ԳՆԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ.-ի վերջին ամիսներին Հայաստանում գնաճը կազմում է 3,37%:

Վերջին շաբաթների ընթացքում Երեւան քաղաքի որոշ սուպերմարկետներում գնային տատանումներ են տեղի ունենում։ Ալյուրի մի քանի տեսակ թանկացել է հիսուն դրամով։

Աշխատողները պարզաբանում են, որ որոշ ապրանքների գնաճը պայմանավորված է հումքի բարելավմամբ։

«Ալյուրը թանկացել է հիսուն դրամով, որովհետեւ այն արդեն վաճառվում է նոր ու ավելի հարմար փաթեթավորմամբ»,- նշեց նրանցից մեկը՝ հավելելով, որ հացի գինը չի փոխվել։

Խոշոր թանկացումներն ազդել են նաեւ բանջարեղենի մի շարք տեսակների վրա։ Մեկ ամիս առաջ կարտոֆիլը արժեր 170-180 դրամ, իսկ հիմա այն կազմում է 230 դրամ։

Գազարը, 150 դրամի փոխարեն, վաճառվում է 280-ով։

Հավելենք, սակայն, նույն սուպերմարկետում ձեթը 3050 դրամից դարձել է 2030 դրամ։ «Ալաշկերտ» տեսակի պանիրը որոշ խանութներում էժանացել է 200-300 դրամով։

Հարցված չորս խանութների աշխատակիցներից ու մենեջերներից գրեթե բոլորը վստահեցնում են, որ խանութում գնի բարձրացում տեղի չի ունենում. ներմուծողը սահմանում է նոր գին եւ ապրանքը փոխանցում է իրենց:

Հավելենք, որ Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ», – նշեց նա։

Ավելի վաղ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի գնաճը մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը 4 տոկոսն է:




Լրահոս