«ԴՈՒՔ ՀԱՎԻԿ ԵՔ, ՈՆՑ ՈՒԶԵՆ, ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Տավուշում ստեղծված իրավիճակի եւ նոր պատերազմի հավանականության մասին:

 

-Պարո՛ն Եղիազարյան, ի՞նչ զարգացումներ են հնարավոր Տավուշում. Ադրբեջանը նոր պահանջներ է դրել, չորս գյուղ է պահանջում, ու իշխանությունն էլ կարծես չի պատրաստվում պայքարել, ասում են՝ պետք է սահմանագծում արվի:

-Դե գիտեք, եթե մի հողակտոր, մի հայրենիք տեր չունի, ամեն ինչ էլ սպասեք՝ ե՛ւ չորս գյուղերը, ե՛ւ էն մյուս գյուղերը, ե՛ւ Զանգեզուրի միջանցքը: Բանն այն է, որ տվյալ իշխանությունը կարծում է, համոզված է, որ իր արածի համար պատասխան չի տալու, ինչպես պատասխան չտվեցին այս երկիրը թալանողները, ժողովրդի ողնաշարը կոտրողները, ազգային գաղափարախոսությունը սպանողները: Նույն ձեւ մտածում է սա, որ ոչ մի բանի համար պատասխան չի տալու, կտան կգնա: Իրենց համար հայրենիքը կարեւոր չէ:

-Բայց որ տան, Ադրբեջանը կհանդարտվի՞, նոր պահանջներ չի՞ դնի:

-Բացարձակապես, ախորժակը ավելի կմեծանա, կուզի ուրիշ բաներ՝ Զանգեզուրի միջանցք եւ այլն: Հասկանո՞ւմ եք, եթե չտանք, պատերազմ չի լինելու, եթե տանք, լինելու է, հայ ժողովրդին ստրկացնելու են, հայ ժողովուրդը դառնալու է այստեղի փալասը: Ադրբեջանը դա է անում Թուրքիայի հետ, իսկ մենք չենք դիմադրում դրան, աշխարհն էլ չի խառնվում, ասում է՝ եթե հայերը դա ուզում են, ուրեմն այդ տեսակն են մարդու, այդ ժողովուրդն են:

-Հանրության անտարբերությունը ինչո՞վ կբացատրեք:

-Անտարբերությունը 30 տարվա հալածանքների, ստորացումների, 30 տարի ազգային գաղափարախոսությունը փշրելու հետեւանք է, երբ որ քո գլուխգործոց նախագահներից մեկն ասում է, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է. դուք թռչուն եք, հավիկ եք, ձեզ հետ ոնց ուզեն կվերաբերվեն, դա է ձեր պաշտպանվածությունը, դուք եզ եք, գնացե՛ք ձեր մի կտոր խոտը կերեք:

Զրուցեց  ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատեց մի որոշում, որով շարունակվելու է բռնի տեղահանված արցախցիներին տրվել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար 50,000 դրամ ամսական աջակցություն մինչեւ տարեվերջ:

 

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ լավ է, որ այս ծրագրում վերջապես ներառվել են նաեւ 2020թ. տեղահանված անձինք՝ բացառությամբ 2022թ. ընդունված բնակարանային ծրագրի շահառուների:

«Ողջունելի է այս որոշումը, որին բոլոր տեղահանվածներն են սպասել՝ որպես առկա կարիքների մասնակի բավարարման միջանկյալ ու կարեւոր միջոց: Այս որոշման արդյունքում որոշակիորեն նվազելու է նոր թափ առած արտագաղթի ալիքը:

Սա հերթական օրինակն է, թե ինչպես հանրության համախմբումն ու հավաքական ձայնի արդարացի բարձրացումը կարող է հաջողություն ապահովել: Այս որոշումն ակնհայտորեն Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած պայքարի արագ արդյունքներից է, քանի որ նախքան մեր պայքարի մեկնարկը ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ ապրիլից նշանակալիորեն կրճատելու են ծրագիրը՝ աջակցություն տրամադրելով միայն երեխաներին: Այնինչ երբ զգացին հանրային հիմնավոր ու լայն ճնշումը, լրիվությամբ վերանայեցին իրենց մտադրությունները եւ ընդունեցին ավելի ներառական ու արդար ծրագիր, քան նույնիսկ այս վեց ամսվա ընթացքում գործող ծրագիրն է:

