Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմիդյանի սանիկը, ՔՊ-ի պայքարն Աբովյանում և Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործերը.ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը առանձնացրել է, թե ինչ է գրում մամուլը սեպտեմբերի 15-ին։

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» ԳՐՈՒՄ Է
ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին
«Ժողովուրդը» գրում է, որ Կոտայքի մարզում ՔՊ-ի՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հարցում պատկերը դեռ ամբողջությամբ հստակ չէ։ Եթե Հրազդանի, Ծաղկաձորի և Արզնիի մասով իշխանությունն արդեն որոշակի որոշումներ ունի, ապա ամենամեծ հարցականը շարունակում է մնալ Աբովյանը։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես թե կանգ են առել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա։
Միաժամանակ, ըստ «Ժողովուրդի», իշխանությունը որոշել է չխոչընդոտել Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի քարոզարշավին և նրան ՔՊ-ի թեկնածու դարձնելու ուղղությամբ բանակցություններ չվարել։ Թերթի տեղեկություններով՝ եթե Բաբայանն առաջիկա ընտրություններում հաղթի, ՔՊ-ն պատրաստ է ընդունել այդ արդյունքը և աշխատել նրա հետ։

ԱԱԾ-ի շենքի վրա հրավառ նյութ նետածը Փաշինյանի սանիկի սանիկն է

«Ժողովուրդը» գրում է նաև ԱԱԾ-ի վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործի նոր մանրամասների մասին։ Թերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է, իսկ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։ Հակոբ Սիմիդյանը չի հերքել Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և նշել է, որ զարմացած է նրա արարքից՝ ենթադրելով, որ նա «վատ շրջապատ է ընկել»։

Հայ դպրոցականները հայատառ չեն գրում

«Ժողովուրդը» գրում է նաև դպրոցներում հայատառ գրելու խնդրի մասին։ Թերթը, անդրադառնալով OECD-ի հետազոտությանը, նշում է, որ Հայաստանում 15 տարեկանների շրջանում լուրջ խնդիրներ են արձանագրվել մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում։ Ըստ հրապարակման՝ հայաստանցի աշակերտների մոտ 1 տոկոսն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, իսկ ընթերցանության մեջ գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում վերջին հորիզոնականում է՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային։
Թերթին ահազանգած մանկավարժները պնդում են, որ թվային հարթակներում լատինական այբուբենի լայն կիրառումն արդեն անդրադառնում է նաև ձեռագիր հայերենին․ աշակերտների մոտ ավելացել են լատինատառ գրառումները և ուղղագրական սխալները։

Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի ջրի համար

«Ժողովուրդը» անդրադարձել է նաև Սյունիքի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերմանը։ Թերթը գրում է, որ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է ջրում սնդիկի առկայության մասին և բնակիչներին հորդորել չօգտագործել այն խմելու նպատակով։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ այդ աղբյուրների, խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է պարզել՝ ինչպես է սնդիկը հայտնվել ջրում և ով է դրա համար պատասխանատու։
Ըստ «Ժողովուրդի»՝ այժմ քննարկվում են սնդիկի հայտնվելու մի քանի վարկածներ, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են։

«ՀՐԱՊԱՐԱԿԸ» ԳՐՈՒՄ Է
ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել․ քրքրում են Հայկ Սարգսյանի, եղբոր ու հոր անցյալը

«Հրապարակը» գրում է, որ ՔՊ-ի՝ Սևանում անցկացված քաղաքական ժողովում ուշագրավ է եղել նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնվելը։ Թերթը հիշեցնում է, որ Սարգսյանը վերջին հարցազրույցում կոշտ քննադատել էր իր նախկին թիմակիցներին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ամենի հետևանքով «ինչ-որ մեկը պետք է բանտ նստի» և ասել էր, որ Սարգսյանը 2018 թվականից հետո ձգտում էր օլիգարխ դառնալ։ «Հրապարակի» փոխանցմամբ՝ Սարգսյանի հայտնվելուց հետո ՔՊ-ականները հայտնվել են անհարմար իրավիճակում՝ չիմանալով՝ շփվե՞լ նրա հետ, թե՞ ոչ։

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ կարող է արդեն քրեական վարույթ հարուցված լինել, և ուսումնասիրում են ոչ միայն նրա, այլև եղբոր ու հոր անցյալը։ «Հրապարակը» գրում է, որ շրջանառվող դրվագներից մեկը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Հայկ Սարգսյանն ու նրա երկվորյակ եղբայրը ձևակերպված են եղել որպես Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օգնականներ, սակայն, ըստ այդ տեղեկությունների, աշխատանքի չեն գնացել։ Թերթը այդ հանգամանքը կապում է նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի և Հրանուշ Հակոբյանի մտերիմ հարաբերությունների հետ։

Պետական ապարատում բունտ է հասունանում

«Հրապարակը» գրում է, որ պետական ապարատում բունտ է հասունանում։ Թերթի տեղեկություններով՝ հունվարից շեշտակի բարձրանալու են վարչությունների և բաժինների պետերի աշխատավարձերը, մինչդեռ այդ պաշտոններում հիմնականում քաղաքական նշանակումներ են արվում՝ ՔՊ-ականների շարքերից։
Թերթը նշում է, որ դրա հետևանքով առաջատար և գլխավոր մասնագետները, որոնք համակարգում առաջ են գնացել աստիճանաբար և իրենց աշխատանքի շնորհիվ, կարող են մի քանի անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան իրենց ղեկավարները։ «Հրապարակի» փոխանցմամբ՝ հարցին, թե ինչպես է կարգավորվելու այս խնդիրը, աղբյուրը պատասխանել է, որ դա նախատեսվում է օրենքի համապատասխան կետով։

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԳՐՈՒՄ Է
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞

«Իրավունքը» անդրադառնում է Անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Թերթը գրում է, որ Սիմոնյանը, արձագանքելով ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պնդել է, թե երբևէ չի օգտագործել իր լծակները՝ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ պատգամավորներին զանգահարելու համար։ Սիմոնյանը նաև հայտարարել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում որևէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված որևէ քննարկում չի ունեցել, չի մասնակցել և որևէ կարծիք չի հայտնել։
«Իրավունքը» ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ալեն Սիմոնյանը խոսում է 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին, մինչդեռ այդ գումարման խորհրդարանում ո՛չ ինքը, ո՛չ Հայկ Սարգսյանը պատգամավոր չեն եղել։ Թերթը նշում է, որ Սիմոնյանը եղել է 8-րդ գումարման ԱԺ նախագահը, և եթե նա պարզապես շփոթել է գումարումները, ապա իրավիճակն առավել ուշագրավ է դառնում։ «Իրավունքը» նաև հարց է բարձրացնում, թե ինչպես կարող էր Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ, որևէ կերպ չառնչվել օրենսդրական նախաձեռնություններին։




Լրահոս