«ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԵՂԱՐԿՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել է բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորության, Արցախի կառավարության եւ պատգամավորների անելիքների մասին:

 

-Տիկի՛ն Հակոբյան, վերջին շրջանում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Արցախի տեղահանված բնակիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում պատգամավորների հետ, եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցը: Կխնդրեմ մեկնաբանել՝ նման հանդիպումների ընթացքում արդյոք այդպիսի քննարկում եղե՞լ է, ու այս տարբերակը հավանական համարո՞ւմ եք Դուք:

-Հանդիպումները պաշտոնական բնույթ չեն կրում, այսինքն՝ Ազգային ժողովի ձեւաչափով չեն: Մենք՝ որպես պատգամավորներ, անհատներ, հանդիպում ենք, եւ դա ամենօրյա ձեւաչափով է, լինում են նաեւ խմբային, այսինքն՝ պատգամավորներ եւ հանրության ներկայացուցիչներ: Մարդիկ տարբեր խնդիրներով դիմում են. գլխավոր խնդիրներից  մեկը սոցիալական խնդիրն է, որ գնալով խորանում է, եւ, կարծես թե, լուծում չի ստանում, եւ բազմաթիվ անարդարություններ. մարդիկ պարզապես շահառու չեն դառնում 40+10 կամ 50-հազարականների: Ինչ վերաբերում է վերադարձին. իհարկե,  ցանկացածի հետ քննարկման վերջում ամենակարեւոր հարցը  հենց դա է լինում ժողովրդի կողմից, եւ բոլորը ինչ-որ ժամկետներ են նշում, մարդկանց անուններ են տալիս, որոնք իբրեւ ցուցակագրում են վերադառնալու համար: Ասեմ, որ իրականում նման գործընթաց չկա, որովհետեւ հասկանալի է՝ մեկ այլ բան է հուզական դաշտում ցանկությունը, որը բոլորիս մոտ կա, մեկ այլ բան է, որ քաղաքական առումով դա պետք է հստակ գծագրվի, նոր որեւէ գործընթաց տեղի ունենա: Այս փուլում, որ ասեմ՝ կա որեւէ արձանագրված արդյունք, չկա, կան մեր առաջարկները, մեր տարբերակները այդ ուղղությամբ, որոնք դեռեւս այդքան էլ մեծ չեն, եւ արդյունք  չունենք գրանցած. կա ճնշումը Ադրբեջանի կողմից, կա ճնշումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից: Ճնշումը, պարտադիր չէ, բռնի ուժով լինի. դա նաեւ լռությունն է կամ հակառակ գործընթացը, որ տանում են Հայաստանի իշխանությունները: Մենք հստակ մեր տարբերակները նշել ենք, մեր պայմանները նշել ենք, եւ նաեւ այդ ուղղությամբ գործընթացներ են իրականանում. փաստ է արդեն կայացած հանձնաժողովը, որը գլխավորում է Վարդան Օսկանյանը, եւ որն ունի անդամներ, որոնք միջազգային հարթակներում մեր ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքներ տանելու են, որը հնարավորություն կտա նաեւ արդարության վերականգնման:

-Այսինքն՝ այդ հանձնաժողովը քննարկում է նաեւ հետվերադարձի պայմաննե՞րը:

-Սկսած 2021-ի գարնանից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսեց Արցախի նշաձողի իջեցման մասին, հաջորդ քայլն արդեն ինքորոշման իրավունքի չեղարկումն էր հենց այս իշխանությունների ձեռամբ. միեւնույնն է, այդ ինքորոշման իրավունքը որեւէ կերպ հնարավոր չէ չեղարկել, որովհետեւ, նախ, միջազգային իրավունք է, երկրորդը՝ եթե աշխարհը այդ իրավունքը չեղարկեց, հետեւաբար փլուզվում է բուրգը հավաքական Արեւմուտքի, Եվրոպայի՝ ժողովրդավարություն, իրավունք եւ այլն: Չի կարող դա չեղարկվել. ինքը պրոբլեմ է դառնում հենց աշխարհի համար: Խնդիր է, թե ինչպես ես դա իրացնում: ՀՀ իշխանությունները ասում են՝ երբ որ դու խոսում ես ինքնորոշման իրավունքից, դու տարածքային ամբողջականության դեմ ինչ-որ գործընթաց ես իրականացնում, մասնավորապես՝ Ադրբեջանի: Այս պարագայում այդպես չէ: Ինքնորոշման իրավունքը որեւէ մեկը չի կարող չեղարկել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԻՇՏ ՁԱԽՈՂԵԼ…

«Այն տրանսֆորմացիաները, որ աշխարհում տեղի են ունենում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ դիրքային, թե խմբերը՝ որպես պետություններ, կոլիացիաներ, միություններ, շատ բան է փոխվում աշխարհում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

 

«Այն, ինչ մենք ունեցել ենք մեր պատմության մեջ, իհարկե, կարող ենք մեղադրել բոլոր ժամանակների իշխանություններին, բայց միեւնույն ժամանակ պետք է հասկանանք՝ դա որ պահից է սկսել, ու ինչու ենք միշտ ձախողել։ Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, ցեղասպանություն չլիներ, մեկը մյուսին կարողանար տեղյակ պահել, թե ինչ է կատարվում։ Նշանակում է՝ այդ ժամանակվա գործող կուսակցությունները լավ կազմակերպված չեն եղել։ Դրանից խայտառակ պատմություն աշխարհի շատ քիչ ազգեր ունեն, որ կարող են ցեղասպանվել, ու քաղաքական մի քանի կուսակցություն լինի, չկարողանան կազմակերպել, գոնե փրկեն, գոնե դիմադրեն։ Այսօր մենք չգիտեք՝ ինչ եք ուզում։ Այսօր ամեն ինչ թափանցիկ է, ու այդ թափանցիկությունն էլ բերում է նրան, որ մարդու գիտակցությունը փոխվի»,- ասաց պատգամավորը։

Սուքիասյանի խոսքով՝ նոր ժամանակները բերում են նոր մտածելակերպ։

«Նոր ժամանակներում ուրիշ ուժի գործիքներ կան. մենք պետք է այդ հատվածում ուժեղանանք։ Ամեն օր բարձր ձայնով բոլորին մեղադրում ենք. բոլորս էլ մեղավոր ենք, մեր ամբողջ պատմության մեջ մեր պապերն էլ են մեղավոր, որ մեզ ուժեղ պետություն չեն տվել։ Ես ասում եմ՝ եթե մենք չփոխվենք, եթե նոր մտածելակեպրով չշարժվենք առաջ, եթե չմտածենք, որ ՀՀ-ն պետք է 5-10 անգամ ավելի մեծ բյուջե ունենա, մենք միշտ էլ խնդիր ենք ունենալու։ Մենք միասին պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը զարգանա։ Իհարկե, երբ կառավաման հատվածում ինչ-որ սխալ է լինում, ես ողջունում եմ, երբ այդ սխալը գտնում եք, բա ընդդիմությունը դրա համար է, դուք իշխանության չափ իրավունք ունեք, ինչ տեսնում եք, քննադատե՛ք։ Բայց երբ ՀՀ-ն համեմատում ենք ձեր ժամանակվա կառավարման ժամանակների հետ, խայտառակ ձեւով տարբերվում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 2017թ.-ի ու 2023թ.-ի բյուջեները 2,5 միլիարդով տարբերվում են. հիմա ի՞նչ եք ուզում դուք։ Մինչեւ հիմա, որ այդ պաշտպանական դիրքերը չեն եղել, ո՞վ է մի օր դրա համար պատասխան տալու։ Ինչո՞ւ չեք ասում, որ այս ժամանակահատվածում պետք է այս-այս գործողություններն արվեր, որ մեր պաշտպանական դիքրերն առավել ամրապնդեինք։ Դրանք չեն արվել, որովհետեւ թալան է եղել, կաշառակերությունը խեղդում էր, որովհետեւ սահմանների մասին ոչ ոք չէր մտածում. ինչո՞ւ չեք խոսում դրա մասին»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

 

«ԷՍ Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ»

Օրերս արցախցի մի քանի տասնյակ նախկին դատախազներ ու դատավորներ հանդիպում էին խնդրում կառավարության ղեկավարի կամ տեղակալի հետ՝ իրենց թոշակների եւ անձնագրերի հետ կապված: Այս մասին փետրվարի 8-ին՝ «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Ինչ-որ մի խելագար ասում է, որ արցախցիների ձեռքին գտնվողն անձնագիր չէ, նրանք պետք է անցնեն ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգ, եւ այդ ընթացակարգի բացակայության պատճառով այդ մարդկանց թոշակ չենք տալիս:  Նրանց հետ հանդիպել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որ ասել էր՝ սա շատ բարդ պրոբլեմ է, որը պետք է փորձեն լուծել:

Այսինքն՝ քիչ է, որ Փաշինյանը քշեց այդ մարդկանց Արցախից, եւ դա արեւմտյան ուժերի ցանկությունն էր: Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում է՝ արի, ես քեզ Ադրբեջանի անձնագիր եմ տալիս, Հայաստանն ասում է՝ իմ տված անձնագիրը բե՛ր, հետ տո՛ւր: Էս ո՞ւր ենք հասել, որտե՞ղ է բարոյականությունը»,-ասաց նա:

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեկ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առեւտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ»,- հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։

 




Լրահոս