88.2 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2024թ. հունվարի 18-ի նիստի որոշմամբ՝ հիմնադրամը վերանայել եւ ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ. հունվարի 1-ից։

 

Այս նախաձեռնության արդյունքում «ԶԻՆԱՊԱՀ»-ի տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։

«Հոգաբարձուների խորհուրդը եւ գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը եւ դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ արժանի մեր զինծառայողների նվիրվածությանն ու զոհաբերությանը: Ի նշան հարգանքի, գնահատանքի եւ ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին մեր հայրենիքի համար, մենք պարտավորվում ենք անել հնարավորը մեր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին սատար կանգնելու եւ բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,-նշում են հիմնադրամից։

Ինդեքսավորումը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների եւ լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։ Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա եւ 2024թ. հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից եւ «Կամուրջ» ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։

«Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաեւ «ԶԻՆԱՊԱՀ»-ի՝ երբեւէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ. մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ. հունվար եւ փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ. մարտի 1-ին «ԶԻՆԱՊԱՀ»-ը կփոխանցի հունվար եւ փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։

Այս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ. մարտից «ԶԻՆԱՊԱՀ»-ի շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին՝ ներկայիս 5-ի եւ 15-ի փոխարեն»,-բոլոր սպասվող փոփոխությունները պարզաբանում են հիմնադրամից։

«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին եւ 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ «ԶԻՆԱՊԱՀ»-ը ապաքաղաքական կառույց է եւ գործում է՝ համաձայն ՀՀ օրենքի։

«ԶԻՆԱՊԱՀ»-ն աջակցում է 5,219 զինծառայողների եւ նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 եւ 10 մլն ՀՀ դրամ, այնուհետեւ ամսական 100,000 -300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով։ 2017թ.-ից ի վեր «ԶԻՆԱՊԱՀ»-ը տրամադրել է ավելի քան 88.2 մլրդ ՀՀ դրամի հատուցում։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

26 ՀԵԿՏԱՐ՝ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։

 

«Թեեւ 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն եւ, ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի, ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ եւ այլ օժանդակ շինություններ։ Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,-  մանրամասնեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլեւ Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց եւ ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները. «Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետեւանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, եւ տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը, հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները եւ քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։

Ն. ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ՏԱՐԻ

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի բնակիչ  Գերասիմ Մարդանյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Գ. Մարդանյանը  հարուցված մեղադրանքը համարում է շինծու՝ ասելով,  որ Սիմոնյանների ընտանիքը   զբաղվում է անտառում ծառերի ապօրինի հատումներով եւ դրանից ստացված վառելափայտի իրացմամբ, Ժ. Սիմոնյանը  իր հանդեպ սուտ մատնություն է կատարել, քանզի ինքը ի պաշտոնե խանգարել է Սիմոնյան ընտանիքի կողմից ապօրինի ծառահատումներին։  Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է 2018թ. հունվարի 23-ին։  2019թ. փետրվարի 7-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Մարդանյանին ՀՀ  քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Ժ.  Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ դատախազությունը այդ  դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը 2020թ. մարտի 25-ին որոշել է վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի,  առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, Գ. Մարդանյանի նկատմամբ կիրառված  «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ, նրա նկատմամբ կիրառված պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացնել։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազությունը, Գ. Մարդանյանի պաշտպան  Ռոբերտ Ալիխանյանը, Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ Ա. Ղարագյոզյանը վճռաբեկ բողոք են ներկայացրել։ 2020թ. հուլիսի 15-ին վճռաբեկ դատարանը որոշել է   ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 25-ի որոշման դեմ  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի,  Գ. Մարդանյանի պաշտպան Ռ. Ալիխանյանի,  Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ Ա. Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է  Գ. Մարդանյանի դատավարությունը։ Նա այժմ  պաշտոնավարում է որպես ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս