Ո՞ՒՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դաշնակիցը իրեն չի օգնում»,-  նման դիրքորոշում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

 

«Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնում, բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն: Մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է ե՛ւ ՀԱՊԿ-ով, ե՛ւ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու: Իրենք հետո ասում են, թե մենք այսինչը չարեցինք, դրա համար իրենք չօգնեցին, իսկ ո՞ւր են դաշնակցական պարտավորությունները: Պարտավորություններն իրենց վրայից գցում են»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի համար ակնհայտ է, որ այդ անվտանգային համակարգը չի գործում:

«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Տեսանք, թե Արցախն ինչ եղավ, Խծաբերդը, Հին Թաղերը, Սեւ լիճը, Ջերմուկը, Լաչինի միջանցքը, գերիները, տեսանք, թե ինչ եղավ: Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական, անսահմանափակ չէ»,-ասաց նա:

Ըստ Սիմոնյանի՝ անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաեւ փորձ անել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձեւ վերակենդանացնել:

Անդրադառնալով հնարավոր այլընտրանքի վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Հիմա մենք փորձում ենք  զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար: Հիմա, եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգի խանգարում է, իրենց խնդիրն է. ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում»:

Հայաստանը շարժվելու է այն ուղղությամբ, որը իրեն առավել անվտանգություն կապահովի: ԱԺ նախագահը համարում է, որ ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է: Աշխարհը հիմա բաժանվել է երկու մասի: Ըստ նրա՝ մի մասն ասում է, որ աշխարհակարգ ու կանոններ գոյություն ունեն՝ ինչպես Ալմաթայի հռչակագիրը, մի մասն ասում է, որ ուժեղի իրավունքն է գործում: Հայաստանը համարում է, որ իր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը:

«Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել եւս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա եւ շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է, ինչպես, օրինակ, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը, այսպիսով, չի բացառում Ադրբեջանի եւ Ռուսաստանի պայմանավորվածությունը: «Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել: Ռուս-թուրքական բախումը Սիրիայում, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան: Փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա: Թուրքիան ներս մտավ»,-ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ Թուրքիայի հետ է եղել պայմանավորվածությունը:

Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու. ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎԵՐ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը անդրադարձավ  Եվրոպական խորհրդարանի ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային եւ պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցին, որում կոչ է արվում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում Եղոյանն ասաց, որ Եվրոպական խորհրդարանում բանաձեւերը ընդունում են փորձառու քաղաքական գործիչներ, որոնք մեծ ազդեցություն ունեն իրենց երկրներում վարվող քաղաքականության վրա։

 

«Եվրախորհրդարանն իր տեսանկյունից ոչ թե հայանպաստ կամ ադրբեջանանպաստ հայտարարություններ է ընդունում, այլ ինքը նայում է օբյեկտիվ իրողություններին, աշխարհակարգի պահպանմանը, բալանսին, եւ եթե տեսնում է, որ ինչ-որ գործողություն իր պատկերացրած աշխարհակարգին վնաս է, որոշում է ընդունում»,- ընդգծեց Եղոյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը, այսպես, թե այնպես, մտնում են եվրոպական քաղաքական շրջանակների օրակարգ՝ բառապաշարը, նարատիվները, թեմաները, որոնց շուրջ սկսում են մտածել։

«Եվ եթե նայեք ժամանակագրությունը, վերջին երեք տարվա ընթացքում Եվրախորհրդարանի բանաձեւերը ավելի ու ավելի թիրախային են դառնում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության անթույլատրելիության վերաբերյալ։ Օրինակ՝ սրանից երկու տարի առաջ պատժամիջոցների մասին ոչ մեկ չէր խոսում, չէին էլ նույնիսկ մտածում, հիմա արդեն խոսում են պատժամիջոցներից ոչ միայն անհատական, այլ ընդհանուր նավթի եւ գազի գնման արգելքից, ինչը շատ լուրջ ազդակ է։ Գիտեմ, որ սա միայն Եվրախորհրդարանի դիրքորոշումը չէ, ԵՄ շատ անդամ պետություններ պատրաստ են նշված վտանգավոր զարգացումների դեպքում կիրառել այդ գործիքակազմը»,- եզրափակեց Եղոյանը։

Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության եւ ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված եւ չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։ Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային եւ պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծել է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

 

 

 

ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ագրեսիան երբեք չպետք է անպատիժ մնա. փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ սկսվել է Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարին:

«Եթե պոտենցիալ ագրեսորին հասկացնեք, որ ագրեսիան կմնա անպատիժ, ապա դուք կբացեք Պանդորայի արկղը, եւ մյուսները նույնպես կարող են հետեւել նրա օրինակին», – հայտարարել է Բլինքենը Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով են այդքան շատ երկրներ այդպես համառ կերպով պաշտպանում Ուկրաինային. այն եւ՛ ճիշտ է, եւ՛ խելամիտ, եւ՛ անհրաժեշտ:

Պետքարտուղարը անհրաժեշտություն է համարել «անել ամեն ինչ, որպեսզի մենք պաշտպանված լինենք եւ զսպենք ցանկացած պոտենցիալ ագրեսորների, որոնք, հնարավոր է, փնտրում են հնարավորություններ»:

«Այդ պատճառով ես մտածում եմ` կա շարունակական պարտավորություն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ աշխարհի տասնյակ երկրների կողմից: Այդ պարտավորության նպատակն է այնպես անել, որ Ուկրաինան ուժեղ ժողովրդավարություն կառուցելու համար ռազմական, տնտեսական եւ ժողովրդավարական առումով ունենա ամեն անհրաժեշտը»,- հայտարարել է Բլինքենը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ կարծում է, որ անհրաժեշտ է, որ Կոնգրեսը լրացուցիչ օգնություն տրամադրի Ուկրաինային, ինչի մասին խնդրել է նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ 60 միլիարդ դոլարի գրեթե ամբողջ օգնությունն իրականում ԱՄՆ-ում կծախսվի այն սարքավորումների արտադրության եւ կառուցման վրա, որոնք կուղարկվեն Ուկրաինա։

«Սա նշանակում է ներդրումներ կատարել ամերիկյան արդյունաբերության մեջ: Դա նշանակում է աշխատատեղեր ԱՄՆ-ում,- ասել է Բլինքենը: – Դա փոխշահավետ է։ Սա ձեռնտու է մեզ, բայց պետք է ձեռնտու լինի նաեւ Ուկրաինային»։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթուղթը զրպարտչական է եւ մակերեսային։

Հիշեցնենք, որ բանաձեւը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։

 

 




Լրահոս