին թաղապետն ընդհատակ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի սկզբին իրավապահների եւ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը: Բարխուդարյանն ու թաղապետարանի մի քանի աշխատակիցներ մեղադրվում էին գնումները ոչ պատշաճ իրականացնելու մեջ:

Նրան բերման էին ենթարկել, ապա՝ ազատ էին արձակել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:

Դեպքից հետո եթե Արման Բարխուդարյանի թիմակիցները կապի մեջ էին, անընդհատ պայքարում էին լրատվականներում իրենց մասին ինֆորմացիայի ամեն տառի, բառի ճշտության ու իրենց մեկնաբանության առկայության համար, ապա «պարագլուխն» անցավ ընդհատակ:

Նախկինում գործող որեւէ հեռախոսահամար եւ կոնտակտային այլ միջոցներ միանգամից դարձան անհասանելի եւ շարունակում են այդպես մնալ մինչ օրս:
Հարկ ենք համարում նշել, որ Բարխուդարյանն ազատ արձակվելուց հաշված ժամեր անց մասնակից էր դարձել ՔՊ-ականների քեֆ ուրախությանը՝ «Շատո» ռեստորանում:

Արման Բարխուդարյանը տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը՝ նա ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։

ՔՊ-ական նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը հայտնի է սկանդալային վարքագծով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա գրեթե մշտապես կոնֆլիկտներ է ունեցել իր աշխատակիցների, ինչպես նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:

Խոսակցություններ կան, որ նա՝ իր թաղապետ եղած ժամանակ նույնիսկ պարգեւավճարներ է բաժանել, ապա պարտադրել՝ այդ պարգեւավճարները վերադարձնեն:
Իսկ ինչ է հայտարարագրել այս ամենի ֆոնին «սկանդալային» Բարխուդարյանը, ով այժմ զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Բարխուդարյանի երեխաների քավոր Ռուբեն Ռուբինյանի խորհրդականի պաշտոնը:

Նա հայտարարագրել է 2 հողամաս միանձնյա սեփականությամբ, որը գնվել է 2020 թվականին Երևանում։ Բարխուդարյանի հետ համատեղ բնակվում է 5 անձ․ կինը՝ Ինեսա Խոսրովյանը, անչափահաս զավակները ՝ Կարեն և Ռուբեն Բարխուդարյանները և համատեղ բնակվող Հասմիկ Նորազյանը և Գագիկ Բարխուդարյանը։

Նախկին թաղապետը չի հայտարարագրել բնակարան, սակայն տարեսկզբին հայտարարագրել է 3 մեքենա՝ Daewoo, Nissan, Citroen մակնիշների մեքենաներ, որոնք ձեռք է բերվել 2020-2021 թվականներին։ Տարվա ընթացքում Բարխուդարյանը ձեռք է բերել MINI մակնիշի մեքենա, որը արտադրված է 2005 թվականին։ Խորհրդականն այս մեքենան ձեռք է բերել Հարկադիր կատարումն ապահովվող ծառայությունից 890 հազար դրամով։ Daewoo և Nissan մակնիշի մեքենաները տարվա ընթացքում օտարվել են համապատասխանաբար 800 և 750 հազար դրամով։ Արդյունքում տարեվերջին նա ունեցել է 2 մեքենա Citroen և MINI մակնիշի մեքենաներ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 158 հազար դրամ, որից 6 մլն 871 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 286 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ Բարխուդարյանը բնակարան չունի, սակայն հայրը՝ Գագիկ Բարխուդարյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն, որը 2011 թվականին ժառանգություն են ստացել։ Բարխուդարյանի կինը՝ Ինեսա Խոսրովյանը, հայտարարագրել է հողամաս Արարատի Նոր Խարբերդ համայնքում։ Նա 2019 թվականին ձեռք է բերել BMW մակնիշի մեքենա 2002 թվականին արտադրված։ Կինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Մարիամ Ղազարյան, Էմմա Միքայելյան




Լրահոս