ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում հանրությանը ներկայացվեց «Կրթության կառավարում» խորագրով մասնագիտական գրքերի շարքը:

 

Ներկայացված գրքերի հեղինակներն են տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ չնայած Կրթության միջազգային օրը հունվարի 24-ն է, սակայն իր համար  ամեն օրը կրթության օր է:

«Կարծում եմ՝ «Կրթության կառավարում» գրքերի շարքի սկիզբը դնելը  հիանալի որոշում էր: Ժամանակները փոխվում են, եւ շատերն այսօր մտածում են, որ կրթությունը եւ, առհասարակ,  բովանդակությունը  մենք ստանում ենք օնլայն հարթակների միջոցով: Մենք տեսնում ենք, թե ինչպես են կրթությունն ու գրադարանները վերափոխվում, բայց կարծում եմ՝ չկա ավելի լավ բան, քան նստել տանը, կարդալ  գիրքը եւ նշումներ անել: Շատ գնահատում ենք,  որ այսօր ունենք տպագրված գրքեր, որը կրթության եւ նորը սովորելու հնարավորություն կընձեռի բոլորին»,-ասաց  Սկաուն:

Գրքերի համահեղինակ, տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն էլ ընդգծեց, որ այսօր մենք կարիք ունենք կրթության կառավարիչների պատրաստման,  հայալեզու գրականություն գրեթե այդ ոլորտում չկա:

«Այդ իսկ պատճառով հեղինակային խմբով որոշեցինք  կրթության կառավարման վերաբերյալ դասագրքեր հրատարակել: Ֆինանսներ, կրթության որակ,  կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ եւ կրթության արդյունավետ կառավարում  հիմնասյուներով  փորձեցինք կառուցել մի հայեցակարգ, որը,  մի կողմից,  կրթությունը կներկայացնի որպես գործարարություն, մյուս կողմից՝ հանրային բարիք՝ կառավարիչների համար»,-ասաց նա:

Գրքերի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ  գրքերը նախատեսված են բուհերի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կրթության եւ գիտության վարչարարությամբ զբաղվող մասնագետների, կրթության բարեփոխումների գործընթացով հետաքրքրվածների համար:

Խոսելով ներկայացված գրքերի մասին՝ հեղինակները նշեցին, որ «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» գիրքն անդրադառնում է կրթության կառավարման անհրաժեշտությանն ու բնույթին, կրթական ծառայությունների էկոհամակարգին, համալսարանական ինքնակառավարմանը, ակադեմիական ազատություններին, ներկայացնում է դասընթացի կառավարման գործընթացը, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության կառավարման առանձնահատկությունները:

«Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ» գիրքն, ըստ գլուխների, մանրամասն ներկայացնում է կրթության, Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության, Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքները, ինչպես նաեւ անդրադառնում է Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգին ու բարձրագույն կրթության ենթաօրենսդրական կարգավորումներին:

Ըստ համահեղինակների՝ «Կրթության որակի ապահովումը բուհերում» գիրքը ներկայացնում է կրթության որակի բնորոշումը, անդրադառնում է կրթության որակի ապահովման մշակույթին, հավատարմագրման գործընթացներին, վերջնարդյունքների հենքով գնահատման համակարգին, ինչպես նաեւ հետբուհական կրթության որակի ապահովման Զալցբուրգյան սկզբունքներին եւ գիտական ղեկավարների ինստիտուտին:

«Ֆինանսական կառավարումը բուհերում» ուսումնական ձեռնարկն անդրադառնում է բուհական համակարգում ֆինանսական ռեսուրսների ձեւավորմանը, համալսարանների ֆինանսների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաեւ ֆինանսական վերահսկողության խնդիրներին:

Գրքերը երաշխավորված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի եւ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Հունվարի 24-ը  ՄԱԿ-ի կողմից  հռչակվել է Կրթության միջազգային օր:

 

 

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին եւ նշել, որ անցած տարիների հաջողված համագործակցությունը լավագույն հիմքն է՝ այն շարունակելու նաեւ այս եւ հետագա տարիներին: Նախարարը հատկապես կարեւորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ՝ որպես հաջողված օրինակներ նշելով անգլերենի ուսուցիչների վերապատրաստման եւ ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը. «Առանձնահատուկ կարեւոր են Բրիտանական խորհրդի դերը եւ աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման եւ ուսուցիչների վերապատրաստման հարցերում: Կարող ենք արձանագրել, որ այս աջակցությամբ էականորեն բարելավվել են ուսուցիչների դասավանդման հմտությունները»:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ եւս, որոնք կիրականացվեն ընթացիկ տարում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական եւ մշակութային բարեփոխումներին` վերահաստատելով պատրաստակամությունը ոլորտային ռազմավարությունների իրականացման հարցում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է «Մ. Մաշտոցի անվան Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի եւ Բրիտանական գրադարանի միջեւ նախատեսվող համագործակցության կարեւորությունը՝ որպես հաջողված փորձ նախանշելով Հայաստանի պատմության թանգարանի եւ Բրիտանական թանգարանի համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ կապերի հետագա ընդլայնմանը: Մասնավորապես՝ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի կայացման հարցում Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ համագործակցային կապերի հաստատման հարցը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարեւորել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի եւ Լոնդոնի արվեստների համալսարանի միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է Ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի ձեւավորման համար առաջարկությունների եւ գործիքների տրամադրման, կրթական ծրագրերի մշակման, որակի ստուգման եւ ինստիտուցիոնալ կառավարման բնագավառներում աջակցությանը:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

 

ԱՆՃԱՇԱԿ  ԴՈՒՅԼԵՐ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջան քաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում  տեղադրված փայտե կլոր կաղապարների մեջ որպես աղբաման դրված են  մետաղյա դույլեր։ Դիլիջանի բնակիչներից ոմանք դժգոհում են աղբաման- դույլերի չափերի մեծությունից ու անճաշակությունից, ոմանք մտահոգություն են հայտնում, որ դույլերը կարող են գողանալ, ուրիշներն էլ համայնքապետարանին հիշեցնում են, որ կահավորված կանգառներից շինարարական աղբը պետք է հեռացնել, որ տուրիստական քաղաքի փողոցներում թափառող հարյուրավոր անտեր շները բաց դույլեր-աղբամանների պարունակությունը շաղ են տալու փողոցներում։

 

 

ՄԱՔՐԵԼՈՒ ՓՈՂ ՉԿԱ՞

2023թ. դեկտեմբերի 27-ին Դիլիջանի ավագանին հաստատել է Դիլիջան համայնքի 2024թ. բյուջեն եկամուտների գծով եւ ծախսերի գծով՝ 1471748.15 հազար ՀՀ դրամ։ Ավելի քան 1 միլիարդ 471 միլիոն դրամ բյուջե ունեցող համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը շուրջ 3 տարի ֆինանսներ չի գտնում քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի «Միմինո» արձանախմբի հարեւանությամբ հոսող Աղստեւի հունը մաքրելու համար։ Զբոսաշրջիկները զարմանքով են նայում գետի հունում աճած ծառերին ու մեծ բույսերին։

 

 

ԿՔՆՆՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արա Խլոյանի 2021 թ. հունիսի 25-ի հրամանով աշխատանքից ազատված, ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ Արտակ Հարությունյանը այդ հրամանը վիճարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում եւ այդ դատարանի վճռով վերականգնվել պաշտոնում։ Հետո Ա. Հարությունյանը կրկին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել, այս անգամ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նոր ԺՊ Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ. մարտի 24-ի  թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ հրամանով Ա. Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  2023թ. մայիսի 18-ին դատարան է հանձնվել հայցադիմումի պատասխան։ 2023թ. հուլիսի 31-ին դատավոր Նարինե Անանյանը վճռել է բավարարել Ա. Հարությունյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ  շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ  Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ. մարտի 24-ի  թիվ 67-Ա հրամանը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից  ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դատարանի այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն ընդունվել է դատարանի վարույթ։ Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է փետրվարի 15-ին։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս