ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգը հանդիսատեսի լայն շրջանակին հնարավորություն տվեց ունկնդրելու հեղինակի «Զուգահեռ երգեր», «Քավարան», «Տարվա եղանակներ» ստեղծագործությունները, որոնք բազմիցս հնչել են ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հարթակներում:

 

Համերգային երեկոն, որը «Կողբ» հիմնադրամը նախաձեռնել էր Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի շրջանակներում, տեղի ունեցավ փետրվարի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին կոմպոզիտորի ակադեմիական գործերը կատարեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբն ու սիրված մենակատարներ: Համերգը ղեկավարեց դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը:

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը շնորհավորեց մաեստրոյին եւ երկար, բեղուն գործունեություն մաղթեց:

«Երբ սկսեցինք Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը, մեզ հաճախ էին հարցնում, թե ինչու տարբեր նախաձեռնությունների շարքում նախընտրեցինք եւ առաջնություն տվեցինք մրցույթին, միջոցառումների շարքին: Նման հարցը վկայում է, որ մշակույթը մեր իրականությունում պատշաճ արժեւորված չէ, այնինչ հենց մշակույթն ու մեր ինքնությունն են այն հենքը, որի հիման վրա պետք է շարունակենք ամրապնդել ու զարգացնել մեր պետությունն ու պետականությունը»,-ասաց Բարսեղյանը:

Նա հիշեց Կոստան Զարյանի խոսքերն այն մասին, որ հայերը երկու հսկա աշխարհների՝ մշակութային արեւելքի եւ քաղաքակիրթ արեւմուտքի միջեւ ինչպես են կարողանալու իրականացնել իրենց պատմական առաքելությունը:

«Կարծում ենք՝ ոչ թե պետք է հակադրել արեւելքն ու արեւմուտքը, մշակույթը կամ քաղաքակրթությունը, այլ ճիշտ հակառակը. մենք պետք է փորձենք համադրել դրանք, ինչն արել է Կոմիտասը, որի երաժշտությունը լսելիս դժվարանում ես ասել՝ այն արեւմտյան է, թե արեւելյան»,-ընդգծեց Արման Բարսեղյանն ու խոստովանեց՝ նույն հարցն իր մոտ է ծագել, երբ ունկնդրել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:

Ըստ Բարսեղյանի՝ Մանսուրյանը Կոմիտասի գործի արժանի շարունակողն է, եւ խոսքը ոչ թե փակ եւ մեր մեջ պարփակված մշակույթի մասին է, այլ աշխարհին բաց եւ աշխարհի արժանիների հետ մրցակցող մշակույթի մասին:

Տիգրան Մանսուրյանը, որն ուշադրությամբ էր հետեւում Բարսեղյանի խոսքին, բեմ բարձրացավ բուռն ծափահարությունների ներքո  եւ ասաց՝ խորապես զգացված է ջերմ ընդունելության, իր երաժշտությանը նվիրված համերգին ներկայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում «Կողբ» հիմնադրամին, որ արեց ամեն բան, որ թե՛ երաժիշտները, թե՛ համերգասրահը աշխատեն ի նպաստ այս երեկոյի: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բեմում հանդես եկող երաժիշտներին, որոնց ղեկավարում է իմ շատ լավ բարեկամ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը»,-նշեց մաեստրոն եւ շնորհակալություն հայտնեց մենակատարներին՝ բարիտոն Գուրգեն Բավեյանին, որ Գերմանիայից հատուկ ժամանել էր համերգին մասնակցելու համար, երգչուհի Տաթեւիկ Մովսեսյանին, որ բազմիցս կատարել է Մանսուրյանի գործերը, դաշնակահար Արթուր Ավանեսովին եւ դերասան Տիգրան Գաբոյանին, որ ներկայացրեց այն պոեզիան, որի հիման վրա Մանսուրյանը երաժշտություն է գրել:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԳՐՔԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Երեւանում փետրվարի 10-ին կանցկացվի գրքի ձմեռային փառատոնը, որն արդեն 3-րդ անգամ կազմակերպում է «Newmag» հրատարակչությունը։  «Newmag» հրատարակչության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը նշեց, որ այս տարի միայն գրականության ոլորտից ընդգրկում են արվեստի այլ ճյուղեր՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն։

 

«Ներկայացվելու է հայ հեղինակների 4 գիրք։ Մասնավորապես՝ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից»-ը, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ը, Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը, ինչպես նաեւ Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում»-ը։ Դյութ ամսագիրն ենք ներկայացնելու։ Ասեմ, որ այդ օրը բոլոր նոր գրքերը վաճառվելու են 30 տոկոս զեղչով, իսկ «Newmag»-ի նախորդ գրքերը վաճառվելու են 40 տոկոս զեղչով»,-ասաց Անի Հակոբյանը։

«Newmag»  հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ օրը հարուստ ծրագիր է սպասվում։ Փառատոնի բացումը կատարելու է Արցախի պետական ջազ նվագախումբը։ Բեմում կլինի Տավուշի թեմի «ՏարԼույս» երգչախումբը։ Սպասվում է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի եւ դիզայներ, ոսկերիչ քանդակագործ Նուռի աշխատանքների ցուցադրությունը։ Ներսես Ավետիսյանը բեմում կլինի «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով։ Կլինեն պանելային քննարկումներ «Արհեստական բանականությունը՝ ընդդեմ ստեղծագործողների» թեմայով։ Վերջում սպասվում է մեծ համերգ։ Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունները կհնչեցնեն Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը Մովսես Մովսիսյանը։ Մուտքն ազատ է, ամրագրումների կարիք չկա։ Փառատոնի օրը կտրվի արցախցի գրողների  ստեղծագործությունների մրցույթի մեկնարկը։

«Այս միջոցառման ընթացքում ստացված հասույթը կփոխանցվի բարեգործական նպատակին։ Կստեղծվի հանձնաժողով, որը հասույթը կտրամադրի այն ստեղծագործողներին, որոնք տեղահանվել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, բնակվում են Հայաստանում, ցանկանում են շարունակել իրենց ստեղծագործական կյանքը»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Հրատարակչության ստրատեգիական եւ հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը, խոսելով ձմեռային փառատոնի կարեւորության մասին, նշեց, որ ընթերցողների հետաքրքրությունը բավական մեծ է։

«Մենք ունենք մեր կայուն ընթերցողներին, սակայն չենք սահմանափակվում եւ ցանկանում ենք ընդլայնել նրանց շրջանակը՝ ներգրավելով երիտասարդների։ Ձմեռային փառատոնն այս անգամ տարբերվում է իր միջոցառումների բազմազանությամբ։ Այսինքն՝ յուրաքանչյուրի ճաշակին հարմար միջոցառումներ ունենք։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի գրքի փառատոնների նկատմամբ հետաքրքրությունն աճում է»,-ասաց Գոհար Մանուկյանը։

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ 8 ՄԱՐԶԻԿՈՎ

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:

Այս մասին հայտնում է հրաձգության ֆեդերացիան: Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 10-24-ը` Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Գեւորգ Մելքոնյանը, Նարե Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 24-ից մարտի 3-ը:

 

 

 

ՀԱՂԹԵԼ 4։1 ՀԱՇՎՈՎ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին:

Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաեւ Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) եւ Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի մրցաշարին մասնակցում են Արթուր Մելքումյանի գլխավորությամբ:

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 5-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավար, որոնք սպասարկում են  Պրեմիեր լիգայի եւ Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:

Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը եւ Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական եւ ֆիզպատրաստության քննություններ:

Փետրվարի 7-ից 9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ եւս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս սեմինար-հավաքը եւս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից:

 




Լրահոս