ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ ԽՐԱՄԱՏՆԵՐ ՓՈՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու որոշմամբ՝ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին զրկեցին մանդատից:

 

Օրակարգում նաեւ Զարուհի Փոստանջյանի հարցն էր, սակայն իշխանությունները բարեհաճ վերաբերմունք ցուցաբերեցին նրա նկատմամբ ու մանդատից չզրկեցին:

Ավագանիում կատարվող վերջին իրադարձությունների մասին ArmLur.am-ը զրուցել է Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, զրույցը սկսենք ավագանիում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Ձեր թիմակիցներից երկուսին՝ Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին, ավագանին որոշմամբ զրկեց մանդատից: Օրակարգում նաեւ Ձեր հարցն էր դրված, բայց իշխանությունները որոշակի բարեհաճ վերաբերմունք ցուցաբերեցին Ձեր նկատմամբ եւ Ձեզ չզրկեցին մանդատից, թեեւ Դուք, ի տարբերություն Սոնա Աղեկյանի եւ  Նարինե Հայրապետյանի, հենց ավագանու առաջին նիստից չեք մասնակցել: Ձեզ համար հասկանալի՞ էր՝ որն է պատճառն այս վերաբերմունքի:

-Նախ ասեմ, որ իշխանությունների  բարեհաճության խնդիրը չէ. Դուք տեսաք, որ նրանք առաջարկել էին, նաեւ կողմ քվեարկեցին, որպեսզի դադարի ավագանու անդամների մասնակցությունը ավագանիում: Այսինքն՝ երկու ձայն չբավարարեց, թե չէ իրենք ցանկանում էին ու մինչեւ վերջ տանում էին: Ինչո՞ւ այդպիսի խտրական մոտեցմամբ ներկայացվեց 5 մանդատի վերաբերյալ որոշում, բայց անցավ երեքը. ակնհայտ է՝ եթե ինչ-որ մի գործընթաց է տեղի ունենում, ապա այդ գործընթացը չպիտի լինի ուղղակի հայտարարություններով, թե նրանք անհարգելի բացակայել են, այլ պետք է ամեն մեկի եւ յուրաքանչյուր բացակայության վերաբերյալ տրվեր պարզաբանում, հիմնավորում եւ պատճառաբվանություն, որպեսզի հասկանալի լիներ՝ դրանք իրապես անհարգելի էին, թե հարգելի, որովհետեւ քաղաքական մարմնում ընդգրկված անդամները իրավունք ունեն նաեւ  բացակայել, եւ բացակաները պետք է դիտարկվեն հարգելի, որովհետու դա քաղաքական դիրքորոշում է: Այսինքն՝ բացակայում ես ինչի՞ց՝ քվեարկելուց, չես ուզում քվեարկել. դա նույնպես ընդգծված քաղաքական մոտեցում է, ես իմ դիրքորոշումը այդպես եմ հայտնում: Դա օրենքով սահմանված իրավունք է, որից դու կարող ես օգտվել: Ակնհայտ է, որ որեւիցե մեկին պարզաբանում չի տրամադրվել, թե ինչու է այդ մարդը բացակայել, եւ երկրորդ հարցը՝ բացակայությունը եղել է հարգելի, թե ոչ հարգելի:

-Տիկի՛ն Փոստանջյան, «Հանրային ձայն»-ը ինչո՞ւ չմիացավ Ձեր դեմ քվեարկությանը:

-Ես չեմ կարող ասել, որովհետեւ ես իրենց հետ ընդհանրապես որեւիցե հարաբերություններ չունեմ, նույնիսկ ես անձնապես իրենց չեմ ճանաչում:  Նրանք ինչ-որ հիմնավորումներ հավանաբար ներկայացրել են կամ ունեն:

-Տիկի՛ն Փոստանջյան, ի՞նչ եք պատրաստվում անել, հնարավո՞ր է՝ որոշում կայացնեք ու անձամբ հրաժարվեք մանդատից:

-Գիտեք, անիմաստ է հիմա խոսել նման հարցադրման վերաբերյալ, մթնոլորտը, իհարկե, անթույլատրելի է, ինքներդ եք տեսել, բայց, այնուամենայնիվ, ես երեւանցի եմ: Երեւանի Արաբկիր վարչական շրջանը հիմնադրել են իմ պապերը, եւ ես շատ եմ ցավում Երեւանի համար, եւ այս պահի դրությամբ ոչ թե Երեւանի բարեկեցիկ, գեղեցիկ եւ նպաստավոր միջավայրն է ինձ հուզում, այլեւ մեր ընդհանուր անվտանգության հարցը, որը անմիջականորեն կապված է Երեւանի անվտանգության հետ: Հիմա ես տեսնում եմ՝ Երեւանի տարածքում տեղի են ունեցել բազմապիսի, հսկայական տարածքներ ներառող ռազմական, ինժեներական աշխատանքներ, այսինքն՝ խրամատներ են փորվել: Արդեն Երեւանում են խրամատներ փորում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՄԵԾ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՈՒՄ

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետների պնդումներին, թե Էրդողանը Ալիեւին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։

 

Նա մասնավորապես գրել է. «Մեծ սպեկուլյացիա՝ փոքր երկրում: Մեկ շաբաթ շարունակ տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետներ պնդում են, թե Էրդողանը Ալիեւին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։ Սա կապում են Թուրքիայի ձգտումների հետ՝ հաճոյանալ Արեւմուտքին։

Եթե այս ձեւակերպումնեը, մասնավորապես՝ այն, որ Էրդողանը կարող է Ալիեւին նման կոչ հնչեցնել, ինձ աբսուրդային չթվային, այսքան ժամանակ չէի ծախսի հասկանալու համար, թե ինչպես փչվեց այս փուչիկը։

Փետրվարի 19-ին՝ վերընտրվելուց հետո, առաջին անգամ Ալիեւը, բնականաբար, մեկնում է Անկարա։ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նրանք հանդես են գալիս հայտարարություններով։ Էրդողանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կարեւորելով, ասում է, որ «այս գործընթացում մենք միասին ենք գործում՝ Ադրբեջանի հետ ուս ուսի տված», ապա շարունակում. «Շատ կարեւոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը՝ երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի տեսանկյունից»։ Ընդ որում՝ սա խաղաղության պայմանագրի շուրջ Էրդողանի ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին հայտարարությունն է, որը մշտապես համեմվում է ադրբեջանական պահանջներով։ Ինչպիսի հիվանդ երեւակայություն կամ չար մտադրություն պետք է ունենալ՝ ասելու համար, թե սա Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական կոչ է…

Սա դեռ ամենը չէ. Էրդողանը բառացի շարունակում է. «Կոչ ենք անում երրորդ կողմերին կառուցողական ներդրում ունենալ գործընթացում, այլ ոչ թե թունավորել այն»։ Մեր ռուսատյաց գործիչները, որ չեն կարող մեկ հանրային խոսք ասել առանց կրկնելու «ռուս-թուրքական դաշինք» արտահայտությունը, այս անգամ, չգիտես՝ ինչու, որոշել են, որ այս խոսքը ուղղված է Ռուսաստանին։ Այո՛, Էրդողանը հստակ չի նշում, թե ում է ուղղված իր խոսքը։ Կարելի է ենթադրել, որ այն ուղղված է Ֆրանսիային, քանի որ մինչ այդ հենց Ֆրանսիային էր Ադրբեջանը մեղադրում կողմնապահ լինելու մեջ։ Ադրբեջանը ինքն է խոսել ռուսական միջնորդության մասին, Թուրքիան որեւէ այլ ֆորմատում, քան հենց ռուսականը, ներգրավված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ո՞ր տրամաբանությամբ այս խոսքը պետք է ուղղված լիներ Ռուսաստանին»։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԿՇՆՈՐՀԵՆ «ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄԸ

Երեւանի ավագանին առաջարկում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հարցը քննարկվելու է ավագանու՝ մարտի 12-ի նիստում. թեեւ նիստի օրակարգը դեռ չի հրապարակվել քաղաքապետարանի կայքէջում, բայց մեզ ավագանու անդամները փոխանցեցին, որ հարցն ընդգրկված է առաջիկա նիստի օրակարգում:

Նշենք, որ Կամո Արեյանը քաղաքապետարանի հնաբնակներից է. դեռ 1997թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել քաղաքապետարանում:

Ուշագրավ է նաեւ, որ Կամո Արեյանը ՀՀԿ անդամ է, 2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ եւ զբաղեցրել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Թեեւ իշխանափոխությունից հետո շատերը պաշտոնանկ արվեցին, բայց Կամո Արեյանը շարունակում է մնալ քաղաքապետարանում. այժմ զբաղեցնում է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։

 

 

 

ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄՍԻ՞Ց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանական է համարում երկու-երեք ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեթոդաբանության նախագծի հաստատումը։ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մհեր Գրիգորյանի հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները որ փուլում են գտնվում, եւ ինչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի

«Մենք առաջին փուլում քննարկեցինք եւ հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման եւ կազմակերպման ձեւը, հաստատեցինք երկու կառավարություններով։

Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու, եւ երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, մենք երկու երկրներն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ՝ այդ փաստաթուղթը կշրջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենսդրական նախագիծ»,- ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե երկու կողմերը սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնան, եւ իրենց նախագծման աշխատանքները բխի Ալմա-Աթայի հռչակագրից, ապա կարող են երկու-երեք ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ սահմանազատման, թե՛ սահմանագծման, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- եզրափակեց Գրիգորյանը։

 

 




Լրահոս