«Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ- ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ – ու կերթամ»:
Եղիշե Չարենց
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 127-րդ տարելիցի կապակցությամբ զրուցել ենք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրաքննադատ ու չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ:
-Պարո՛ն Գասպարյան, ո՞վ էր Չարենցը, որտեղի՞ց եկավ եւ ո՞ւր էր գնում: Ո՞րն էր Չարենցի նախընտրած ուղին:
-Չարենցի նախընտրած ուղին հայոց հայրենիքն էր, հայոց պետությունն էր, հայոց պետականությունն էր: Չարենցը եկավ այս ծրագրով ու այս ծրագրի համար էլ գնաց: Պիտի հիշենք, որ Հայաստանում տիրում էր Անդրդաշնության ժամանակաշրջանը՝ 1922-1936թթ.: Պետական այս ժամանակաշրջանում էլ անցավ Չարենցի բուռն գործնական եռուն կյանքը: Այս ընդգրկումն իր մեջ ուներ բազմաթիվ կետեր, ենթակետեր, նրբերանգներ: Այդ ժամանակ Հայաստանի համար բեռներ էին գալիս, որոնք Վրաստանում բեռնաթափվում էին եւ դատարկ ուղարկվում Հայաստան: Այդ ամենի մասին գիտեր Չարենցը, որի դեմ էլ նա պայքարում էր: Չարենցը ոտից գլուխ իր հայրենիքի զինվորն էր: Մնացածը սիրային, խոհական քննարերգությունները, լիրիկան այդ մեծ սիրո արտահայտությունն էին, որ գալիս էր Կարսից եւ Երեւանով գնում դեպի հայոց երկրի անմահություն: Չարենցն էլ գիտեր, որ Հայաստանը (իր խոսքով եմ ասում) «հազար ու մե վերք է տեսել, էլի՛ կտեսնի»: Եւ ինչ ասում էր, եղավ, որովհետեւ հարցերը, որ այն ժամանակ կային, այսօր նորոգվեցին եւ ծանր-ծանր վիճակներ բերեցին մեր հայրենիքին:
-Պարո՛ն Գասպարյան, դուք բազմիցս մենագրությունների, եռահատորների, առանձին հոդվածների տեսքով անդրադարձել եք Չարենցի կյանքին, գրական գործունեությանն ու ստեղծագործական թողած ժառանգությանը: Չարենցից դեռ կա՞ն անտիպ ձեռագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը: Ի՞նչ ծրագրեր ունեք Դուք:
-Չարենցի անտիպ երկու ծավալուն գրքեր եմ տպագրել, եւ հսկայական նյութ կա այդ գրքերում: Նրա մասին հարյուրավոր չէ, հազարավոր էջեր եմ գրել, էլի կգրեմ: Հիմա մենք աշխատում ենք տպագրել Չարենցի 13 հատորով երկերի ժողովածուն, որտեղ ընդգրկված կլինի առայժմ հայտնի ամբողջ ստեղծագործությունները: 13-հատորանոց այս երկերի ժողովածուի առաջին հատորը անցած տարի լույս է տեսել: Վստահորեն կարող եմ ասել, որ Չարենցից դեռ կան անտիպ ձեռագրեր, եւ հուսով եմ՝ այն մարդիկ, ովքեր պահում են այդ ձեռագրերը, մի օր ինչ-որ ձեւ հանրությանը կներկայացնեն: Հիշում եմ՝ դժվար էր նրա ձեռագիրն ընթերցելը: Գնում էի թանգարան՝ ձեռագրերը ուսումնասիրելու: Այնքան էի աշխատում Չարենցի ձեռագրերի վրա, որ, հիշում եմ, անգամ երազում տեսիլք էի տեսնում այդ ձեռագրերից, որտեղ ավելի պարզ ու խոշոր էր երեւում նրա ձեռագիրը: Այն հավաքչական աշխատանք է պահանջում, որտեղ կերեւա հանճարը: Հանճարի ամեն մի փշրանք կարեւոր է: Մյուսների հետ ինչ ուզում ես արա, ինչ ուզում է լինի, բայց հանճարի հետ պարզապես իրավունք չունես:
-Ինչո՞ւ այդքան ծանր եղավ բանաստեղծի մահը: Եթե ժամանակները տարբեր լինեին, արդյոք այդ նույն ծանր մահը կունենա՞ր Եղիշե Չարենցը:
-1937 թվականի առաջին զոհերից եղավ Չարենցը: Ծանր էր Չարենցի խաչը, շատ ծանր: Ծանր էր նաեւ Չարենց լինելը, եւ շատ ահավոր է նրանով զբաղվելը: Այսօր տոնական միջոցառումներ են անում նրան նվիրված… չէ… չէ… Նա ծանր հիմնավոր մի երեւույթ է, որով պիտի ճիշտ զբաղվես: Ամեն մարդ իր խաչի տերն է: Ժամանակը յուրաքանչյուրին սիրում ու պատժում է յուրովի: Չարենցին մեղադրում էին նացիոնալիզմի համար, երբ որ դա ուղղակի հայրենասիրություն էր: Նրան հալածեցին, հալածեցին եւ 1935թ. մարտի 13-ին Չարենցին հեռացրեցին գրողների միությունից: Գրողների միությունն առանց Չարենցի՞… Նա այդ տարիներին ավելի շատ գրեց, եւ 1937թ.-ին հուլիսի 22-ին, առանց դատ ու դատաստանի, կալանավորեցին Չարենցին: Նրա մահվանից 4 օր առաջ ձեռբալալել էին նաեւ կնոջը՝ Իզաբելլային: Ոչ մեկ Չարենցի մոտ չէր գնում, սնունդ տանում, եւ չկար մեկը, որ այցելեր: Այսպես մենակության մեջ 1937թ. նոյեմբերի 27-ի առավոտ՝ ժամը 7:30-ի կողմերը, հայոց հանճարը հեռացավ կյանքից:
-Թե՛ որպես հասարակական գործիչ, թե՛ որպես գրող ու հրապարակախոս այսօր հայ իրականությունն ունի՞ Չարենցների կարիք: Դուք՝ որպես մեծ վաստակ ունեցող գրականագետ, ի՞նչ բացեր եք նկատել հայ նորագույն գրականությունում:
-Հայ գրականությունն այսօր զբաղված է մրցանակներ ստանալով, ինքն իրեն գովելով, ինքն իրեն տպագրելով: Դժբախտաբար, հայ գրականության հիմնական կշիռը հանրային կյանքի եւ գիտակցության վրա չի ներգործում: Կարծես թե գրականությունն առանձին է ազգային, քաղաքական, հանրային կյանքից: Գրականությունը հեռացավ բուն իր նպատակից, որը ժողովուրդն էր ու ժողովրդի կյանքը: Չարենցի ժամանակ այդպես չէր, նրանից հետո էլ այդպես չէր: Անպայման այսօր կան շնորհալի անուններ: Հուսանք, որ նոր Չարենցներ, այլ անուններ կշողշողան եւ կլուսավորեն մեր ժողովրդի ճանապարհը:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
«ՆՐԱՆՑ ԻՂՁԵՐԸ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԷԻՆ»
Երբ ասում ենք հայկական ջազ, առաջին անուններից մեկը, որ հիշում ենք, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանինն է, որին ուղղակի Մալխաս են անվանում:
Հետաքրքիր, գրավիչ, յուրահատուկ աշխարհով Մալխասին հաջողվում է իր մոլորակ տանել անգամ մարդկանց, որոնք ջազի մեծ երկրպագուներ չեն, սակայն Լեւոն Մալխասյանի շնորհիվ զգում են երաժշտությունը, ապրում, սիրահարվում:
Ջազմենի 79-ամյակի առթիվ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտին նվիրված «Մալխաս ջան/զ» խորագրով համերգ է անցկացվելու: Երեկոյին ցուցադրվելու է «Կյանքը ջազում» ֆիլմը, որը նորովի կբացահայտի սիրելի արտիստին եւ երեւանցուն:
Ֆիլմի սցենարի համահեղինակ եւ գեղարվեստական ղեկավար, Լեւոն Մալխասյանի ընկեր Մեսրոպ Մովսեսյանը պատմում է՝ Մալխասին ճանաչում է 1970-ականներից, երբ աշխատում էին պետական հեռուստատեսությունում: «Մալխասն աշխատում էր, վազվզում էր, սովորում էր, նվագում էր: Ավելի շատ նվագում էր, քան աշխատում կամ սովորում: Նա ակտիվ կյանքով էր ապրում, ինչը շատ հետաքրքիր էր բոլորիս: Ուներ իր շրջապատը, երաժիշտների ու երաժշտասերների շրջապատը, որտեղ իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում: Մենք հազիվ էինք տեղավորվում այդ ամենի մեջ, որովհետեւ նրանց իղձերը, երազանքներն այլ էին»,-հիշում է Մովսեսյանը:
«ՑԻՐԿ ԷՐ ՀԻՇԵՑՆՈՒՄ»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գոհ չէ Իտալիայում կայացած օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների մենամարտերում եղած մրցավարությունից:
«Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ չակերտավոր արդար մրցավարներն աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել, ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սեւ գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձեւով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սեւ գործը։ Ես` որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ եւ EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաեւ պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»,-ասված է ֆեդերացիայի նախագահի տարածած հաղորդագրությունում:
ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՑՈՒՑԱԿԸ
Հայաստան – Կոսովո եւ Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ցուցակում ընդգրկվել են`
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարեւիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մարտի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: