ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկության պատմության զարգացման ընթացքում մարդիկ սկսել են հագուստ կրել դեռեւս քարե դարում՝ սկզբում տերեւների միջոցով ծածկելով մարմինները, ապա՝ մանածագործության ի հայտ գալուց հետո, ստեղծվել են առաջին կտորներն ու հագուստները: Ի սկզբանե հագուստն ուներ պաշտպանական նշանակություն. այն պաշտպանում էր խոնավությունից, փոշուց, քամուց, սակայն ժամանակի ընթացքում այն գեղագիտական նշանակություն է ձեռք բերում եւ սկսում ցույց տալ մարդու դիրքը հասարակությունում:

 

Տարբեր տարածաշրջաններում հագուստը տարբեր էր՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, մշակույթով եւ առկա հումքով: Ավելի ուշ շրջանում, երբ ձեւավորվել եւ զարգացել են ճարտարապետությունն ու նկարչությունը, հագուկապի մշակույթը նույնպես զարգացում է ապրել: Տարբեր երկրների միջեւ առեւտրկան կապերն ու ճանապարհորդությունները է՛լ ավելի են զարգացրել հագուստի արտադրությունը: Այս ընթացքում էլ տարբեր մշակույթ կրող մարդիկ միմյանցից սկսվել են տարբերվել իրենց ազգային տարազով, որն արտացոլում է իրենց մտածողությունն ու ինքնությունը, ազգային խառնվածքը:

Դարեր շարունակ ազգային տարազները ենթարկվել են բազմաթիվ ազդեցությունների եւ փոփոխությունների մինչեւ վերջնական ձեւավորվելը: Յուրաքանչյուր տարածաշրջանում տարազի գույները արտահայտել են բնության մեջ առկա պիգմենտները: Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք, 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթեւացու վկայությամբ, արտահայտում են երկրի սեւությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը եւ հրո դեղինը։ Ավելի ուշ տարազներում ի հայտ են եկել մանուշակագույնը, որը հատկապես ներառված է հոգեւորականների զգեստներում, կանաչը եւ կապույտը:

Հայ իրականության մեջ տարազը արտացոլում էր կրողի դիրքը, ֆինանսական կարգավիճակը, ամուսնացյալ լինել-չլինելը: Օրինակ՝ կնոջ հարուստ լինելու մասին կարելի էր հասկանալ տարազի վրա առկա ոսկե կամ արծաթե թելերից ասեղնագործություններից:

Միմյանցից տարբերվել են նաեւ առօրյա եւ տոնական հագուստները: Վերջիններս ունեցել են հմայական, պահպանական հատկություն՝ նպատակ ունենալով կրողին հեռու պահել փորձանքներից: Ֆինանսական կարգավիճակը պարզ է դարձել նաեւ կտորի որակից. մետաքսե հագուստներ կրել է հարուստ խավը, իսկ միջին եւ աղքատ խավը կրել է բամբակ, վուշ, բուրդ:

Հայկական կանացի տարազների անբաժան մասն են կազմում ասեղնագործությունները եւ զարդերը, որոնք, ըստ հասարակության մեջ կնոջ ունեցած դիրքի, պատրաստված են եղել արծաթից կամ ոսկուց: Տղամարդկանց տարազը հիմնականում պատրաստված են եղել բամբակից, մետաքսից կամ բրդից: Տղամարդկանց տարազի դեպքում նույնպես ասեղնագործությունն իր ուրույն տեղն ունի: Սակայն, պետք է առանձնացնել նաեւ արծաթյա գոտին, որը հասունության խորհրդանիշ է համարվել, իսկ հարուստ տղամարդիկ ոսկե գոտիներ են կրել:

Հայկական տարազը ձեւավորվել է երկու՝ արեւմտահայկական եւ արեւելահայկական ուղղություններով, քանի որ դերեւս 4-րդ դարից Հայաստանը մասնատված էր, եւ յուրաքանչյուր տարածքում որոշակի ազդեցությունների էին ենթարկվում թե՛ մշակույթը, թե՛ կենցաղը, թե՛ բարքերը: Սակայն երկու ուղղություններում էլ պահպանվել են տարազի հիմնական բաղադրիչները, տեսքն ու գունապնակը:

Կանացի արտաքին հագուստը բավականին բազմազան է՝ զգեստներ, բաճկոնակներ եւ անթեւ հագուստներ։ Հայաստանի արեւելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր եւ երկար շապիկի տակից կրել են կարմիր եւ երկար տաբատներ՝ ստորին մասում ավելի թանկարժեք գործվածքից։ Արեւմտյան Հայաստանի կանացի զգեստները ձեւով համարյա նույն են եղել, սակայն որոշակի տարբերություններով. շապիկը սպիտակ էր, պարտադիր առկա էր ասեղնագործությունը եւ գոգնոցը։ Կնոջ հագուստի մաս են կազմել նաեւ տրեխները, կոպին (գլխարկ) եւ փուշին՝ թաշկինակը: Որոշ  շրջաններում հագուստի անբաժան մաս է կազմել նաեւ գլխաշորը եւ քողը, որոնք հաճախ ցույց են տվել կնոջ դիրքը: Օրինակ՝ Սյունիքում կանայք ամունությունից հետո սպիտակ կտորով փակել են բերանը մինչեւ առաջնեկ որդու ծնունդը: Դա խորհրդանշել է նորահարսի կարգավիճակը, որը որդու ծնունդով փոխվել է տանտիրուհու կարգավիճակի: Արեւմտահայաստանի որոշ շրջաններում կանայք սկսել են գոգնոց կրել ամուսնության օրը, ինչը խորհրդանշել է արգասաբերություն եւ պտղաբերություն:

Թեեւ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձեւի, իմաստաբանության առումով:

Շարունակելի…

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԸՆԾԱՅԱԲԵՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։

 

Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։

Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալը ստացել է նրա որդին՝ Ռոման Բադալյանը, որը Բադալյանների ընտանիքի անունից հանդես է եկել շնորհակալական խոսքով։

«Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր ազգի պատմության ու մշակութային ժառանգության պահպանմանը նպաստող ձեր անգնահատելի ջանքերի համար։ Բադալյան ընտանիքի համար մեծագույն պատիվ է «Մատենադարանի բարերար» առաջին ոսկե մեդալին արժանանալը։ Այն ընդունում եմ պատկառանքով եւ ուրախությամբ՝ գիտակցելով, որ եւս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար», – նշել է Ռոման Բադալյանը։

 

 

 

ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Մարտի 5-ին Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանն ու Գուրգեն Մադոյանը:

Քոչարյանի մրցակիցը Մեքսիկայից է, իսկ Մադոյանինը` Մոլդովայից:

Նախօրեին` մրցումային առաջին օրը, ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր եղել Կանադան ներկայացնող Կեւեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

 

 

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիան, Բուլղարիան եւ Ղազախստանը:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում, որոնք տեղի կունենան ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը:

Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը, նախորդ ցուցակի համեմատ, նահանջել է 1 հորիզոնականով ու հիմա 84-րդն է աշխարհի 160 ընտրանու թվում: Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի 21-23-ը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

 

 

 

«Aeroflot Open 2024»

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում:

4 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը եւ Իլյա Իլյուշենոկը, ովքեր ունեն 3.5 միավոր:

Հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուէլ Պետրոսյանն ունեն 3 միավոր եւ գտնվում են համապատասխանաբար 3-րդ, 11-րդ, 12-րդ եւ 16-րդ հորիզոնականներում:

ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը եւ Ալեքս Սահակյանն  ունեն 2.5 միավոր:

 

 




Լրահոս