Փաշինյանը, պատերազմի նկատմամբ սարսափ արմատավորելով, փորձում է այնպես անել, որ հասարակությունը համակերպվի իր զիջումներին․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ օրս ակտիվ են Տավուշի մարզի գյուղերի հանձնման մասին խոսակցությունները, սակայն վարչապետ Փաշինյանը Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ոչինչ էլ չի հանձնելու։ Սակայն քաղաքային իշխանությունները նաև նշել են, որ այդ տարածքները դե յուրե Հայաստանի տարածքները չեն։

Չնայած նրան, որ Փաշինյանը ասել է, որ ոչինչ էլ չի հանձնելու՝ Տավուշի բնակիչները, այնուամենայնիվ պատրաստ են ցանկացած կերպ պաշտպանել իրենց հողը՝ դրանից չհրաժարվելով։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները և նախարարները թեժ քննարկում էին ծավալում Տավուշի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների վերաբերյալ։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ այս մասին շատ է խոսվել և, որ Փաշինյանը և՛ սահմանամերձ գյուղերն է տալու, և՛ ճանապարհն է հայտնվում վտանգի տակ, և՛ ակնհայտ է, որ այդ ճանապարհը չի գործելու, որովհետև դրա որոշ հատվածներ, ըստ Նիկոլ Փաշինյանի, անցնում են Ադրբեջանի տարածքով։

«Դա շատ լուրջ վտանգ է լինելու Հայաստանի համար ոչ միայն այդ գյուղերի առումով, այլև Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի առումով, դա ակնհայտ է և միայն դա չէ վտանգը, դա կարճաժամկետ վտանգ է։ Վտանգը նաև այն է, որ Ադրբեջանը դրանից հետո վստահաբար պահանջելու է անկլավները, պահանջելու է անխաբան անցում դեպի անկլավները, այսինքն նաև ճանապարհ և դա մեծ հաշվով խոցելի է դարձնելու Հայաստանի հյուսիս արևելքը»,- ասաց քաղաքագետը։

Նշենք, որ իր ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Փաշինյանին և մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել սահմանազատման և սահմանազատման հարցերը Ադրբեջանի հետ, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսել։ Զախարովան մասնավորապես նշել է, որ դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի ասածին՝ քաղաքագետը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։

«Ես չեմ ուզում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։ Եթե Զախարովայի ազգանունը չլիներ, տպավորություն կստանայի, որ նա ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն է։ Խնդիրն այստեղ Ռուսաստանը չի, խնդիրն այն է, որ այո, իսկապես Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին վախեցնելով, պատերազմի նկատմամբ սարսափ արմատավորելով հայրենի գիտակցության մեջ, փորձում է այնպես անել, որ հասարակությունը համակերպվի իր զիջումներին, իր զիջելի քաղաքականության հետ»,- ասաց Բաղդասարյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ եթե պատերազմ լինի և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա Ռուսաստանը չի կարող չխառնվել այդ ամենին, որովհետև Հայաստանն ունի երկկողմանի պայմանագիր Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ անդամ է, այսինքն Ռուսաստանը պարտավոր է միջամտել այս դեպքում։

Վերադառնալով անվտանգային խնդիրներին և սահմանամերձ դարձող մարզերին՝ քաղաքագետը ասաց․

«Անվտանգային խնդիրներ կան հիմա և այդ անվտանգային խնդիրները խորանալու են։ Խնդիրն այդ 4 գյուղերը չեն, դրանով ոչ մի էդպիսի մարզ չկա, որ առաջ սահմանամերձ չէր՝ հիմա սահմանամերձ է դառնալու, խնդիրն այդ չի։ Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունը նորմալ կլիներ, եթե դա լիներ փոխադարձ, եթե Ադրբեջանն իր հերթին հարգեր այդ սահմաններն ու իր զորքերը դուրս բերեր, սա մեկ, և երկրորդ՝ եթե Ադրբեջանը իսկապես մտադիր լիներ Հայաստանի հետ խաղաղություն հաստատեր, բայց քանի որ Ադրբեջանը այդ մտադրությունը չունի և քանի որ Ադրբեջանը այդ նույն սահմանները չի ճանաչում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ միակողմանի լինելը նրանք չեն մոտեցնելու խաղաղության, այլ ավելի շուտ մոտեցնելու են հաջորդ պատերազմին, ինչը Ադրբեջանի համար ավելի նպաստավոր է»։

Խնդիրը քաղաքական է, սա այդ մարզերի, այդ գյուղերի խնդիրը չի լինելու։ Էլի եմ ասում, եթե այս գործընթացը գոնե մի քայլով մոտեցներ խաղաղությանը, ապա կարելի էր դա քննարկել։ Բայց քանի որ հակառակն է, այս դեպքում դա նշանակում է, որ իր ձեռքով ակնհայտորեն հեռանկարում ունենալով նոր պատերազմ՝ գիտակցաբար Ադրբեջանին ավելի նպաստավոր դիրքեր ենք տալիս այդ պատերազմի համար։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մեջ է»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս