Սա հերթական սուտն է․ Արման Աբովյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի կառավարության հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ:

-Պարո՛ն Աբովյան, ի վերջո, ի՞նչ է «Խաղաղության խաչմերուկ»-ը, ի՞նչ է այն մեզ տալու:

-Նախ՝ դա խոնավ հեքիաթների շարքին է դասվում: Մի քանի տարի առաջ մերօրյա իշխանությունները «Հայկական խաչմերուկ»-ի անուն էին տալիս, հիմա փոխել են «Խաղաղության խաչմերուկ», որով, իբրեւ թե, Հայաստանը պետք է դառնա, կամ իրենք են շատ ուզում, որ դառնա առեւտրային խաչմերուկ: Իհարկե, ես էլ եմ դա ուզում, սակայն սա հերթական սուտն է: Ընդ որում՝ ես հասկանում եմ, թե իրենք շատ լավ էլ հասկանում են, որ սա դժվար իրականանալի կամ անիրականանալի գործընթաց է բազմաթիվ պատճառներով: Նվազագույնը գոնե այն պատճառով, որ այն, ինչը իրենք ներկայացրել են, ամենաքիչը մեր բոլոր հարեւանների եւ թշնամիների շահերից չի բխում: Սկսենք սրանից:

-Այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից չի՞ բխում սա, իրենք եւս հայտարարում են, որ ցանկանում են ճանապարհների ապաշրջափակում։

-Ոչ, իրենք երբեք նպատակ չեն ունեցել ճանապարհ բացելու, իրենք նպատակ են ունեցել միավորվել: Մնացածը լոկ դիվանագիտական ելեւէջներով համեմված ինչ-որ արտահայտություններն են:

Սա՝ մեկ: Երկրորդ՝ եթե իշխանությունները տեղյակ չեն, հարկ եմ համարում տեղյակ պահել, որ նույն տրամաբանության ներքո Ադրբեջանը Նախիջեւանի շրջանում լուրջ շինարարական աշխատանքներ է իրականացրել, այսինքն՝ Նախիջեւանն են ուզում դարձնել տարածաշրջանային առեւտրաշրջանային գոտի, իսկ հայկական տարածքները դիտարկվում են միայն որպես տարանցիկ տնտեսական ուղիներ: Դա անհեթեթություն է:

-Պարո՛ն Աբովյան, ընդամենը օրեր առաջ սահմանին նոր զոհ ունեցանք ցավոք, եւ մենք տեսնում ենք որ իշխանությունները շարունակում են իրենց թեզը առաջ տանել խաղաղության, երեկ էլ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել այդ թեմայով: Թշնամին կրակում է, սահմանին զոհեր ունենք, եւ զուգահեռ իրականության մեջ իրենք ինչ-որ խաղաղության ծրագրեր են մշակում: Ինչպե՞ս հասկանանք այս հակասությունը:

-Դա, կարծում եմ, ծայրահեղ քաղաքական տգիտության նշան է կամ միտումնավոր ինչ-որ գործընթաց: Ասեմ ավելին՝ նույն հաջողությամբ երեկվա դեսպանների հետ քննարկմանը կարող էին քննարկել Մարս մոլորակի հայաբնակեցման թեման, որը ավելի իրատեսական է այս պարագայում:

Ինչ վերաբերում է նպատակին. իրենք, իբրեւ թե, ուզում են կառուցողական երեւան այս պարագայում խաղաղության իրենց հռչակած դարաշրջանում: Իրենց հռչակած խաղաղության հետեւանքն այն է, որ մենք մշտապես ունենում են զոհեր, մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության տարածքից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս