ՉԵՂԱՐԿԵԼ Է ԶԵՆՔԻ ԷՄԲԱՐԳՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի կառավարությունը որոշել է չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն։

 

Այս մասին հայտնում է Հայ դատի Կանադայի հանձնախումբը։

«Հայ դատի  Կանադայի հանձնախումբը  դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը»,- ասված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։

Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից 2019թ. հոկտեմբերին Թուրքիային զենք վաճառելու մորատորիում սահմանելուն՝ կառավարությունը 2020թ. գարնանը թույլ էր տվել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

«2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուց հետո ի հայտ եկան էական ապացույցներ Թուրքիայի կողմից սարքավորումները դեպի Ադրբեջան անօրինական  տարանցելու վերաբերյալ, ինչը  խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները եւ հանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրության WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչության դեմ։ Ներքին հետաքննության եւ խորհրդարանական ստուգումների արդյունքում կառավարությունը 2021 թվականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թույլտվությունները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան հետեւողականորեն անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները եւ օրենքի գերակայությունը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլեւ անտեսում է շարունակվող ագրեսիան եւ մարդու իրավունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացվում են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայության նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, եւ անգամ եւս իրեն վտանգում է մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող եւ հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը եւ խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայ դատի Կանադայի հանձնախումբն ընդգծում է, որ Կանադայի կառավարությունը պետք է,  կարճաժամկետ քաղաքական նկատառումների փոխարեն, առաջնահերթություն տա մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը:

Հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մարդու իրավունքների պաշտպանների մտահոգություններին։

«Թեեւ ի գիտություն ենք ընդունել զենքի արտահանման թույլտվությունները չեղարկելու կամ կասեցնելու կառավարության որոշումը այն պարագայում,  երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն, մենք Կանադայի կառավարությանը կոչ ենք անում ընդհանրապես չեղարկել այս որոշումը եւ վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ՝ դրանով իսկ վերահաստատելով հավատարմությունը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում:

 ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ»-Ը՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է Բրյուսելում մեկնարկած Glօbal Gateway ներդրումային համաժողովի ժամանակ։

 

Համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկաս եւ Թուրքիա. Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ամուր կապող օղակ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Փոխնախարարն ասել է, որ ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործեն այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ապացուցեցին, որ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանային շուկաներ ապրանքների մատակարարման շարունակականության համար: Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը նախագծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Գործարկման դեպքում առաջին տարվա ընթացքում այն  կապահովի 4,7 մլն տոննա բեռի եւ 300 հազար ուղեւորի փոխադրում տարածաշրջանի երկրներով։ Մինչեւ 2050 թվականը Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքով տարածաշրջանային երկրների միջեւ փոխադրվող բեռների ծավալը կկազմի մոտավորապես 10 մլն տոննա», – ասել է Սիմոնյանը։

Համաժողովի շրջանակներում փոխնախարար Արմեն Սիմոնյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Միջոցառմանը մասնակցել են ոլորտը կարգավորող փոխնախարարներ Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից եւ Թուրքիայից, ԵՄ անդամ պետություններից։ Ներկա էին նաեւ մասնավոր ներդրումային ընկերությունների փորձագետներ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագետներ։

Ֆորումը նվիրված էր ԵՄ ընդլայնված հարեւանությունում առկա ենթակառուցվածքային հնարավորությունները օգտագործելուն՝ դյուրացնելու միմյանց միջեւ առկա առեւտուրը։ Առանձին պանելային քննարկումների ժամանակ ներկայացվել են մասնակից երկրների ենթակառուցվածքների ներդրումային գրավչությունն ու առկա հնարավորությունները։

 

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական ազդեցություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, թե՛ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։

Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երեւանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։

«Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»,-ավելացրեց Կոստանյանը։

 

 

ԻՐԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին հանդպում է ունեցել «Օրբելի» վերլուծական կենտրոնում. հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան տելեգրամյան էջը։

Նա իր ելույթում անդրադարձել է Իրան-Հայաստան պատմական եւ բարեկամական հարաբերություններին, դրանք ընդլայնելու՝ Իրանի վճռականությանը։

Նա ասել է, թե Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ ոչ մի պարագայում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները:

Նրա խոսքով՝ Իրանը վճռական է ընդլայնել Հայաստանի հետ պատմական եւ բարեկամական կապերը եւ, որպես Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղիները միացնող հանգույց, պատրաստ է իր տնտեսական եւ գիտական ներուժն օգտագործել տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին ծառայելու համար:

Իրանի պաշտոնյայի այցը Հայաստան հաջորդում է նրա պարբերական այցերին տարածաշրջանի երկրներ, որի նպատակն է ուսումնասիրել ԻԻՀ ռազմավարությունները:

 




Լրահոս