«ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՎԱՐՔԱԳԻԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է բանակցային գործընթացի եւ խորհրդարանական ընդդիմության անելիքների մասին:

 

-Տիկի՛ն Գալստյան, Պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարություն տարածեց, որ հակառակորդը թե՛ ապրիլի 1-ին, թե՛ ապրիլի 2-ին սադրանքի է դիմել Գեղարքունիքի, Սյունիքի գյուղերի ուղղությամբ, եւ տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է ամենօրյա սադրանքների ֆոնին խոսել խաղաղության մասին: Դուք՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, ինչպե՞ս եք այս պայմաններում պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղությունը:

-Ես չեմ պատկերացնում, դա անհնարինության շարքից է: Շատ վաղուց՝ դեռ մեկ-երկու տարի առաջ, խաղաղության գործընթացը ինձ համար ունի մեկ գնահատական՝ խաղաղության մուրացկանության: Խաղաղության մուրացկանություն, որովհետեւ պատճառների մասին շատ ենք խոսել. պարտվածի բանակցությունները այսպիսին կլինեն՝ ստորացված, միակողմանի զիջումներով՝ երկրի ամբողջականության հաշվին: Այսօր քանի որ թուլացած, տկար, պետական իմունիտետը կորցրած Հայաստանն է, Ադրբեջանը ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականությամբ պոկում է այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ դա ունի մեկ գին՝ նրանց աթոռի գինը, Հայաստանի պետականության կորստի գինը:

-Տիկի՛ն Գալստյան, նաեւ տեսնում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները այս օրերին գնում են մարզեր՝ բնակիչների հետ հանդիպման: Ի՞նչ արդյունքներ կան, ի՞նչ տրամադրվածություն է մարդկանց մոտ:

-Գիտեք, ոչ միայն այսօր, վաղուց  մեր խմբակցության եւ «Դաշնակցության» գործելաոճի մեջ են եղել մարզային հանդիպումները, իսկ այսօր մենք ուղղակի պատերազմի սպառնալիքի մեջ ենք ապրում, պատերազմը կախված է մեր գլխին, եւ մեզ պատերազմով սպառնում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ մեր երկրի ղեկավարը ՝ դեղին երկաթե կտորը ձեռքին ծածանելով, եւ փորձում է համոզել, որ պիտի տանք, որ խաղաղ ապրենք. դա, ասացի, որ քաղաքական մուրացկանի վարքագիծ է: Մենք մարզեր գնում ենք նախեւառաջ մեր ժողովրդի կողքին լինելու, մեր ժողովրդի հետ մեր երկխոսությունը շարունակելու, տրամադրություններին ծանոթ լինելու: Ստացվում է մեզ մոտ, բայց դա բավարար չէ, որովհետեւ այսօր մենք ունենք մեկ օրակարգ. դա Հայաստանի պետականության կորուստը, կոլապսը կասեցնելն է, եւ մենք կարծում ենք, որ դա հնարավոր է միայն համազգային օրակարգերի շուրջ համախմբումով:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼՈՒ

Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

 

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 2-ի նիստում:

«Ելնելով «Վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից` այն է, որ վարձատրության քաղաքականությունը պետք է լինի խարսխված արդարության, համադրելի գործակիցների եւ պատասխանատվության ու պարտականություններին համաչափ, Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի գործակիցները նույնպես վերանայել եւ համամասնորեն բարձրացնել»,- նշել է Վաչե Քալաշյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի պարտականություններին ու լիազորություններին, Անկախ պետական մարմինների վարձատրության գործակիցներին, վարձատրության քաղաքականության միասնականությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է` ինչպիսին է Անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, որ կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, եւ արդյոք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում: «Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է»,- պատասխանել է Վաչե Քալաշյանը:

«Պետք է հարգվի Սահմանադրական կարգավիճակը, ինչից ելնելով էլ` պետք է կատարվի ներկայացված փոփոխությունը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ Անկախ մարմինների գործառույթների մեջ չպետք է լինի հսկայական անջրպետ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին եւ հաղթահարել որոշակի աղավաղումները: «Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է, եւ մինչեւ 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,- ասել է Վաչե Քալաշյանը:

Նախագիծը ստացել է դրական  եզրակացություն:

 

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ իրականացվող համատեղ արտադրական նախագծերն է՛լ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։

Իր հերթին Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաեւ այլ ոլորտների վրա»։

Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմականեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ. հայտնում է լրատվամիջոցը։

 

 

ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՆՈՒՄ

«Crocus City Hall-ի ահաբեկչության հեղինակները ցանկացել են այլատյացության եւ իսլամաֆոբիայի ալիք հրահրել Ռուսաստանում»,- ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը երկրի ներսում պառակտումներն ու խուճապը կանխելու կոչ է արել: «Ուզում եմ ընդգծել, որ անընդունելի է վերջին ողբերգական իրադարձություններն օգտագործելը ազգային անմիաբանություն, այլատյացություն, իսլամատյացություն հրահրելու համար։

Իրականում ահաբեկիչների եւ նրանց պատվիրատուների գլխավոր նպատակը դա էր՝ նախեւառաջ մեր երկրում խռովություն եւ խուճապ, բախումներ եւ ատելություն սերմանելը, Ռուսաստանը ներսից պառակտելը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության  նախագահը։

Պուտինը միաժամանակ շեշտել է ծայրահեղականության ցանկացած դրսեւորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որի տարածման վրա, ի թիվս այլ երեւույթների, ազդում է անօրինական ներգաղթը։

Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ նմանատիպ պայմաններում տեղի է ունենում «տարբեր տեսակի կեղծ քարոզիչների գաղափարական առաջմղում»։




Լրահոս