ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԼԻՄԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն  Լեւոն Ազիզյանի խոսքով՝ շինարարական կլիմայաբանության նորմերն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեն։

 

«Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, այսինքն՝ պարամետրեր, որոնք կիրառվում են շենքերի եւ շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաեւ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման խնդիրներում: Մեր ունեցած նորմերը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը եւ՛ աշխարհում, եւ՛ Հայաստանում»,-ասաց Լեւոն Ազիզյանը։

Վերջին 90 տարվա ընթացքում, օդերեւութաբանական դիտարկումների համաձայն, ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են 2010, 2018, 2021 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների եւ սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։

«Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 2011 թվականին Մեղրիում՝ կազմելով 43.7 աստիճան։ Բավական շոգ եղանակ եղել է նաեւ  2017 եւ 2018 թվականներին, երբ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42 աստիճանը»,-ասաց Լեւոն Ազիզյանը։

Մասնագետն ընդգծեց, որ էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայմանների իմացությունը շատ կարեւոր է շինարարության կազմակերպման համար։ Եվ, ահա, վերանայված կլիմայաբանության շինարարական նորմերում արտացոլվել են վերջին տասնամյակի եղանակակլիմայական դիտարկումների տվյալները։

«Օրինակ՝ ժամանակի ընթացքում փոխվել է քամու առավելագույն արագությունը, սեզոնին գրանցված առավելագույն կամ նվազագույն ջերմաստիճանը։ Երբ այդ տվյալները, հարաչափերը ճշգրիտ արտացոլվեն համապատասխան նորմերում, կառուցապատողները, դրանց հետեւելով, հետագայում կկարողանան խուսափել բարդություններից։ Մեկ այլ տարբերակ ներկայացնեմ. օրինակ՝ սովորաբար խողովակաշարերը անցկացվում են ավելի խորը։ Հիմա հանրապետությունում նկատվում է, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ձմեռային շրջանը կրճատվել է։ Այսինքն՝ խողովակները կարող են ավելի ցածր խորությամբ անցկացնել ու լրացուցիչ ծախսեր չկատարել»,-ասաց Լեւոն Ազիզյանը։

Նորմերի վերանայումը հնարավորություն կտա կառուցապատումից առաջ հաշվարկները կատարել ավելի ճիշտ  հետագա խնդիրներից խուսափելու համար։ Տանիքների ձյան բեռնվածություն, քամու առավելագույն արագություն, ինչպես նաեւ նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճաններ՝  բոլոր առումներով, եթե նշված նորմատիվները կիրառվեն շինարարության մեջ, ապա դա միայն դրական ազդեցություն կունենա որակյալ շինարարական աշխատանքներ կատարելու համար։

Շինանրարական նոր նորմերը հաստատված են ու  հրապարակված են իրավական ակտերի միասնական կայքում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՏԱՔ ՓԵՏՐՎԱՐ

Հանրապետությունում մինչեւ փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաեւ փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրեւի ու անձրեւի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

 

«Փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 12 աստիճանով։ Փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է +12-+13, Երեւանում  ՝ +10- +12 աստիճան, Սյունիքում հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +16-+18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում +20 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հանրապետությունում փետրվարի 5-6-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում։ Փետրվարի 5-ի առանձին շրջաններում քամու արագությունը կլինի 20-25 մ/վ, փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի գագաթնակետին՝ 35 մ/վ արագությամբ, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Փետրվարի 7-ից սկսած քամին կդադարի։

Ինչ վերաբերում է ընդհանուր փետրվար ամսվա եղանակակլիմայական կանխատեսումներին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։ Նրա գնահատմամբ՝ սպասվում է բավական տաք փետրվար։ Տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +6 – +10-ի, իսկ Լոռու, Տավուշի հատվածում կհասնի +17- +20-ի, Արարատյան դաշտում՝ +15-+17-ի, Սյունիքի հովտային շրջաններում՝ +20-+23-ի, Սյունիքի նախալեռնային շրջաններում +14-ի, Երեւանում՝ +14 – +16 աստիճանի։

 

 

 

ՔԱՆԴԵԼ-ՉՔԱՆԴԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

2019թ. օգոստոսի 4-ին՝ Բերդ համայնքի Նավուր  գյուղի 200-ամյակի տոնակատարության ժամանակ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ Նավուրի դպրոցի շենքի վիճակը Հայաստանի վերջին 30 տարվա իշխանությունների ամոթն է, եւ այդ իշխանությունների կողմից ինքը ներողություն է խնդրում  դպրոցի  վիճակի համար։ Մարզպետ Չոբանյանը խոստացավ, որ դպրոցի շենքը կհիմնանորոգվի՝ հույս հայտնելով, որ գյուղի  հաջորդ  տարեդարձի տոնակատարության ժամանակ դպրոցի շենքը կլինի  հիմնանորոգված։ Նավուրի դպրոցի շենքը կառուցվել է 1971թ.-ին, այն 1988թ.-ի երկրաշարժից հետո թեթեւակի նորոգվել է, շենքում երկրաշարժի հետեւանքները վերացվել են, նաեւ տանիքն է փոխվել։ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի  ծրագրով դպրոցի մարզադահլիճը նորոգվել է։ Մարզպետ   Չոբանյանի պաշտոնավարման շրջանում դպրոցի տանիքը եւ  պատուհանները փոխվել են, սակայն դպրոցի վիճակը վատթար է, դասասենյակների ու միջանցքի պատերի գաջը թափված է, դասասենյակների միջնորմ պատերը խարխուլ են,  մի դասասենյակից հնարավոր է  տեսնել մյուսը։ 2014-ին  Նավուր  համայնքի բյուջեից 10 միլիոն դրամ է ծախսվել  դպրոցի հիմնանորոգման  նախագիծ-նախահաշիվ կազմելու համար, սակայն անցած 10 տարում շինանյութերի գներն աճել են, այդ նախագիծ-նախահաշիվն այժմ անպետք  է։ Նավուր համայնքի երկարամյա ղեկավար, այժմ Բերդի համայնքապետարանի պաշտոնյա Արամ Նիգոյանը հայտնեց, որ  Նավուրի դպրոցի 130 աշակերտները դպրոցի շենքի վատթար վիճակի պատճառով անցած ուսումնական տարվա ընթացում  դասերն անցկացրել են Նավուրի գյուղապետարանի շենքում, այժմ դասերը տեղի են ունենում Նավուրի դպրոցի շենքի երկու մասնաշենքերում։ Խոսակցություններ կան, որ այս տարվա գարնանը  Նավուրի դպրոցի նոր  շենքը կառուցվելու է  ներկայիս դպրոցի տեղում, այդ պատճառով դպրոցի 3  մասնաշենքերը պետք է քանդվեն։ Ա. Նիգոյանը այդ խնդրով եղել է   Քաղաքաշինության կոմիտեում, հանդեպել  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Նա դեմ է դպրոցի մասնաշենքերը քանդելուն՝ նշելով, որ դպրոցի տարածքում բավականաչափ ազատ տարածք կա  նոր շենքի կառուցման համար։ Նիգոյանն  ասաց, որ դպրոցի նոր շենքը կառուցվելու է  3  տարում. եթե մասնաշենքերը քանդեն, 3 տարում որտե՞ղ են կայանալու դասերը։  Դպրոցի  2 մասնաշենքերը, որոնցում հիմա դասեր են ընթանում, վթարային չեն, դրանցում նախկինում նորոգման որոշ աշխատանքներ են կատարվել։  Նավուրի դպրոցի նոր շենքի տեղակայման, 3 մասնաշենքերը քանդել- չքանդելու  վերաբերյալ հարցում ենք ուղարկել մարզպետ Հայկ Ղալումյանին, որի պատասխանում նշված է. «Նավուրի  դպրոցի նոր  շենքի հետ կապված տեղակայման աշխատանքները դեռեւս  համաձայնեցված  չեն  մարզպետի աշխատակազմի հետ, ուստի դեռ անորոշ է հին մասնաշենքերի հետ կապված քանդման աշխատանքների ծավալը»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս