Հիմա կարծես կասեցվել է շինարարությունը. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենը՝ ներկա իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

hraparak.am-ն այսօր գրել էր, որ  ՀՀ ԳԱԱ-ի օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ու աշխատակիցները փակել էին ճանապարհ:
Խնդիրը կայանում է նրանում, որ գրեթե մեկ ամիս Գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում բազմահարկ շենք է կառուցվում:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ԳԱԱ-ի օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ իրավիճակ է հիմա.

«Հիմա դատարանի որոշում կա, որ շինարարությունը պիտի կասեցվի, որոշում են կայացրել հինգշաբթի երեկոյան, մենք ուրբաթ օրը փորձեցինք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի կասեցնենք, չստացվեց, տարբեր տեղեր դիմել էինք, այսօր էլ միանգամից դուրս եկանք փողոց, որ կասեցվեր, բայց եկան ոստիկաններ ու թաղապետը, նրանց ներկայացրեցինք իրավիճակը, իրենք մտան ներս: Հիմա կարծես կասեցվել է շինարարությունը»:

Տնօրենի խոսքով՝ թաղապետը խոսել է շինարարություն իրականացնողների հետ, տեղեկացրել են, որ պետք է կասեցվի:
Հարցին, թե շենքը օրինական կերպով է կառուցված թե ապօրինի, տնօրենն ասաց՝ «իրենք օրինական ստացել են թույլատվություն, ուրիշ հարց է, որ ժամանակին ինչ-ինչ հարցերով չեն կարգավորվել, պիտի հետ վերադարձվեր համայնքին, բայց գնորդը հանդիսանում է բարեխիղճ գնորդ, և ինքը ցանկանում է շենք կառուցի, բոլոր թղթաբանություններով, ինչ-որ ներկայացվել է, քաղաքապետը ստորագրել է՝ թույլտվություն տալու համար: Մենք գտնում ենք, որ միաժամանակ հնարավոր չի համ շինարարություն տեղի ունենա, թող այդ հարցերը վերին ատյաններում կարգավորվի»:

Սահակ Գասպարյանը ասաց, որ շինարարության հենց սկզբի շրջանում բազում անգամներ դիմել են տարբեր կառույցների, սակայն միայն արձագանքել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, և ինչ-որ չափով՝ Հայկ Մարությանի ավագանու անդամներից:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս