ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԶԾ-ն Հայաստանի մարզերի գյուղական բնակավայրերում ընդլայնում է իր ծրագրերը՝ տեղի բնակիչներին տալով կայուն եկամտի աղբյուրի հնարավորություն։ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում ավելի վաղ իրականացված չրերի, մեղրի արտադրության, գաստրոպարկերի հիմնման ծրագրերի գոհացուցիչ արդյունքները հիմք հանդիսացան աջակցության աշխատանքների աշխարհագրությունն ընդլայնելու, ինչպես նաեւ արտադրությունը դիվերսիֆիկացնելու համար։ Վերջին փուլում շեշտը դրվել է կախասնկի արտադրության վրա։ 2023 թ.-ին նախաձեռնությունն իրականացրել է ՀՀ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում։ 19 հոգի մասնակցել են կախասնկի արտադրության տեսական եւ գործնական դասընթացներին, որի ընթացքում մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել կախասնկերի եւ դրանց աճեցման վերաբերյալ։  Հետագայում այդ մասնակիցներից ընտրվել են 10 շահառուներ, որոնք ստացել են նյութական օժանդակություն՝ սարքավորումների եւ կախասնկի պարկերի տեսքով, սեփական արտադրություն հիմնելու համար։  Ներկայումս բոլոր 10 արտադրությունները լիովին կահավորված են եւ պատրաստ են ամբողջ հզորությամբ գործունեություն ծավալելու համար։

 

Հրավիրված ասուլիսում ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ նախորդ տարի  նախաձեռնությունը սկսել են իրականացնել նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։  36 մասնակից արդեն մասնակցել է տեսական եւ գործնական դասընթացներին։ Ներկայում ընտրվել է 10 շահառու, որոնք շուտով կստանան սարքավորումներ եւ շինանյութ՝ իրենց արտադրությունները հիմնելու համար։

«Տրամադրող աջակցությունը մի քանի ուղղությամբ է։ Նախ անցկացվում են մասնագիտական դասընթացներ՝ տեսական եւ գործնական։ Մասնակիցները հանձնում են քննություն։ Լավագույններն արդեն ստանում են գործնական աջակցություն փոքր բիզնես հիմնելու համար։ Մասնավորապես, կախասնկի արտադրության համար տրամադրում ենք խոնավեցման, օդափոխման համակարգ, օդորակիչ, գործընթացն ավտոմատ կառավարելու համակարգ, անհրաժեշտ շինանյութ՝ տարածքի բարելավման համար, ինչպես նաեւ կախասնկի արտադրության 50 հատ պարկ»,-ասաց Արման Վալեսյանը։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը նշեց, որ ծրագիրը առաջիկայում նախատեսում են իրականացնել նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների եւ համայնքում մշտական բնակություն հաստատած ԼՂ-ից տեղահանված անձանց համար։  Ծրագրում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերն են  Ճամբարակը, Վահանը, Թթուջուրը, Ջիլը, Արտանիշը, Ծափաթաղը։

«Կարող են դիմել բոլոր նրանք, որոնք ունեն ցանկություն, առնվազն 30 քմ մակերեսով փակ տարածք։  Մենք կայցելենք բնակավայրերը տեղերում ծրագրի հնարավորություններին ծանոթացնելու համար։ Ծրագրի բուն նպատակը լրացուցիչ եկամուտ ապահովելն է։ Այդ բնակավայրերում բնակիչները եկամուտի պակասի խնդիր ունեն եւ կախասնկի արտադրության միջոցով կկարողանան այդ բացը լրացնել»,-ասաց Մխիթար Բալայանը։

Ծրագրին մասնակցելու համար կարիք կա լրացնելու հայտը, որը ներկայացված է «Կայուն համայնքների» Facebook-ի էջում։  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ.-ի փետրվարի 12-ը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔՆԵՐ՝ Wildberries-ԻՑ

Վերջին շրջանում Wildberries-ից օգտվողների կողմից հաճախ է ArmLur.am-ը լսում բացասական կարծիքներ։ Խնդիրն այն է, որ այն օգտատերերը, որոնք գրանցված են առցանց առեւտրի հարթակում, իրենց կցված քարտից հաճախակիորեն գումարներ է բռնագանձվում Wildberries-ի կողմից:

«Գումար գցեցի հաշվիս վրա՝ նույն Wildberries-ին կցված «Արդշինբանկ»-ի քարտին, արդեն ուզում էի գործարք անել քարտովս եւ տեսա, որ գումարը չկա. նայեցի, ցույց տվեց, որ գործարք է կատարվել իմ քարտով, բայց ես ոչինչ չէի պատվիրել, անգամ քարտս էին կցված հատվածից հանել»,- պատմում է քաղաքացին, որը հաճախ էր օգտվում վերոնշյալ առցանց առեւտրի հարթակից:

Նա պատմում է, որ եւս մեկ անգամ էլ է նման դեպք եղել.

«Մի անգամ էլ է եղել նման դեպք. 11900 դրամի հագուստ պետք է վճարեմ, վերցնեմ, այդքան էլ գումար կա քարտումս, բայց ինձ նամակ է գալիս անբավարար միջոցներ՝ 21880 դրամ, ու չի լինում վճարել»:

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ ԱՐԳԵԼՔ

Իշխանությունն առաջարկում է առավոտյան 6:00-ից մինչ կեսգիշեր 00:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը:

Նախագիծը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ-ականները փոփոխություններ են առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ըստ նախատեսվող փոփոխությունների՝ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:

Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը: Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

Իսկ թե որն է կարգավորող մարմինը, ով է վերահսկելու եթերը, որպեսզի համապատասխան ժամերին քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումներ ու ֆիլմեր չցուցադրվեն, կամ որոնք են քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող եթերի համար սահմանաված չափորոշիչը, հստակեցված չէ:

Նախագիծն ընդգրկված է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԴՊՐՈՑԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցը միշտ աչքի է ընկել իր հաջողություններով, մեդալակիր շրջանավարտներով։ Դպրոցն այժմ ունի 402 աշակերտ։ Դպրոցի 5 մասնաշենքերը Հայաստանի անկախության տարիներին չեն նորոգվել, պետական բյուջեի ֆինանսավորմամբ լոկ պատուհաններ են փոխվել, «Բերդավան» բարեգործական հիմնադրամի հանգանակած միջոցներով դպրոցի մուտքի մեծ դարպասն է փոխվել, երկու մասնաշենքերը միացնող միջանցքն է նորոգվել, «ԱԿԲԱ» բանկը դպրոցում համակարգչային սենյակ է կահավորել, ՀՕՖ-ը 2 դասասենյակ է նորոգել։ Բերդավանի դպրոցի ուսումնական մի մասնաշենքը այժմ ջեռուցվում է վառելափայտով, մյուս մասնաշենքը՝ էլեկտրական հոսանքով։ Դպրոցի դասասենյակների պատերի ներկը քայքայված է, առաստաղի սպիտակ մակերեւույթը սեւացած է վառարանների ծխից, դասասենյակների հատակը վատ վիճակում է։ Բերդավանի դպրոցն այսպիսի անմխիթար վիճակում է, սահմանի եզրին ապրող աշակերտները տուժում են։

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԸ՝ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Դիլիջանը Տավուշի մարզի 4 համայնքներից միակն է, որը Ադրբեջանի հետ սահմանամերձ, ականապատ, վտանգավոր տեղանքում գտնվող չմշակվող վարելահողեր, նաեւ սահմանամերձ  արոտավայրեր չունի: Զբոսաշրջային Դիլիջանում զարգացած է հյուրանոցային, ռեստորանային, զբոսաշրջային բիզնեսը։ Դիլիջանում տնտեսական ակտիվությունը բարձր է, սակայն Դիլիջան համայնքում սեփական եկամուտների կատարողականը մարզում ամենացածրն է։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ Իջեւան համայնքի 2023թ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 612,2 մլն դրամ կամ կատարվել է 105.9%-ով, Դիլիջան համայնքի 2023թ. սեփական եկամուտները՝ 556.9 մլն դրամ կամ 94.9%, Բերդ համայնքի 2023թ. սեփական եկամուտները՝ 439.5 մլն դրամ կամ 107.2%, Նոյեմբերյան համայնքի 2023թ սեփական եկամուտները՝ 489.7 մլն դրամ կամ 96.3%:

 

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴՆ Է  ԴԱՏԵԼՈՒ

Աժ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանը անազատության մեջ է 2022թ. օգոստոսի 11-ից։ Ս. Մանուկյանը եւ այլ անձինք մեղադրվում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու համար։ Ս. Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով շինծու։ Ս. Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը քննող դատավորը հերթական անգամ անգամ փոխվել է, որոշ դատավորներ ամեն կերպ խուսափում են այդ գործի քննությունը վերցնելուց։ Այդ քրեական գործով 5-րդ դատավորը լինելու է Սասուն Մխիթարյանը։ Դա նշանակում է, որ քրեական գործով դատաքննությունը սկսվելու է նոր տողից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս