ՖՈՏՈ. «Լյուքս» դասի ապրանքանիշերի կողքին հանդիպող միակ «Մասս մարկետ» ZARA-ի հաջողության պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևության ոլորտի զանգվածային շուկայի, կամ ինչպես հայտնի է «մասս մարկետ»-ի հիմնադրման հարցում մեծ է ZARA ապրանքանիշի դերը. այն առաջին հագուստի ապրանքանիշն է, որը արտադրել է նորաձև հագուստ՝ մատչելի գներով:

Առհասարակ զանգվածային շուկան նպատակ ունի նորաձևության վերջին «թրենդ»-ները հասանելի դարձնել հասարակության ոչ շատ վճարունակ հատվածին՝ հնարավորություն ստեղծելով լինել նորաձև: Միակ բացասական կողմն այն է, որ նման ապրանքանիշերի կողմից արտադրված հագուստը երբեմն ոչ այնքան որակյալ է լինում, սակայն կան ապրանքանիշեր, որոնց հագուստի որակը չի զիճում «լյուքս» դասի ապրանքանիշերի որակին:

Զանգվածային շուկայի հիմնադրման հարցում էական նշանակություն ունի կարի մեքենաների արտադրությունը: Այն մեծ թափ առավ 19-րդ դարի կեսերին՝ սկիզբ դնելով հագուստի զանգվածային արտադրությանը: Եվ միայն 20-րդ դարում նորաձևությունը դարձավ օրինական արդյունաբերություն՝ բառի ինստիտուցիոնալ իմաստով:

Անդրադառնալով նորաձևության ոլորտում զանգվածային շուկայի դերակատարներին՝ պետք է նշել, որ առաջիններից մեկը, որը հիմք դնեց մատչելի նորաձևությանը, իսպանական ZARA ապրանքանիշն է:

Այն հիմնադրել է չափազանց աղքատ ընտանիքում ծնված Ամասիո Օրթեգան, ով 13 տարեկանից ստիպված էր աշխատել կարի արտադրամասում: Հագուստի մոդելավորողը, որի մոտ Ամասիոն աշխատում էր Գալիսիայում, նկատում է նրա կազմակերպչական տաղանդն ու կտորի ու կարի հետ աշխատելու ցանկության պակասն ու նրան տեղափոխում այլ աշխատանքի: Տաս տարի կառավարման փորձ ձեռք բերելուց հետո Ամասիո Օրթեգան, կինը, քույրն ու եղբայրը անձնական գործ են սկսում՝ կարելով գիշերազգեստներ և ներքնազգեստներ:

1975 թվականին, երբ Օրթեգաների գերմանացի գործընկերները չեն վերցնում արտադրած մեծ քանակությամբ ներքնազգեստի պատվերը, Ամասիո Օրթեգան վաճառում է իր ողջ ունեցվածքն ու խանութ բացում Լա-Կորունյա քաղաքի գլխավոր փողոցներից մեկում, որտեղ էլ վաճառքի է հանում պատրաստ օրինակները: Խանութն ի սկզբանե անվանվում է Zorba, սակայն գրանցման հետ կապված խնդիրների պատճառով ստիպված են լինում վերանվանել այն՝ կոչելով ZARA: 1985 թվականին խանութնորի ցանցի վերածված ZARA-ի հիմքի վրա ստեղծվում է Inditex Group-ը, որին ապագայում մաս է կազմում Massimo Dutti-ին, ստեղծվում են Pull and Bear-ն ու Bershkan, ապա նաև Stradivarius-ը և Oysho-ն:

1988 թվականին Ամասիո Օրթեգան սկսում է ցանցի խանութնոր բացել նաև իսպանիայից դուրս: Այսօր Inditex Group-ը ողջ աշխարհում ունի ավելի քան 7 հազար խանութ:

ZARA ապրանքանիշը հիմնադրելով Օրթեգան նպատակ ուներ նորաձևության թրենդները հասանելի դարձնել հասարակությանը՝ ավելի արագ և ավելի մատչելի արտադրությամբ: Հայտնի է, որ նորաձևության ոլորտում հայտնի «լյուքս» դասի ապրանքանիշերի հիմքւմ կանգնած նորաձևության տները հավաքածուներ էին թողարկում տարին երկու անգամ և դրանցում ընդգրկված հագուստները շուկա էին դուրս գալիս ցուցադրությունից մի քանի ամիս անց միայն: Ամասիո Օրթեգան նպատակ է դնում հնարավորինս սեղմ ժամկետում արտադրել մեծ քանակությամբ նորաձև հագուստ և այնպես անել, որ դրա վրա ծախսված գումարը շատ չլինի՝ թույլ տալով ապահովել մատչելի գներ: Հեռատես գործարարի այս քայլը նորաձևության տներին ստիպում է արագացնել արտադրական գործընթացը և ավելացնել տարվա ընթացքում տեղի ունեցող ցուցադրությունների քանակը՝ հիմք դնելով միջսեզոնային հավաքածուներին:

Ապրանքանիշի հաջողության հիմքում հագուստի գեղեցկությունն է, պարզությունը, հարմարավետությունն ու կայունությունը: Պետք է նշել նաև, որ ZARA-ն երբեք գովազդային արշավներ չի իրականացրել, սակայն համարվում է ամենաշատ սպառում ունեցաղ ապրանքանիշերից մեկը:

Այսօր ZARA խանութները նորաձևության ոլորտի զանգվածային շուկայում միակն են, որոնց կարելի է հանդիպել «լյուքս» դասի ապրանքանիշերի խանութների կողքին: Ապրանքանիշն այնքան որակյալ և նորաձև է, որ այն կրում է նաև թագավորական ընտանիքների ներկայացուցիչները՝ էլ ավելի հաջողություն բերելով ZARA-ին:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս