Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ գործընթաց է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։

Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Դատական համակարգում իրարանցում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում:

Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին»:

Քնար Մանուկյան




Լրահոս