«ԳԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ԻՑ ԻՆՁ ՈՒՂԵԿՑԵ՞Ն ԴՈՒՐՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. իշխող քաղաքական ուժը պատասխանատվություն է վերցրել ու մինչեւ վերջ կտանի:

 

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը նոր ընտրությունների մտադրություն ունի:

«Նոր ընտրություններն անթույլատրելի են: Դա պատասխանատվությունից փախչել է: ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, եւ նման հարց չի քննարկվում, չի քննարկվել»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ սա պատասխանատու դիրքորոշում է եւ թիմի միասնական որոշումն է:

Սիմոնյանը հավելեց՝ իրենց քաղաքական ուժը վերցրել է պատասխանատվություն եւ մինչեւ վերջ կտանի: «Մենք առաքելություն ունենք՝ Հայաստանի Հանրապետությանը եւ մեր տարածաշրջանին խաղաղություն բերելը: Դրանից հետո ընտրությունների ժամանակը կգա, մենք կներկայացնենք մեր տեսլականը, մեր ընդդիմադիր գործիչները՝ իրենց տեսլականը: Եվ ՀՀ ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրություններով կքվեարկի եւ կընտրի այն իշխանությանը, որ կգտնի ճիշտ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս են գալու:

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

ԱԺ նախագահը վստահ չէ, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն:

«Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին: Էլ չեմ ասում, որ հաճախ նաեւ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, դա՞ էր պաշտպանել: Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,-ասաց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեմ չէ, որ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապրի:

«Բոլոր երկրներն էլ պետք է իրար հետ խաղաղ ապրեն: Եվ ես դեմ չեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն»,-ասաց ԱԺ նախագահը:

«Հայաստանի իշխանությունները կիսում են յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ»,-ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը:

«Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցելը սառեցված հարաբերություն է: Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է ու չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչու դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:

Նա հորդորեց վստահել իշխող ուժի քաղաքական մարտավարությանը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը եւ վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես եւ ՀՀ իշխանությունները»,-նշեց նա:

Ըստ Սիմոնյանի՝ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է ու ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելը: «Մենք այդպես արեցինք, եւ, երբ եկավ X պահը, երբ մենք վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ թույլ տա քաղաքական մակարդակով, պարզվեց՝ մեր դաշնակիցը դա թույլ տվեց, ոչ միայն թույլ տվեց, այլ նաեւ շատ բաների վրա աչք փակեց»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ ԱԺ նախագահի՝ դա հակառուսական ալիք է բարձրացրել Հայաստանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԿԴԱՌՆԱՆ ՍՏՈՒԳԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ

Հայաստանում առաջին անգամ կարելի կլինի իրականացնել խաղային ինդուստրիայի վերահսկում ժամանակի իրական ռեժիմում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրինագծում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ՝ փետրվարի 27-ին, ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

 

Նա նշել է, որ բոլոր պահանջվող չափորոշիչները կդառնան ստուգվող։ «Նախագծի ընդունման դեպքում խաղերի ոլորտում ընդգրկված ընկերությունների շրջանառությունները, ինչպես նաեւ դրույքների ծավալները կդառնան ստուգելի եւ վերահսկելի»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Կառանձնացվեն մոլախաղերի բոլոր տեսակները, դրանց թվում, մասնավորապես, տոտալիզատորները, բուկմեկերական գործունեությունը, մոլախաղերի այլ տեսակներ։ Բացի այդ, կսահմանվեն խաղային ինդուստրիայի սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները։

Միջազգայինին համապատասխանող տեխնիկական չափորոշիչների ներդրումը պարտադիր կլինի տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար։

Բացի այդ,  նախատեսվում է ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ։ Այն ենթադրում է կազմակերպիչների ծրագրային ապահովման եւ տեղեկատվական համակարգերի տվյալների միացում խաղային ոլորտի կառավարման մոնիթորինգի կենտրոնին։ Այս բոլոր փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, թույլ կտան ապահովել ճյուղի թափանցիկությունը, կազմակերպիչների չպարտադրվող վերահսկողությունը, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալը նրանց իրական շրջանառության մասին։

Բացի գեմբլինգից եւ ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր խաղերը, որոնք շահույթ ունեն, ինչպես նաեւ մանկական խաղային սարքերը համարվելու են «շահ ունեցող այլ խաղեր»։

Մոլախաղերին մասնակցությունն արտասահմանում եւ դրանց գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվեն օրենքով։

Սահմանափակումներ կմտցվեն նաեւ որոշակի անձանց հանդեպ, օրինակ՝  նրանց հանդեպ, ովքեր օգտվում են պետության ֆինանսավորած սոցիալական աջակցության ծրագրերից։ Սոցիալական բնակարան ստացող քաղաքացիները եւս կզրկվեն ժամանցի նման հնարավորությունից։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՈՒՆԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը խիստ մտահոգիչ են եւ ոչ մի կերպ չեն կարող արդարացվել. այս մասին հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Գերմանիայում անհնար է պատկերացնել մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումներ, անհնար է պատկերացնել որեւէ էթնիկ խմբի բռնի տեղահանում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին՝ Վինքելմայեր-Բեքերը նշեց, որ Միջազգային քրեական դատարանը պետք է հանգամանորեն քննի աշխարհի տարբեր կողմերում իրականացված պատերազմական բոլոր հանցագործությունները եւ դրանց վերաբերյալ հանդես գա հստակ գնահատականներով ու վճիռներով, առավել եւս, որ դրա համար ունի կոնկրետ գործիքակազմ։ Ըստ նրա՝ դա վերաբերում է նաեւ ռազմագերիների վերադարձին, որը կարող է լինել առանցքային կետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու, ինչպես նաեւ  լավ հիմք՝ բանակցությունների արդյունքում դրական հանգրվանի հասնելու համար։

«Ուրախ կլինենք, եթե Գերմանիան նպաստի Հարավային Կովկասում կայունության հաստատմանը, հետեւաբար պատրաստ ենք երկու կողմերին աջակցել խաղաղության օրակարգն ու բանակցություններն առաջ մղելու գործում։ Խաղաղության գործընթացի այս փուլում Գերմանիան պետք է հակամարտող կողմերի միջեւ հանդես գա որպես ազնիվ գործընկեր եւ աջակցող կողմ, ինչը բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը։

Վինքելմայեր-Բեքերը հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարը գերմանական պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ հայկական կողմի համար կարեւոր բաղադրիչներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման գործընթացն է՝ հիմնված խորհրդային քարտեզների վրա։

«Հույս ունենք, որ դրանք հիմք կհանդիսանան երկարատեւ ստատուս-քվոյի համար հետագա համաձայնության շրջանակում։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը գտնվում է նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելության ուշադրության կենտրոնում։ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն այնպիսի հանգրվանի, երբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն հստակեցված ու ճանաչված տարածքն այլեւս վիճարկման ենթակա չի լինի եւ հիմք կհանդիսանա կայուն խաղաղության համար»,- ասաց Վինքելմայեր-Բեքերը։

 

 




Լրահոս