«Սեպտեբերի 19-ին առավոտյան գրադարան գնացի: Այդ օրը սովորականից շատ ընթերցողների հոսք կար: Ընդմիջման ժամին աշխատողները տուն գնացին, իսկ ես մնացի ընթերցողների հետ գրադարանում: Երբ արդեն վերջին ընթերցողները պիտի գնային, ես էլ իրենց հետ դուրս եկա: Արդեն աստիճաններին լսեցինք առաջին կրակոցների ձայները, քարացանք… Տպավորություն էր, կարծես ամբողջ աշխարհը փուլ եկավ:
Կրակոցները շարունակվեցին ու ամենուր խուճապային տրամադրություն էր: Ծնողները դպրոց, մանկապարտեզ էին վազում՝ երեխաներին գտնելու: Շատ ծնողներ իրենց երեխաների տեղը չգիտեին անգամ, քանի որ շատերն, ապաստարան գնալով, ճանապարհին պատահած երեխաներին իրենց հետ տարել էին:
Աչքիս առաջն առնելով այդ տեսարանը՝ ես ակամայից թուլացել ու մնացել էի շենքի մոտ նստած: Մտքիս մենակ ընտանիքս էր գալիս, իմ զինծառայող տղաները…»,- ArmLur.am-ի հետ զրույցում վերհիշում է Արցախից բռնի տեղահանված Լուսիկ Սարգսյանը:
Տիկին Լուսիկի երկու տղաները զինծառայողներ էին, մեկը փրկարար ծառայության մայոր էր, իսկ մյուսը՝ ԱԱԾ-ի սպա: Երկու տղաներն էլ մասնակցել են Արցախյան պատերազմներին, բայց մայրն իր տղաների անցած պատերազմական ճանապարհից չցանկացավ խոսել, միայն ասում է՝ «Աստված լսել է իմ աղոթքներն ու գթացել ինձ»:
Լուսիկ Սարգսյանն իր մեծ ընտանիքի հետ ապրում էր Արցախի Ասկերան քաղաքում: Ասկերանում 32 տարի շարունակ աշխատել է Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում՝ որպես գլխավոր գրադարանավար: Տասը տարի շարունակ եղել է ՏԻՄ ավագանու անդամ: Աշխատանքից բացի զբաղվել է նաև գյուղատնտեսությամբ: Ասկերանում ուներ 6 հեկտար նռան այգի, որ ընտանիքով սիրով մշակում էին: Մշակված բերքն ու բարիքները ներկայացնում էին Ստեփանակերտում և Ասկերանում կազմակերպված բոլոր փառատոներին: Լուսիկ Սարգսյանն ասում է, որ այգուց ստացված բերքից հյութ էր պատրաստում և ստացված բերքն իրացնում նաև հյութի տեսքով:
«Հիմնական աշխատանքից բացի, միշտ ձգտել եմ ուրիշ աշխատանքով էլ զբաղվել: Ասկերանում պայմաններ կային հողագործությամբ զբաղվելու համար, ինչից էլ ելնելով՝ ընտանիքիս հետ սկսեցի նռան այգի հիմնել ու մշակել: Երբեք կյանքից չենք դժգոհել, աշխատավոր մարդիկ էինք, աշխատել ու մեր աշխատածով ապրում էինք: Ընդհանրապես Արցախում կյանքը լավ կլիներ, եթե չլինեին պատերազմները»,- ասում է Լուսիկ Սարգսյանը և մտովի հասնում հայրենի Ասկերան քաղաքը:
«Ասկերանը սիրում էի և բոլոր նպատակներս կապված էին հայրենի քաղաքիս հետ: Փորձում էի իմ գործով մի նորարարություն, մի գույն փոխանցել իմ գեղեցիկ քաղաքին: Գեղեցիկ էր մեր Ասկերանը՝ լի իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով: Հիմա ինչքան էլ նկարագրեմ իմ քաղաքը հաստատ մի բան կմոռանամ: Միայն կասեմ, որ յուրահատուկ էր նա՝ իր ամեն անկյունով: Սիրել ենք մեր բնօրրանը: Վստահ եմ, մենք՝ բոլոր արցախցիներս, ձուլված էինք այդ հողին և այդ հողի կարիքը հիմա շատ ունենք…»,- ասում է մեր զրուցակիցը:
Լուսիկ Սարգսյանի մեծ ընտանիքի տասնմեկերրորդ անդամը ծնվել է բռնի տեղահանումից հետո: Ընտանիքի մեծ լինելու համար՝ մի մասը տեղափոխվել է Բալահովիտ, իսկ մի մասը շարունակում է ապրել Աբովյան քաղաքում:
ArmLur.am-ի հետ զրույցում Լուսիկն իր նպատակների մասին նաև բարձրաձայնեց: Նպատակ ունի կամ փոքրիկ խանութ բացել կամ էլ ժենգյալով հաց թխել ու վաճառել: Փորձի պակաս չունի: Արցախում ևս խանութ ուներ, որ բլոկադայի և պատերազմի օրերին հանել ու ամբողջությամբ նվիրել է ծանոթ-անծանոթներին:
«Մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, կազդուրվեմ, հավաքեմ ինձ ու գործի անցնեմ: Առաջին քայլերը դժվար է ստացվելու, բայց ստացվելու է, լավ կլինի…»,- ասում է Լուսիկ Սարգսյանը:
Նանիկ Աղասյան