Հայաստանում գործում է ջունգլիների օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված` Հայաստանի դիրքորոշումը, որ օրեր առաջ հնչել էր դեռ լղոզված և ոչինչ չասող հայտարարության տեսքով, այսօր արդեն հստակեցվեց` իհարկե, ոչ ուղղակի կերպով, բայց առավել քան հասկանալի. Ռուսաստանի հայերի միությունն Արա Աբրահամյանի գլխավորությամբ ակտիվ մասնակցություն է ունեցել Ղրիմին սատարելուն նվիրված` համառուսաստանյան քաղաքացիական ակցիային:

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանի հայերի միությունն ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկել չէր կարող, քանի որ այդ կառույցը տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը ստեղծված է բացառապես ՀՀ և ՌԴ իշխանություններին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար, այլ ոչ թե Ռուսաստանում ապրող հայերի և Հայաստանի քաղաքացիների հիմնախնդիրները լուծելու: Ռուսաստանում ապրած ցանկացած հայ, ով երբևէ որևէ հարցով կամ խնդրանքով դիմել է ՌՀՄ-ին, գիտի, թե որքան անիմաստ և անհեռանկար նախաձեռնություն է դա: Ուստի՝ Արա Աբրահամյանի նախաձեռնած այս քայլը, որը չէր կարող համաձայնեցված չլիներ ՀՀ իշխանությունների հետ, առավել քան պարզ արտահայտեց Հայաստանի դիրքորոշումը: Կարևոր չէ, թե որքանով է այն ճիշտ կամ սխալ, մեզ համար շահեկան կամ հակառակը, կարևորն այն է, որ գոնե ինչ-որ հստակություն է մտցվում, քանի որ մեր իշխանությունների` գրեթե բոլոր հարցերում ցուցաբերած «և՛, և՛»-ի մոտեցումը որևէ լավ ապագա չի կանխագուշակում մեզ համար: Դա արդեն փորձն է ցույց տալիս:

Այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք` Հայաստանը բացահայտ ռուսական կողմնորոշում է ցույց տալիս, իշխանությունների` Եվրոպայի հետ հետագա համագործակցության հեռանկարների մասին բոցաշունչ ճառերը ուղեղալվացման ժանրից են, ընդդիմությունն էլ ոչ միայն հաշտվելով, այլ գրեթե բացահայտ հավանություն տալով ռուսահպատակությանը` փորձում է իր համար շահեկան ելք փնտրել այս իրավիճակից և որոշակի դիրք զբաղեցնել: Իսկ թե ինչ գաղափարախոսություններ են դավանել տարբեր քաղաքական ուժերը դեռ ոչ հեռավոր անցյալում, արդեն կարևոր չի, կարևորն իրենց մեջ ամենաուժեղի (որը, ի դեպ, նաև ամենառուսամետն է) շուրջ համախմբվելն է և այդ միջոցով արևի տակ տեղ ունենալը, գոյության պայքարում դիմանալն ու գոյատևելը: Այլ կերպ ասած` գործում է ջունգլիների օրենքը:

Այս ամենին, իհարկե, այլ բացատրություն կտար ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լինելով ռուսական КГБ-ի «43-ամյա հալածյալ»` ողջ աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունները կապում է հիշյալ կառույցի հետ և այսօր էլ առիթը բաց չի թողել հայտարարելու, որ բոլոր ռուսական կողմնորոշում ունեցողները КГБ-ի գործակալներ են: Ստացվում է, որ եթե երկրի պաշտոնական դիրքորոշումն է այդպիսին, մարդիկ էլ կամաց-կամաց հարմարվում են այդ մտքին, ուրեմն՝ բոլորը КГБ-ի գործակալներ են: Սա էլ պարզապես` որպես մի փոքրիկ լիրիկական շեղում:

Կարեն Վարդանյան




Լրահոս