Armenian text to speach

2 անպատասխան գոլ, 1 կարմիր քարտ. ինչպես Հայաստանը պարտվեց Կիպրոսին, ինչ վիճակ է C2 խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն և պարտվեց 0-2 հաշվով։

 

Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը կորուստ ունեցավ․ նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ Արթուր Ղարիբյանը, որին մեկնարկային կազմում փոխարինեց Արթուր Միրանյանը։

 

Կիպրոսի հավաքականը հաշիվը բացեց հանդիպման 19-րդ րոպեին․ աչքի ընկավ Լեոնիդաս Կոնոմիսը։ Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

 

Առաջին կեսի ավարտին Հայաստանի հավաքականը կարողացավ ակտիվանալ և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն մեր թիմին չհաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։

 

Հանդիպման 52-րդ րոպեին Կիպրոսի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտից հեռացվեց Պիլեասը։ Չնայած թվային առավելությանը՝ Հայաստանի հավաքականին չհաջողվեց փոխել խաղի ընթացքը, և հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։

 

Նշենք, որ առաջին խաղակեսում դեղին քարտ էր ստացել Էդգար Սևիկյանը, ինչի պատճառով նա բաց կթողնի Չեռնոգորիայի դեմ առաջիկա հանդիպումը։

 

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի այս խաղարկությունում մինչ այս երեք հանդիպում էր անցկացրել։ Տանը կայացած առաջին խաղում մեր ընտրանին 2-0 հաշվով հաղթել էր Լատվիային, իսկ երկրորդ տնային հանդիպման ժամանակ 2-3 հաշվով զիջել էր Չեռնոգորիային։

 

Զուգահեռաբար կայացած Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումն ավարտվել է Չեռնոգորիայի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

 

Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է C լիգայի 2-րդ խմբի երրորդ հորիզոնականը։ Կիպրոսն ունի 4 միավոր և երկրորդն է, իսկ խմբի առաջատարը Չեռնոգորիան է՝ 9 միավորով։

 

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ արտագնա խաղում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ։

Նանիկ Աղասյան




Լրահոս