ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է 1689 ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականին կենսաբազմազանության, մթնոլորտի պահպանության, ջրային ռեսուրսների եւ ընդերքի օգտագործման ու պահպանության ոլորտում արձանագրել է ընդհանուր առմամբ 1689 խախտում:

 

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թ. ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:

Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում (2022-ին՝ 897, 2021-ին՝ 1163): Նշանակվել է 24 մլն 120 հազար դրամի վարչական տուգանք (2022-ին՝ 25 մլն 310 հազար, 2021-ին՝ 32 մլն 880 հազար): Բուսական եւ կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 273 մլն 384 հազար 433 դրամ (2022-ին՝ 913 մլն 515 հազար 844, 2021-ին՝ 1 մլրդ 16 մլն 345 հազար 864 դրամ):

Մթնոլորտի պահպանության ոլորտում արձանագրվել է 329 խախտման դեպք (2022-ին՝ 179, 2021-ին՝ 141): Կիրառվել է 26 մլն դրամի վարչական տույժ: Շրջակա միջավայրին պատճառած վնասը գնահատվել է 180 մլն 863 հազար 753 դրամ։ Առանց սահմանային թույլատրելի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար կասեցվել է 10 տնտեսվարողի գործունեություն։ Գերակշռում են շինարարության, բեռնատարներով՝ առանց անթափանց ծածկի սորուն նյութերի տեղափոխման, ընդերքի օգտագործման եւ խոզանների այրման (գյուղատնտեսություն) հետ կապված խախտումները:

2023-ին արձանագրվել է ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն առնչվող 161 իրավախախտում, կիրառվել է 45 մլն 850 հազար դրամի վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 638 մլն 276 հազար 29 դրամ: Գերակշռել են ձկնաբուծության, ջրօգտագործող ընկերությունների եւ ՏԻՄ գործունեության հետ կապված խախտումները: Ստուգումների արդյունքում ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ կայացվել է գործունեությունը կասեցնելու 33 որոշում։

2022-ին այս ոլորտում գրանցվել էր 99, 2021-ին՝ 110 իրավախախտում: Սահմանվել էր համապատասխանաբար 22 մլն 230 հազար եւ 19 մլն 820 հազար դրամի վարչական տուգանք: Շրջակա միջավայրին պատճառված վնասը 2022-ին գնահատվել էր 94 մլն 974 հազար 272, իսկ 2021-ին՝ 632 մլն 870 հազար 525 դրամ:

Համաձայն Վրեժ Գալոյանի ներկայացրած զեկույցի՝ նախորդ տարի ընդերքի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 175 դեպք՝ նախորդ տարվա 163-ի փոխարեն: Պետությանը պատճառվել է 1 մլրդ 800 մլն 918 հազար 616 դրամի վնաս (2022-ին այն կազմել էր 961 մլն 178 հազար 695 դրամ):

Հայտնաբերվել է ընդերքի ապօրինի օգտագործման 113 դեպք (անցյալ տարի 41-ն էր): Դրանցից 18-ն արձանագրվել է ընդերքի օգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 95-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։ Պետությանը պատճառած 1,8 մլրդ դրամ վնասի չափը հաշվարկել է ՊԵԿ-ը:

Ընդերքի ապօրինի օգտագործման առավել շատ դեպքեր գրանցվել են Արմավիրի (31) եւ Արարատի (19) մարզերում: Դրանք պայմանավորված են ավազի ապօրինի արդյունահանմամբ: Գեղարքունիքում եւ Արագածոտնում գրանցվել է 14-ական, Սյունիքում՝ 10, Կոտայքում՝ 9, Շիրակում՝ 7, Տավուշում՝ 4, Լոռիում՝ 3, Վայոց ձորում՝ 2 դեպք: Բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ապօրինի արտահանված հանքանյութի ծավալը կազմել է 2 մլն 787 հազար 275 խմ, որից ավազ՝ 1 մլն 192 հազար 264, բազալտ՝ 432 հազար 768, հողագրունտ՝ 397 հազար 134, պեռլիտ՝ 323 հազար 865, տուֆ՝ 307 հազար 258, այլ՝ 133 հազար 987 խմ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

1897 ՈՒՍԱՆՈՂ՝ ՇԱՀԱՌՈՒ

Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում եւ հանդիսանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրի շահառու։

 

Այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցության երկու ծրագրերի ընթացքը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  4640 սովորող, որից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն, իսկ 2524-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,-ներկայացրել է Հայոցյանը։

Կառավարության մյուս ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող ԼՂ այն քաղաքացիներին, ում ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են։ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական, միջին եւ հետբուհական մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։

Ծրագրի շրջանակում նախնական հայտերի հիմքով աջակցություն է ստանում 844 շահառու։

«Թվային տվյալները երկու ծրագրերի դեպքում դինամիկ են, քանի որ ունենք որոշակի հոսունություն։ Այդ պատճառով բուհերից ունենում ենք թարմացված տեղեկության հավաքագրման գործընթաց»,-եզրափակել է Հայոցյանը։

Է ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՊԵԿ-Ի ՀԻՇԵՑՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  եւ վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշ­վար­կ:

Նշվում է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ հարկային օրենսդրության պահպանման եւ այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու եւ վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

 




Լրահոս