ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: 

 

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համընկել է թանգարանի  հիմնադրման 9-ամյակի հետ:

«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի,  ԿԳՄՍ նախարարության  եւ ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի եւ համագործակցության շնորհիվ»,-ասաց Կոստանդյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան նշեց, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տեւական  եւ հետեւողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ:

«Հուսով եմ, որ սա կլինի լավ առիթ, որպեսզի մենք ինքներս եւս մեկ անգամ վերաարժեւորենք եւ իմաստավորենք այն ժառանգությունը, որ ունենք»,-ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով այս կարեւոր իրադարձության կապակցությամբ, ընդգծեց, որ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների ցանկում եւ աշխարհով մեկ մեծ  շուքով նշվեց այն:

«Ուզում եմ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների, գրադարանների եւ արժեքավոր հավաքածուների կորուստը եւ նպաստել դրանց արդյունավետ պահպանմանն ու տարածմանը»,- նշեց Վահան Կոստանյանը:

Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ: Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը, ֆիսհարմոնը եւ անձնական այլ իրեր: Ամբողջ ընթացքում հնչում է նաեւ Կոմիտասի ձայնը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, նշեց՝ շատ ուրախալի է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միանալու է այն թանգարանների շարքին, որոնք, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հնարավորություն են տալու այցելուներին, հատկապես՝  երեխաներին, բոլորովին նորովի բացահայտել Կոմիտասի աշխատասենյակը:

«Եվ վստահ եմ, որ սա հատկապես մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,-նշեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաեւ «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը եւ գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը:

«2023 թվականի դեկտեմբերին հաստատվեց  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թվականին ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թվականին Երեւանում կընդունենք ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական:

Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձեւի զարգացմանը՝ նախարարը կարեւորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական եւ մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին եւ մրցավարներին ներգրավելու հարցը:

Այս համատեքստում քննարկվել է սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը:

«Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարեւոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թվականին Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների առաջնությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող եւ սիրելի մարզաձեւ է. մեր երկիրը բազմաթիվ  չեմպիոններ է ունեցել:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

 




Լրահոս