Ինչպե՞ս սնվել տոնական օրերին մարսողական համակարգի խնդիրներ չունենալու համար, ո՞ր գանգատների դեպքում դիմել բժշկի․ հարցազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական օրերին սննդի չարաշահումը կարող է մարսողական համակարգի բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Ամանորին առողջ սնվելու անհրաժեշտության, անվտանգ սնվելու կանոնների խախտման հետեւանքների մասին Armlur.am-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու աղեստամոքսաբանության գծով, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանի հետ։

-Ինչպես սնվել տոնական օրերին, որպեսզի աղեստամոքսային համակարգի խնդիրներ չունենալ։

-Տոնական օրերին պետք է սնվել նույն կերպ, ինչպես օրացույցի մյուս օրերին։ Մասնավորապես, ոսկե կանոնները, որոնք կիրառելի են ցանկացածի համար, գործում են նաեւ տոնական օրերին։ Դրանք են՝ սնվել փոքր չափաբաժիններով եւ հաճախ, հեղուկի ընդունումը տարանջատել սննդի ընդունումից առնվազն կես ժամից մեկ ժամով, եւ երեկոյան քնելուց մոտ 3 ժամ առաջ դադարեցնել սննդի ընդունումը։ Սրանք այն ունիվերսալ կանոններն են, որոնք կիրառելի են բոլոր օրերին, այդ թվում՝ տոնական։

-Հատկապես ո՞ր սննդամթերքի չարաշահումն է հաճախ մարսողական գանգատների պատճառ հանդիսանում:

-Դա կախված է անհատական գործոններից, կան մարդիկ, ովքեր հատկապես դժվար են մարսում այս կամ այն սննդամթերքը։ Կարելի է ասել, որ առավել հաճախ մեր ազգաբնակչության շրջանում հանդիպում է կաթը մարսելու դժվարությունը, որն ի հայտ է գալիս չափահաս տարիքում։ Կարող են լինել տարբեր սննդամթերքներից անտանելիություն, ամեն մարդ ունենա իր համար անտանելի սննդամթերքը։ Ընդհանուր առմամբ՝ պետք է շեշտեմ, որ սննդամթերքի չարաշահումը առաջացնում է մարսողական գանգատներ ցանկացած մարդու դեպքում։ Այսպես ասած՝ գաղտնիքը քանակի մեջ է, ցանկացած սննդի մեծ քանակից կարող է առաջանալ մարսողական համակարգի գերծանրաբեռնում եւ ֆունկցիայի խանգարում։ Կան միֆեր, որ որոշ սննդամթերքներ չի կարելի իրար հետ համատեղել, սակայն կարեւորը ոչ թե տարբեր սննդամթերքներ իրար հետ ուտել-չուտելն է, այլ այն, որ ընդունած սննդամթերքի քանակը չպետք է գերազանցի 200 գրամը, երբ քանակը շատանում է, դա կարող է առաջացնել խնդիր, հատկապես երբ դրան ավելանում է մեծ քանակով հեղուկների, մասնավորապես՝ ալկոհոլի օգտագործումը։ Եւ իհարկե, ժամկետն անց, սառնարանից դուրս պահված սնունդը կարող է առաջացանել խնդիրներ, որոնք արդեն կրում են վարակային և տոքսիկ բնույթ։

-Առհասարակ հնարավո՞ր է Ամանորին առողջ սնվել։

-Իհարկե, ամեն ինչ կախված է ձեր տրամադրվածությունից, եթե մարդը Ամանորին վերաբերում է որպես հատուկ օր, երբ սեղանին դրվում է ամեն ինչ, ամենալավը եւ շատ, չարաշահելու գայթակղությանը դժվար է դիմակայել։ Սակայն նախապես սահմանելով այն սննդի քանակը, որը դուք մեկ անգամվա ընթացքում պատրաստվում եք ընդունել՝ ափսեում այն տեղադրելով, դրանով կարող եք օգնել առողջ սնվելուն։ Եւ հիշեք, որ, օրինակ, չարազը երբեմն անմիտ կերպով, առանց գիտակցելու մարդիկ ձգտում են ձեռքը մեկնել, ուտել հիմնական սննդի արանքներում, պետք է խուսափել դրանից, դա նույնպես սնունդ է, այն էլ բարձր յուղայնությամբ, որով ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը եւ վնասում մարսողական համակարգը։ Տոներին պետք է սնվել այնպես, ինչպես ցանկացած այլ օրերի։

-Ալկոհոլի չարաշահումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։

-Առաջին հերթին ալկոհոլի մեծ քանակի ընդունումը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով հարբածության տարբեր աստիճաններ՝ կախված քանակից։ Հաջորդ օրգանը, ինչի վրա ազդում է ալկոհոլը, մարսողական համակարգն է, հատկապես՝ լյարդը։ Ինչպես կարճ ժամանակում մեծ քանակով ալկոհոլի ընդունումը, այնպես էլ պարբերաբար դրա ընդունումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ լյարդի առողջության վրա՝ հանգեցնելով ընդհուպ լյարդի ցիռոզ, որը շատ դժվար է բուժել։ Մյուս կարեւորագույն օրգանը, որի վրա կարող է անդառնալի ազդել ալկոհոլը, ենթաստամոքսային գեղձն է, հաճախ մենք լյարդի մասին խոսում ենք, մոռանում ենք ենթաստամոքսային գեղձի մասին, իսկ պանկրեատիտը՝ ենթաստամոքսաին գեղձի սուր բորբոքումը, կարող է լինել ծայրահեղ ծանր վիճակ, որի պատճառներից է ալկոհոլի չարաշահումը։ Պանկրեատիտի դեպքում ոչ միայն գեղձը, այլեւ այլ կարեւոր օրգան-համակարգերը կարող են շարքից դուրս գալ, ոչ մեկ չի ցանկանում, որ տոնական օրերը առաջացնեն պանկրեատիտի նոպա, որի դեպքում հոսպիտալացումը անխուսափելի է լինելու։

-Մարսողական համակարգի խանգարումների, ախտանշանների դեպքում ի՞նչ անել, օրինակ՝ փորկապություն, փորլուծություն, սրտխառնոց և այլն։

-Մարսողական տարբեր խանգարումներ կամ ախտանիշներ կարող են պարբերաբար ուղեկցել ցանկացած մարդու, ամեն անգամ չէ, որ պետք է դիմել բժշկի։ Օրինակ՝ երկարատեւ քրոնիկ փորկապության ժամանակ հաճախ օգնում են հենց սննդակարգի եւ կենսակերպի փոփոխությունները, մասնավորապես՝ հեղուկների՝ ջրի օգտագործման ավելացումը, բանջարեղենի օգտագործումը, օրինակ՝ բազուկը, ֆիզիկական ակտիվության բարձրացումը, այս բոլոր համալիր միջոցները կարող են բարելավել փորկապությունը, եթե այն կապված չէ որեւէ լուրջ հիվանդության հետ, իսկ այսպիսի դեպքերը հաճախակի են հանդիպում։ Տարբեր լուծողականների չարաշահումը, մասնավորապես՝ բուսական ծագման գրգռող լուծողականների երկարատեւ կիրառումը թեեւ ժամանակավոր օգնում է, բայց դրանք դժվարացնում են հետագա էֆեկտիվ բուժումը, խորացնում են ի սկզբանե առկա փորկապությունը եւ դժվար է լինում առանց այդ դեղերի ապրել ու ունենալ աղիքների նորմալ աշխատանք։ Այդ պատճառով դեղորայքային բուժում կատարելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Լուծի դեպքում, եթե այն սուր է, օրերի տեւողություն ունի, ուղեկցվում է ջերմությամբ, ջրազրկման նշաններով՝ բերանի, մաշկի չորություն, ճնշման անկում, ընդհանուր թուլություն, կամ եթե կղանքում նկատում եք արյուն, սրանք այն նշաններն են, որոնք ստիպում են անպայման դիմել բժշկի։

Սննդային խորհուրդներից լուծի դեպքում նույնպես ջրի մեծ քանակի օգտագործումն է այս անգամ ջրազրկումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ սննդում ավելի չոր կերակուրների օգտագործումը՝ թխվածքաբլիթներ, կրեկերներ, առանց յուղոտ սննդի։ Սրտխառնոցի դեպքում դժվար է մեկ խորհուրդ տալ, քանի որ այն կարող է առաջանալ տարբեր դեպքերում, օրինակ՝ հորմոնալ խանգարումներ, վարակներ, դեղորայքի օգտագործման հետեւանք լինել, որոնք կապված չեն մարսողական համակարգի հետ։ Պետք է փորձել գտնել պատճառը, սրտխառնոցի ժամանակ պետք է դիմել բժշկի, երբ փսխումը շատ է, ոչ 1-2 անգամ, անզուսպ է, կան ջրազրկման նշաններ, փսխման զանգվածում նկատում եք արյուն, որը նմանվում է սուրճի նստվածքի։ Սննդային մեղմող գործոններից քիչ թե շատ նկարագրված է կոճապղպեղի ազդեցությունը, որը երբեմն կարող է որոշակի թեթեւություն բերել։




Լրահոս