ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին ու «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին տարել են հանդիպման՝ առերեսման: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վահան Քերոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ առերեսմանը որեւէ բան չի խոսել։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձիք:
Քնար Մանուկյան