ԵՐԵՎԱՆՑԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԻ ՄՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է՝ իշխանությունները չեն հրաժարվել տրանսպորտի թանկացման գաղափարից, այլ հետաձգել են այն, որպեսզի հանրության տրամադրությունները ստուգեն: Մեզ հետ զրույցում Սուքիասյանը նաեւ չբացառեց, որ փողոցային պայքար սկսեն՝ տրանսպորտի թանկացման դեմ:

 

-Պարո՛ն Սուքիասյան, ավագանու այսօրվա նիստին պետք է ընդգրկված լիներ տրանսպորտի թանկացման մասին աղմկահարույց նախագիծը: Վերջին պահին իշխանությունները կարծես հետքայլ արեցին, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է այն քննարկվի եւ կրկին ներկայացվի ավագանու նիստին: Ի՞նչ տեղեկություններ Դուք ունեք, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տվյալ նախագծում, ու սա կարո՞ղ ենք համարել հետքայլ, թե՞ պարզապես աղմուկից ելնելով՝ որոշել են որոշ ժամանակ դադարեցնել:

-Այն հանրային դժգոհությունը, որ եղավ սոցիալական ցանցերում, կարծում եմ, եղավ այն հիմնական դրդիչը, որ իշխանություններին հարկադրեց գնալ նման քայլի: Նախօրեին՝ այլ թեմայով քննարկումների ժամանակ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախատեսում են ինչ-ինչ արտոնություններ սահմանել, բայց հնչեցրած 20 տոկոս արտոնությունները այդ հրեշավոր թվի պայմաններում էական ոչինչ չեն փոխում: Իրենք փորձում են, հարային տրամադրությունները շոշափելով, միանգամից պայթյուն չառաջացնել, որովհետեւ ոչ պոպուլյար որոշումները մեկը մյուսի հետեւից կլինեն լրջագույն  հանրային դժգոհության գեներատոր, բայց, արի ու տես, իրենք պաշտոնապես չեն հրաժարվել այդ գաղափարից: Կսպասենք, կտեսնենք՝ ինչ վերջնական տեսքի կբերեն նախագիծը, եւ այդ ժամանակ իրականությունը պարզ կդառնա: Մենք բոլոր պարագաներում կտրուկ, թռիչքաձեւ թանկացման դեմ պայքարելու ենք:

-Այսինքն՝ փողոցային պայքարի՞, հնարավոր է, դուրս գաք, եթե նախագիծը կրկին բերվի նիստերի օրակարգ:

-Շատ հնարավոր եմ համարում: Ի տարբերություն այլ քաղաքական, ավագանու ուժերի՝ կարմիր կետագծերի ժամանակ էլ՝ դեկտեմբերին, չորս-հինգ օր  մենք փողոցներում սառնամանիքին հանրային իրազեկում ենք արել:

-Բայց իշխանություններին, ամեն դեպքում, հաջողվեց անցկացնել նախագիծը:

-Շատ լավ, հաջողվեց, բայց այսպես եկեք նայենք. վարորդները ավելի սոցիալապես փոքր շերտ են, քան գերակշիռ մասը մեր բնակչության, որ օգտվում է քաղաքային տրանսպորտից, եւ հանրային տրանսպորտի թանկացումը, վստահ եմ, հանրային շատ ավելի լայն շերտեր է ընդգրկելու, եւ երեւանցին անտարբեր չի մնալու այդ թանկացմանը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԴԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՂԵՐՁՆ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ իշխանությունը բավարար ուշադրությամբ չի լսել ժողովրդի ուղերձը, որով նա խաղաղությունն էր պատվիրում քաղաքական գործիչներին:

 

Այս մասին Փաշինյանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի՝ փետրվարի 10-ին Աշտարակում տեղի ունեցած նիստում՝ անդրադառնալով ՀՀ հարատեւման եւ անվտանգային ապահովման համար անհրաժեշտ անելիքներին:

«Մենք մեղավոր ենք միայն մի բանում, որն առաջին անգամ հրապարակային պիտի ասեմ. եթե մենք հանցանք ենք գործել, մեր հանցանքը եղել է հետեւյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել, որովհետեւ վերջին 20 տարում ընդդիմության կարգավիճակում, թե իշխանության, թե նույնիսկ քաղաքական գործունեությամբ չզբաղվողի կարգավիճակում, ում տեսել ենք, որ տունը, օջախը մտել ենք, մի կտոր հաց կիսել ենք, թե չենք կիսել, ապա այդ սեղանի  շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ, ըստ այդմ, պետք է հստակ լիներ, որ դա ժողովրդի ուղերձն է, որը իշխանության, կառավարության գործատուն է եւ պատվիրում է, թե ինչ պետք է անի կառավարությունը:

«Եվ եթե մենք մեր ժողովրդի հետ բավարար չափով կապված լինեինք, հասկանայինք նրան, մենք կհասկանայինք, որ նա այդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց: Մեր հանցանքն այն է, որ մենք այդ ուղերձը չենք ընկալել բավարար խորությամբ, եւ, երկրորդը՝ այդ ուղերձը չենք վերլուծել եւ հետ չենք եկել ժողովրդին՝ ասելու, որ մենք հասկացանք, որ դուք խաղաղություն եք պատվիրում մեզ»,- համոզմունք է հայտնել նա՝ շեշտելով, որ  իշխող, կառավարող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը եւ այն հաղթահարելու կամ  դուրս գալու ուղիներն ու այդ ճանապարհի ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր մեխանիզմները, գործիքները ցույց տալ՝ ձեւավորելով հանրային համաձայնություն:

Վարչապետի գնահատմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՀՀ-ի շուրջ  իրողությունը նման է ականապատ դաշտի, որից դուրս գալու ելքերն այնքան էլ շատ չեն, եւ կարող է պարզվել նույնիսկ, որ միայն մեկ ճանապարհ կա:

Փաշինյանը հայտարարել է, որ մինչ այժմ կառավարությունը դրա մասին չի խոսել նաեւ այն պատճառով, որ, նախ, վստահելի չի համարել խաղաղության հասնելու այդ ճանապարհը եւ սոցիալ-հոգեբանական առումով չի համակերպվել այդ իրողության հետ:

Վարչապետը նկատում է, որ շատ են պատահում դեպքեր, երբ ամենատարբեր տարածքների վերաբերյալ տարբեր պատմություններ, նախապատմություններ կան, բայց կյանքը, հանգամանքները, ի վերջո, բերում են մի կետի, երբ պետք է, ինչ-որ բազայի վրա հիմնվելով, ընտրություն կատարել, որոշում կայացնել եւ  կառուցել երեխաների ապագան:

«Հիմա առավել եւս շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքները եւ մղումները, եւ ես ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում ժողովրդին առաջնորդել՝ այդ ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու: Ինչպես նախկինում եմ ասել՝ պարտավորված եմ այս փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավը, մեր նավակը հասցնել խաղաղ հանգրվանի»,- հավաստիացրել  է վարչապետը:

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանին։ Քննարկվել են Երեւան-Սանկտ Պետերբուրգ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել Երեւանում Սանկտ Պետերբուրգի բիզնես կենտրոն կառուցելու ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ու Երեւանի միջեւ մշակութային ու տնտեսական ծրագրերի իրականացումը։

 

 

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործիչ Արման Աբովյանը, անդրադառնալով Վարդենիսում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, գրում է. «Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում այս օրերին, ցույց է տալիս մարդկանց մոտ իրականության ընկալման արմատական փոփոխությունները։

Մարդիկ այլեւս կտրականապես չեն վստահում թավշյա իշխանություններին։

Հիշեցնեմ, որ մարդիկ փակել էին դեպի քաղաք տանող ճանապարհը Վարդենիսից այլ քաղաքներ անձնագրային եւ ենթադրաբար քաղաքի սոցիալական այլ ծառայություններ տեղափոխելու՝ թավշյա իշխանությունների ծրագրերի պատճառով:

Տեղում մարզպետն էր, որն իսպառ հերքում է բոլոր այն լուրերը, թե այդպիսով իշխանությունը պատրաստվում է «հանուն խաղաղության» հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հերթական մասը թուրք-ադրբեջանական օկուպանտներին։

Բայց այս դեպքում իմաստը նույնիսկ այն չէ՝ մարզպետը ճշմարտությունն է ասում, թե ոչ։

Խնդիրն իրականում ավելի խորն է եւ հայեցակարգային:

…Փաստորեն, մենք տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսեւորում։

 

 

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

«Կոռուպցիան Երեւանում համատարած է եւ հսկայական չափերի է հասնում»,- Ազգային ժողովում փետրվարի 12-ին՝ «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Ակտիվիստի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր առաջին հաղթանակն արդեն գրանցվել է։ Երեւանի քաղաքապետարանն ընդունեց, որ նա իրավացի էր: «Ուրեմն անհամապատասխանություններ կան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նստարանների տեղադրման հետ կապված… Միայն նշեմ, որ վարչական շրջանի ղեկավարը պատրաստվում էր ինձ պատասխանատվության ենթարկել»,- ասաց Չախոյանը։

Ակտիվիստը, մասնավորապես, ներկայացրել է Երեւանում կոռուպցիայի հետ կապված փաստեր, որոնք, ըստ նրա, կատարվել են կա՛մ թերի, կա՛մ խախտումներով, որոնց, ըստ էության, քաղաքապետարանը հավանություն է տվել եւ վճարել։

 




Լրահոս