ԿԱ ՀԱՄԱՏԵՂ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ը ՀՀ-ում նշվում է որպես Էներգետիկի օր, որի  առթիվ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, աշխատակիցներ։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով եւ շնորհավորելով էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել ոլորտի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական  կառուցվածքում։

«Ոլորտում բավականին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում, որոնց ուղղությամբ մենք, իհարկե, ե՛ւ հաջողություններ ունենք, ե՛ւ ունենք ծրագրեր, որոնք կա՛մ դանդաղ են ընթանում, կա՛մ իրականացման տեմպը բավարար չէ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մասնագիտական տոնը նաեւ առիթ է՝ տեսնելու եւ հիշելու այն ծրագրերը, որոնք իրականացման ընթացքում չեն, ինչու կան նման խնդիրներ եւ ինչ պետք է արվի համատեղ ուժերով դրանց  ընթացքն ապահովելու կամ արագացնելու համար։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ այնուամենայնիվ, մի շարք ուղղություններով բավականին մեծածավալ աշխատանքներ կան։

«Ոլորտը մեծ փոփոխություններ է նաեւ ապրում էներգետիկ շուկայի հետ կապված, ինչպես նաեւ ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման եւ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների առումով, որը մեծ հաշվով միայն ատոմակայանին չի առնչվելու»,-մանրամասնեց Սանոսյանը։

Նա գոհացուցիչ  համարեց վերականգնվող, մասնավորապես՝ արեւային էներգիայի ուղղությամբ աշխատանքների արդյունքը։

«Այստեղ, մի կողմից, կառավարության կողմից վարվող խրախուսող քաղաքականությունը տալիս է իր արդյունքը, բայց, մյուս կողմից, մենք նորմատիվային, տեխնիկական եւ այլ առումներով որոշակի խնդիրների ենք բախվում, եւ ինչքան էներգետիկ հաշվեկշռում արեւային էներգիայի ծավալը մեծանում է, այնքան, կարծես, այդ խնդիրները տեսանելի են դառնում, ինչը ենթադրում է, որ մենք եւ գործընկերները միասին պետք է փորձենք այդ նորմատիվ դաշտը համահունչ փոխել կամ այլ կերպ ձեւակերպել, նոր մտքեր կամ գաղափարներ, օրենսդրական լուծումներ գտնել, որոնք կբերեն այդ համահունչ զարգացմանը»,-ավելացրել է նախարարը՝ կարեւորելով համատեղ աշխատանքը ոլորտում արձանագրված  բավականին մեծ զարգացման մեջ։

«Կա համատեղ, միասնական, մեծ թիմային աշխատանք, եւ նաեւ շատ խնդիրներ լուծվում են դրա արդյունքում»,- ընդգծեց Սանոսյանը՝ շեշտելով, որ բավականին մեծ ընդգրկմամբ համակարգի աշխատակիցներն իրենց մասնագիտական դերակատարումն ու գիտելիքներն են ներդնում ոլորտի զարգացման գործում։

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով՝ ոլորտում տարվա գլխավոր ձեռքբերումը համարեց ազատ շուկայի կայացումը։

«Մենք արդեն փաստել ենք, որ ազատ եւ արդար գնագոյացումն այլեւս կայացած է Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա։

Էներգետիկի օրվա առթիվ ՏԿԵ նախարարը շնորհակալագրերով է պարգեւատրել ոլորտի մի խումբ աշխատակիցների։

 

 

«ԵՐԵՎԱՆԸ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ» 

Դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց Երեւանի քաղաքապետարանի հայտարարած «Երեւանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եւ համերգը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ:

 

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտարարել էր «Երեւանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի եւ գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից ստեղծված գեղարվեստական/մշակութային արժեքների տարածմանը, արժեւորմանը, հանրահռչակմանը, արվեստի եւ մշակութային կյանքի տարբեր բնագավառներում կանանց ներգրավվածության, ներկայացվածության ու հանրային ճանաչման մեծացմանը:

Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում էր հետեւյալ ուղղություններով՝ արվեստի կրթություն, գրականություն, գեղարվեստ, քանդակագործություն, թատերարվեստ, երաժշտարվեստ։ Դրամաշնորհային ծրագրի տարբեր ուղղություններով Երեւանի քաղաքապետարանը ստացել էր շուրջ 80 հայտ։

«Արվեստի կրթություն» անվանակարգում (500000-ական դրամ՝ արվեստի եւ մշակույթի բնագավառում մագիստրոսական ծրագրով ուսուցման համար) հաղթող ճանաչվեցին չորս ուսանողներ՝ Արմենուհի Մարուքյանը, Գոհար Գաբիկյանը, Էլեն Նահապետյանը, Կատրին Ումբրեյանը։

«Գրականություն» անվանակարգում (2500000 դրամ՝ հայ անվանի կնոջ կամ կանանց մասին վեպ հեղինակելու համար) մրցանակի արժանացավ Արփի Ոսկանյանը։

«Գեղարվեստ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել։

«Քանդակագործություն» անվանակարգում (750000-ական դրամ՝  քաղաքային քանդակ հեղինակելու համար) խրախուսական մրցանակի արժանացան Արմենուհի Հովսեփյանը եւ Նունե Թումանյանը։

«Թատերարվեստ» անվանակարգում (պիես եւ բեմադրություն) մրցանակի արժանացան Անուշ Ասլիբեկյանը եւ Լուսինե Երնջակյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 4000000 ՀՀ դրամ), ինչպես նաեւ Կարինե Խոդիկյանը եւ Անի Վարդանյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 5100000 ՀՀ դրամ):

«Երաժշտարվեստ» անվանակարգում (կոմպոզիցիա՝ 4000000 ՀՀ դրամ) մրցանակ ստացավ Արմենուհի Կարապետյանը։ «Երգի կատարում» (երգի կատարում կամ ձայնագրություն՝ 2500000 ՀՀ դրամ) անվանակարգում հաղթեց «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Մարիա Գալստյան։

 

 

4 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻՑ 2-Ն Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

Տավուշի մարզը միշտ հայտնի է եղել իր մշակույթով՝ բանաստեղծներով, գրողներով, նկարիչներով, քանդակագործներով, երգիչներով, երաժիշտներով, սակայն պետական մակարդակով Տավուշում մշակույթի զարգացմանը քիչ աջակցություն է հատկացվում։ Տավուշի մարզպետարանի ավելի քան յոթ տասնյակ աշխատողների մեջ ի պաշտոնե մշակույթով զբաղվում է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մեկ աշխատող, որը մշակութային կրթություն չունի, մշակույթի որեւէ ոլորտում ստեղծագործող չէ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե Տավուշի մարզում 2023 թվականին պետական ֆինանսավորմամբ մշակութային ինչ միջոցառումներ են նախատեսված, ինչքան ֆինանսավորմամբ, դրանցից քանիսն են կայացել։  Մարզպետարանից պատասխանել են. «2023թ. Տավուշի մարզում նախատեսված 4 մշակութային միջոցառումներից իրականացվել են 2-ը՝ 1) «Թատրոնի օր» միջոցառումը, որն իրականացվել է «Կողբի գեղարվեստի դպրոց» ՀԿ-ի կողմից (504,0 հազար դրամ, որից ԱԱՀ՝ 84,0 հազար  դրամ)։ 2) «Վարդավառ» միջոցառումը, որն իրականացվել «Ավանդույթ թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից (840,0 հազ. դրամ, որից ԱԱՀ՝ 140,0 հազ. դրամ): 3) «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես- փառատոն» միջոցառումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից (576.0 հազար դրամ , որից ԱԱՀ՝ 96,0 հազար դրամ): 4) «Ազգային նվագարանների փառատոն» միջոցառումը չի իրականացվելու, քանի որ այն պետք է իրականացներ «Բերդի մշակութային տուն» ՀՈԱԿ-ը, սակայն վերջինս վերակազմավորվել է բյուջետային հիմնարկի, որի պատճառով հնարավոր չէ միջոցառումն իրականացնել (նախատեսված է եղել 652,0 հազար  դրամ, որից ԱԱՀ՝ 108,0 հազար դրամ)»:

 

 

 

ԵՐԿԿՈՄՊԼԵԿՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Կատարված արտաքին եւ ներքին արտագաղթի եւ բնակչության բնական աճի բացակայության հետեւանքով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է։ Այդ պատճառով Տավուշի մարզի  բազմաթիվ դպրոցներում գործում են երկկոմպլեկտ դասարաններ, երբ տարբեր դասարանների, օրինակ՝ 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտները  նույն առարկայի դասը միասին են անում։ Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկություններով՝ մարզի հանրակրթական 76 դպրոցներից 18-ում (Խաչարձան, Աղավնավանք, Ենոքավան, Հովք, Բերքաբեր, Ներքին  Ծաղկավան, Աճարկուտ, Դիտավան, Կիրանց, Ակնաղբյուր, Գոշի հիմնական, Իծաքար, Այգեպար, Մոսեսգեղ, Չինարի, Դեղձավան, Բարեկամավան, Ջուջեւան) գործում են երկկոմպլեկտ դասարաններ:

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս