ՖՈՏՈ. Որպես վիրաբույժ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում. Արցախից բռնի տեղահանված բժշկի պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկ Ադամյան ազգանունը Ստեփանակարետում շատերը գիտեին: Նրան դիմում էին ոչ միայն իր մասնագիտությանը վերաբերող հիվանդություններին խորհրդատվություն, բուժում ստանալու համար, այլև խորհուրդ հարցնում, թե ինչ անել մյուս հիվանդությունների ժամանակ:

Փարավոն Մեսրոպի Ադամյանը ծնվել է 1935թ. հունվարի 18-ին, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:

Արժանացել է ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ (отличник здравоохранения), ԼՂՀ վաստակավոր բժիշկ կոչումներին: Երկար տարիներ ծավալելով մասնագիտական բեղում աշխատանք՝ Փարավոն Ադամյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂ արհմիությունների ֆեդերացիայի, «Գիտելիք» ընկերության, «Միջազգային Կարմիր խաչի» Ստեփանակերտի գրասենյակի, ԼՂԻՄ մարզառբաժնի, ԼՂՀ առողջապահության նախարարության բազմաթիվ պատվոգրերով:

«1963թ. նշանակվել է Լեռանային Ղարաբաղի դեռ չկառուցված Մարզային Ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ։ Հատկացրել են շենքը ու հաձնարարել են ծարայության կատարումը։ Տարիների ընթացքում կայացավ ուռուցքաբանական դիսպանսերը: Օգտագործելով սեփական կապերը՝ հաջողվեց ոչ միայն վերանորոգման հարցը լուծել, այլև կառուցել առանձին ամբուլատորի և ռադիոլոգիայի շենքը, որի համար Բաքվից ստացել է երաշխագիտություն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է որդին՝ Աշոտ Ադամյանը, որ նույնպես ընտրել է հոր ճանապարհը:

Տարիների ընթացքում ձեռք բերելով փորձ և մասնագիտական մեծ հաջողություն՝ բժիշկ Ադամյանն անուն հանեց ոչ միայն հայրենիքում, այլև հայրենիքից դուրս՝ Մոսկվայում, Լենինգրադում…

«Հիշում եմ, հորս մոտ գալիս էին բուժման, վիրահատության նաև Ադրբեջանից ու ողջ Կովկասից: Իր ախտորոշումները և կատարած վիրահատությունները կասկածի չեն ենթարկվել: Բազմիցս լսել եմ, որ ասել են՝ բժիշկ Ադամյանն է, ուրեմն՝ բարեհաջող է ամեն ինչ: Նրան վստահում էին ոչ միայն Մոսկվայում, այլև ողջ ԽՍՀՄ-ում: Եղել են անգամ դեպքեր, երբ հիվանդը դիմել էր Մոսկվայի ուռուցքաբանական կենտրոն, նրան ասել են՝ ինչու եք այստեղ եկել, երբ ունեք բժիշկ Ադամյան»,- վերհիշում է որդին:

Որպես վիրաբույժ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում։ 1988-1994 թվականներին Ադամյանը մարզային հիվանդանոցում և մարզկոմի նկուղային հարկում տեղակայված զինվորական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ 1992թ. պատերազմում զոհվեց նաև Ադամյանի կրտսեր որդին: Այս ծանր հարվածը չկոտրեց նրան և արցախցուն հատուկ համառություն ու հայրենասիրություն դրսևորելով՝ նա շարունակեց կատարել իր մասնագիտական պարտքը՝ զինվորների և խաղաղ բնակիչների հանդեպ:

«Մեր ծնողից էլ օրինակ վերցնելով՝ ես և քույրս ընտրեցինք բժիշկ դառնալու ճանապարհը»,- ասում է որդին:

89-ամյա բժիշկի մասին հիշելիս՝ գործընկերուհին՝ Արմինեն, նշում է.

«Դեռ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ միշտ խորհուրդ էր տալիս հանգիստ կատարել մեր աշխատանքը, առանց ավելորդ խուճապի և հուզմունքի: Հիմա ապրում է որդու՝ Աշոտ Ադամյանի տանը: Աշոտը ևս բժիշկ է՝ վնասվածքաբան-օրթոպեդ: 44-օրյա պատերազմի մասին իմանալուն պես՝ նա շտապել է մեր հիվանդանոց և մինչև պատերազմի վերջին օրն իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել մեր զինվորներին»:

Փարավոն Ադամյանի անունն էր կրում Արցախի Հանրապետական հիվանդանոցի ուռուցքաբանական բաժանմունքը: Որպես գլխավոր բժիշկ՝ նա աշխատեց մինչև 2008թ., որից հետո աշխատանքը շարունակեց որպես դիսպանսերի բժիշկ, ավագ ընկեր ու խորհրդատու:

«Աշխատողների հետ եղել է ինչքան խիստ, նույնքան էլ արդար, եղել է հայր, ավագ ընկեր ու խորհրդատու՝ երբեք չշահագործելով իր պաշտոնը»,- ասում է Արմինեն:

Նանիկ Աղասյան




Լրահոս