ԱՐՑԱԽԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կառավարության Հումանիտար կենտրոնում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:

 

Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է հարթակ, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը:

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ընտրել իրենց բնակության վայրում հարմար դպրոց, արտամրցութային կարգով անցնել աշխատանքի եւ ունենալ 30 տոկոս հավելավճար: Իսկ որոշ մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի եւ Վայոց ձորի բոլոր դպրոցներում, իսկ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքների ուսհաստատություններում ունենալ եւս 50 հազար դրամ հավելավճար: Այս պահի դրությամբ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», – տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ արդեն կազմվել են խմբերը եւ ժամանակացույցը, եւ մինչեւ դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը:

Ինչ վերաբերում է Երեւանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի:

Անդրադառնալով քոլեջներում, ուսումնարաններում եւ բուհերում կրթությունը շարունակող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ, այս պահի տվյալներով, նախնական եւ միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է 1231, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: «Այս ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա օրերին կառավարության կողմից կհաստատվի որոշում, որը թույլ կտա մինչեւ սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ եւս ներդնել: Այդ ուսանողները երկու հիմնական խմբի են բաժանվում. մի խումբն այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցում էր ԼՂ կառավարությունը, իսկ երկրորդ խմբի ուսանողների ուսման վարձը վճարել են նրանց ընտանիքները, որոնք հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Նոր որոշման ընդունման պարագայում կկարողանանք փոխհատուցել նաեւ նրանց ուսման վարձը»,- ամփոփել է Արաքսիա Սվաջյանը:

 

 

 

ՎԱՏԻԿԱՆՆ ՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Իրանը կարծում է, որ Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում։ «Ժողովուրդ» օրաթերթի  փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Ժնեւում ընթացող Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։

 

Ողջունելով Սուրբ Աթոռի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Պաղեստինի՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Գազայում կատարվողը «ցեղասպանություն է, որն աշխարհն այլեւս չի կարող հանդուրժել»։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը համարում է ազատության ձգտող շարժում, որը «պայքարում է իսրայելական օկուպացիայի դեմ», սակայն նա միեւնույն ժամանակ հավելել է, որ Թեհրանը կողմնակից չէ տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը։

Իր հերթին Պարոլինը մտահոգություն է հայտնել Պաղեստինի ստատուս-քվոյի առնչությամբ՝ ասելով, որ Սուրբ Աթոռն աջակցում է Գազայում հրադադար ապահովելու ջանքերին: Պարոլինի խոսքով՝ Վատիկանը պնդում է, որ պաղեստինցիներին հումանիտար օգնություն մատակարարվի, իսկ ճգնաժամը լուծվի քաղաքական ճանապարհով։

Իսրայելը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպությանը պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետեւանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։

 

 

 

ԴԱՏԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

2019թ. հուլիսին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2019 թ. հուլիսի 17-ին մի խումբ անձինք  ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Իջեւանի բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն: Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը  քարերի եւ մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության մի շարք աշխատակիցների եւ չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին՝  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ վտանգավոր բռնություն: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 13 անձ, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր  ընտրվել  ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 2020թ. հոկտեմբերի 28-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է թվով 20 անձանց դատավարությունը, որոնք այժմ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եվ գրավը։  Եթե վերոհիշյալ անձանց կողմից խուլիգանություն չի  եղել, ինչու՞ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այդ մասին, իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հետո ո՞նց դարձավ ոչ վտանգավոր բռնություն։ Այս գործով դատն ավելի քան 3 տարի ձգձգում են, դատական վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 6-ին, հաջորդ նիստը նշանակված է 2024թ. հունվարի 24-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս