ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփոխություններ են տեղի ունեցել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ:

 

ՊԵԿ-ը ներկայացնում է՝ ինչ է ենթադրում նոր ընթացակարգը.

Այսպես, նշվում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարչական պատասխանատվություն՝ «նախազգուշացում», իսկ ապրանքները համարվել են միության ապրանքի կարգավիճակ ունեցող։

«Նշված մոտեցումը համապատասխան ապրանքներ տեղափոխողների մոտ հանգեցրել է կարգապահության թուլացման եւ հնարավոր չարաշահումների տեղիք է տվել։ Հետեւաբար, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ, 307-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայտարարում է, որ ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կիրառվելու են հետեւյալ մոտեցումները՝

խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) եւ դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով:

Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք, կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ, կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից եւ այլն), եւ դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի Միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձեւակերպման որպես երրորդ երկրի ապրանք։

Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձեւակերպվելու դեպքում դրանք ենթակա կլինեն արգելապահման։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո, ՀՀ կառավարության որոշմամբ, բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվում է 40+10 հազար դրամական աջակցություն, սակայն որոշ արցախցիներ դեռ շարունակում են չստանալ անգամ հոկտեմբեր ամսվա իրենց հասանելիք աջակցությունը:

 

ArmLur.am-ին ահազանգում են նաեւ այն մասին, որ այն անձինք, որոնք ստացել են եւ՛ 100 հազար միանվագ, եւ՛ վեցամսյա ժամկետով տրամադրվող 40+10 հազար հոկտեմբեր ամսվա դրամական աջակցությունը, նրանք էլ շարունակում են չստանալ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիներին հատկացվող 40+10 հազար դրամ աջակցությունը, որը նախատեսված է բնակարանների վարձերի եւ կոմունալ ծախսերի համար:

ArmLur.am-ը գրություն է հղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու աջակցությունների ուշացման պատճառը, եւ թե երբ է կատարվելու փոխանցումը, որը նախատեսված է տան վարձերի եւ կոմունալ ծառայությունների վճարման համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխան նամակով տեղեկացրին, որ ընթացքի մեջ են Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագրերը՝ առաջնային կարիքների բավարարման համար 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի եւ ժամանակավոր կացարանների վարձավճարների համար վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար երկամսյա 50 հազար դրամ աջակցություն:

«Բոլոր ծրագրերով վճարումները շարունակվում են: 2024թ. փետրվարի 5-ի դրությամբ վճարումները պատկերը հետեւյալն է՝

100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում՝ 112 765 անձ, որից 80 535 չափահաս, 32 230՝ անչափահաս,

40+10 հազար հոկտեմբեր ամսվա համար՝ 107 942 անձ,

40+10 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 83 971 անձ,

40+10 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 90 069 անձ,

40+10 հազար ծրագրի շրջանակում հունվար ամսվա համար՝ 95 742 անձ,

50 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ,

50 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ»,- գրության մեջ նշել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ 40+10 հազար դրամ սոցիալական ծրագրի շրջանակում հունվար ամսվա աջակցության վճարումն արդեն ընթացքում է, եւ հունվար ամսվա վճարման գործընթացը կամբողջացվի մինչեւ փետրվարի 7-ը։

Ն. ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ 

Հունվարի 16-ին  Բերդ համայնքի Տավուշ գյուղի  մշակույթի տանը տեղի  են  ունեցել Տավուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ծաղկավան» մարմարացված կրաքարերի հանքավայրի «Խոսկան-Քար»  տեղամասում 20 տարի ժամկետով «Մարմարիկս» ՍՊԸ-ին մարմարացված կրաքարերի հանքավայրի  արդյունահանման թույլտվության ստացման վերաբերյալ հանրային լսումներ։ Դրանց մասնակցել են Բերդ խոշոր համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, Բերդ համայնքի վարչական բնակավայրերի ղեկավարները,  համայնքապետարանի  աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, ՀԿ-ների ղեկավարներ, «Մարմարիկս»  ՍՊԸ-ի  ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ «Մարմարիկս» ՍՊԸ-ի  ներկայացուցիչ Շահեն Խաչատրյանը ներկայացրել է մարմարացված կրաքարերի հանքավայրի արդյունահանման նախատեսվող ծրագիրը: Հանրային լսումների  մասնակից՝ Տավուշ գյուղի  բնակիչների բացարձակ մեծամասնությունը դեմ է  արտահայտվել մարմարացված կրաքարերի հանքավայրի արդյունահանման ծրագրին՝ նշելով, որ հանքավայրը շատ մոտ է գտնվում գյուղի բնակելի տներին, խաղողի այգիներին,  մշակովի տնամերձ հողատարածքներին եւ արոտավայրերին, հանքավայրի    տարածքում են գտնվում չորս ջրաղբյուրներ, որտեղից օգտվում են մոտակա  թաղամասի բնակիչները: Բնակիչները մտահոգություն են հայտնել, որ  հանքավայրի շահագործման հետեւանքով կաղտոտվի շրջակա միջավայրը՝ վտանգի տակ դնելով ջրային ռեսուրսները,  բնությունը եւ կենդանական աշխարհը, էական վնաս հասցնելով բնակիչներին: Տավուշ գյուղի բնակիչները  առաջարկել են մարմարացված կրաքարերի   հանքի շահագործման թույլտվություն  ստանալ  Տավուշ գյուղից հեռու  տարածքում, քանի որ նույն քարի հանք  կա «Շար-Քար»  տեղամասում, որը առավել անվնաս հեռավորության վրա է բնակավայրից։  Հունվարի 22-ին Բերդ համայնքի  ավագանու  նիստում քվեարկության է դրվել  Բերդ խոշորացված համայնքի Տավուշ բնակավայրում գտնվող «Խոսկան-Քար»  հանքային դաշտի տարածքում 20 տարի ժամկետով մարմարացված կրաքարերի պաշարների արդյունահանման համար համաձայնություն տալու հարցը։ Քվեարկության արդյունքում ավագանու անդամներից  8-ը կողմ է եղել, 8-ը՝ դեմ  համաձայնություն տալուն, այսինքն՝ համաձայնություն տալու առաջարկը ավագանու կողմից չի ընդունվել։  Բերդ համայնքից տեղեկացա, որ «Մարմարիս»  ՍՊԸ սեփականատերը Վարդան Աթոյանն է. նա    «Երկրապահ» կամավորականների միության Բերդի  տարածաշրջանի մասնաճյուղի վաղամեռիկ նախագահ Հրաչիկ Աթոյանի (որը հայտնի է Չառլի մականունով) որդին է։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս