3։1 հաշվից մինչև 4։3․ մադրիդյան թիմը ցուցադրեց բնավորություն, կամք և մինչև վերջին վայրկյանը պայքարելու պատրաստակամություն։
Ֆուտբոլը գեղեցիկ է հենց այն պատճառով, որ մինչև եզրափակիչ սուլիչը ոչինչ որոշված չէ։ «Ռեալ Մադրիդի» և «Ռոմայի» միջև երեկվա դրամատիկ հանդիպումը դրա վառ օրինակն էր․ մադրիդցիները, պարտվելով 1։3 հաշվով, կարողացան վերջին րոպեներին երեք գոլ խփել և հաղթանակ կորզել՝ 4։3 հաշվով։ Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Հռոմի “Օլիմպիկո” մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի Ռեալը հյուընկալվել էր Ռոմային։
Հանդիպումը մեկնարկեց բարձր տեմպով։ «Ռոման» ակտիվ էր, վստահորեն կազմակերպում էր գրոհները և փորձում էր ճնշում գործադրել մրցակցի պաշտպանության վրա։ 20-րդ րոպեին Մարտեն դե Ռոնը բացեց հաշիվը՝ առաջ մղելով հռոմեական թիմին։
25-րդ րոպեին Կիլիան Մբապեն հավասարեցրեց հաշիվը՝ վերադարձնելով մադրիդցիներին խաղի մեջ։ Այդուհանդերձ, հավասար հաշիվը չխանգարեց «Ռոմային» շարունակել իր ակտիվ խաղը։
Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռոման» ավելի մեծ առավելություն ստացավ։ Դոնիել Մալենը 51-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ 57-րդ րոպեին կրկին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։1։
Իրավիճակը չափազանց բարդ էր «Ռեալի» համար։ Թիմը դժվարանում էր վերահսկել մրցակցի արագ գրոհները, իսկ պաշտպանությունում թույլ տված սխալները ծանր էին նրանց համար։ «Ռոման» կարծես մոտ էր հաղթանակին, բայց թերևս վաղ էր հավատացել, որ հանդիպումն արդեն ավարտված է։
Խաղի վճռորոշ շրջադարձը տեղի ունեցավ հանդիպման վերջնամասում։
83-րդ րոպեին Կառլոս Էսպին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3։2։ Այս գոլը նոր շունչ հաղորդեց «Ռեալին» և փոխեց խաղի հոգեբանական մթնոլորտը։
2 րոպե անց՝ 85-րդ րոպեին, Էնդրիկը հավասարեցրեց հաշիվը՝ 3։3։ Խաղի հիմնական ավարտին՝ 90-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը խփեց հաղթական գոլը՝ հաշիվը դարձնելով 4։3։ «Ռեալը» ոչ միայն փրկեց հանդիպումը, այլև վերջին ակնթարթներին ամբողջությամբ շրջեց դրա ընթացքը։
Փորձագետների գնահատմամբ՝ «Ռոմայի» գլխավոր խնդիրը խաղի վերջնամասում պաշտպանական կազմակերպվածության կորուստն էր։ 3։1 հաշվի պայմաններում թիմը չկարողացավ պահպանել կենտրոնացվածությունը։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միայն լավ խաղալը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև ճիշտ կառավարել առավելությունը, պահպանել կարգապահությունը և դիմանալ մրցակցի ճնշմանը։
Նանիկ Աղասյան




