Թեեւ մեր պայքարի ու հանրային ճնշման արդյունքում որոշակի դրական միտումներ են նկատվում նաեւ բնակարանային սպասվող ծրագրի կանխավ հայտարարված մոտեցումների վերանայման հարցում, սակայն դեռ մի շարք սկզբունքային խնդիրներ լուծման կարիք ունեն: Դրանց եւ մեր հիմնարար դիրքորոշումներին կարելի է ծանոթանալ մարտի 20-ի հանրահավաքում ընդունված մեր հայտարարության տեքստում: Սակայն ամենակարեւորն այն է, որ բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարեւոր անելիքներ ունի: Վերջիվերջո, բուն խնդիրը քաղաքական է՝ բխելով մեր հավաքական իրավունքներից ու շահերից, սակայն ոչ զուտ մարդասիրական կարիքներից:

ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռեւս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում՝ հաճախակի կա՛մ ընդհանրապես չապահովելով ներառականություն, կա՛մ կեղծ ու ձեւական ներառականություն խաղալով: Ինչու՞ պետք է սխալ ու թերի որոշումներ կայացվեն առանց մեր հանրության ու Արցախի պետական մարմինների կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելու, հետո բախվեն լայնածավալ բացասական հետեւանքների ու հանրային դժգոհության՝ ստիպված մտածելով սխալները սրբագրելու մասին…

Նախաձեռնությունն էլ, վստահ եմ, շարունակելու է իր պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության համար՝ չնայած տարաբնույթ ու բազմաղբյուր շահարկումներին, դժվարություններին ու ճնշումներին»։

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

«Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու վնասները, որոնք կարող են լինել որեւէ որոշման դեպքում: Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերը ԵԱՏՄ բյուջեին եւ այնտեղից ստանում մեր բաժինը, ընդ որում՝ շատ ավելի քիչ, քան վճարում ենք»,- մարտի 28-ին՝ ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին, նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա  ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ, ու կարող են խնդիրներ առաջանալ։

Նա նշեց, որ զուգահեռաբար նաեւ Եվրամիության եւ այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում: «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա: Եթե լինի ռեալ խոսակցություն, կլինի  համապատասխան հայտարարություն եւ կմունիկացիա»,- ասաց Թունյանը։

ՔՊ-ական պատգամավոր Մարինա Կարապետյանն էլ հավելեց, որ երկրները երբեք ինքնուրույն որեւէ շուկայից չեն հրաժարվում, եթե կոնկրետ քաղաքական դրդապատճառ չկա: «Հետեւաբար, ինչո՞ւ Հայաստանը պետք է ինքնուրույն գնա սահմանափակման իր շուկաների: Խոսքն այլ բանի մասին է, որ Հայաստանը պետք է ընդլայնի, դիվերսիֆիկացնի իր շուկաները: Այդ ուղղությամբ ենք մեր շարժվում: Եթե այնպես կստացվի, որ մի շուկա ավել կբացվի, հրաշալի է, եթե մի շուկա ավելի սահմանափակ կդառնա, ապա ավելի ինտենսիվ պետք է այլընտրանքային շուկաներ փնտրենք: Սա է տնտեսության տրամաբանությունը»,-ասաց նա:

 

 

 

ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքի ժամանակ խոսել է տարածաշրջանում Թուրքիայի քայլերի դեմ միջազգային ուժերի հակազդեցության մասին։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի գործողություններին Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում եւ Ղարաբաղում հակազդել են միջազգային ուժերը։ Նա պնդել է, թե Թուրքիան իր սեփական ուժերով եւ պայքարով կարողացել է հաջողության հասնել այդ տարածաշրջաններում։

 




Լրահոս