5 ՁԱՅՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ՝ ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր եւ այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ: Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով եւս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ եւս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չի դարձել, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չի մասնակցել. թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս հայտնի չէ, բայց, դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու: Ավելին՝ Դավիթ Խաչատուրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:
Իրավիճակը մեկն է, որ ըստ էության՝ դատական իշխանության թեկնածուին իշխանությունը մերժում է: Զրուցեինք փաստաբան Հասմիկ Հարությունյանի հետ, ինչի ի ատասխան նա ստեղծված իրավիճակին ի պատասխան հայտնեց.«Իրապես ժողովրդավար պետությունը չի կարող գործել առանց պետական մարմինների միջեւ ձեւավորված զսպիչների եւ հակակշիռների։ Իշխանության իրականացումը տրված է տարբեր պետական մարմիններին, ինչը պահանջում է նաեւ վերջիններիս միջեւ կոորդինացում։ Այս համատեքստում զսպիչները եւ հավասարակշռությունը պահանջում են կառուցողական համագործակցություն հանրային շահերին հասնելու համար, դրանք պահանջում են նաեւ փոխադարձ հարգանք նաեւ տարբեր իշխանության թեւերի պատկանող մարմինների միջեւ ՝ որպես վերջիններիս միջեւ համապատասխան հավասարակշռություն եւ փոխադարձ վերահսկողություն ապահովելու միջոց. այս մոտեցումը ընդունված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից։
Սա կարելի է լավագույնս դիտարկել դատական եւ օրենսդիր իշխանության առնչությամբ՝ դատավորների ընդհանուր ժողովին տրված իրավասությունների համատեքստում։ Մասնավորապես՝ օրենսդիրը Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքով սահմանել է, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է, նույն օրենքով տրված են նաեւ վերջինիս իրավասությունները։
Առանձին կարեւոր իրավասություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելն ու Ազգային ժողովին առաջարկելը, ինչը հենց վերը նշված զսպիչների եւ հակակշիռների ապահովման միջոցներից մեկն է։
Այսինքն, դատական իշխանությունը ի դեմս Ընդհանուր ժողովի իրավունք է ստացել մասնակցել եւ կարեւոր դերակատարում ունենալ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գործին։ Մինչդեռ, օրենսդիր մարմնի կողմից Ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուներին ինչ-ինչ պատճառներով մերժելը ոչ միայն Ընդհանուր ժողովի ձայնը լռեցնում է, այլ խախտում է զսպիչների եւ հակակշիռների նկարագրված սկզբունքը։ Արդյունքում, թեկնածուի վերջնական ընտրությունը օրենսդրի բացառիկ, երբեմն նաեւ կամայական հնարավորությունն է դառնում»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՊԵՏՔ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ
«Մեր պետությունն այս պետությունն է, սակայն կորցրած հայրենիքի սխալներից պետք է դասեր քաղել».- եւ այսօր այդ դասերը քաղելու օրերից մեկն է: Այս մասին, երեկ՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալրում լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա խնդիր է տեսնում հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ պետք է հավաքել ցեղասպանության 1,5 մլն զոհերի անուն-ազգանունները. «Սա պրոբլեմատիկ խոսույթ է: 1,5 մլն զոհերի անուն-ազգանունները փնտրելը, ըստ էության,կասկածի տակ դնող թեզ է, հետեւաբար, դա պետք է ամեն կերպ արգելել: Դա բավականին երկար ժամանակ Թուրքիայի կողմից լոբբինգ արվող թեզ է, որ եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, իրենց արխիվը, որտեղ արդեն բնականաբար, ոչ մի բան չկա, բացենք, եւ կտեսնեք, որ չի եղել Ցեղասպանություն: Ցանկացած մեկը, որ կմտնի այդ լոբբինգի մեջ, կսկսի փնտրել 1,5 մլն հայերի անուն-ազգանունները, նա տրվելու է Թուրքիայի օրակարգին, վերջում հանգելով նրան, որ ցեղասպանության եղելության հարցը դնելու է կասկածի տակ»,-ասել է Մարուքյանը:

ՈՒՐԱՑՈՂԸ ՆԶՈՎՔԻ Է ԵՆԹԱԿԱ
Տավուշի մարզի Կիրանց գյուղում քաղաքացիները շարունակում են փակ պահել դեպի Վրաստան գնացող ճանապարհը: Արդեն քանի օր է բողոքող քաղաքացիների հետ է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Եթե որեւէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը եւ այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ եւ ճանապարհ չկա: Սա Հայ եկեղեցու էությունն է, բնությունն է:
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, եւ այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգեւոր իմաստով, մնացել է հայ եկեղեցին, եւ սա բնական արտահայտություն է, ոչ թե արհեստական ձեւակերպված կամ քաղաքական ենթատեքստով արտահայտություն»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Ցեղասպանության հուշահամալիրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքին։

ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով եւ Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:
Այս պաստառները կրում էին Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված բազմամարդ երթի մասնակիցները:

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Երեկ ձերբակալված Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երեւան. հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։
Հիշեցնենք, որ երեկ Տավուշում վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների դեմ ցույցի մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԻՆԾՈՒ ԵՆ Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով են նրան այստեղ բերել: Այս մասին երեկ՝ ապրիլի 24-ին, Ձերբակալվածների պահման վայրում «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեսակցելուց հետո ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշել է, որ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ առաջնորդում էր Տավուշում շարժումը, դրա համար մեկուսացման անհրաժեշտություն կար։
«Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որեւէ արարք չի գործել։ Նա կանգնած է եղել փողոցում, ինչպես հայուրավոր այլ քաղաքացիներ, ուղղակի իրեն անմիջապես մեկուսացրել են ոստիկանապետի տեղակալ Հակոբյանի ուղիղ հրամանով եւ ուղիղ մասնակցությամբ»,- ասել է Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, Ս.Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին եւ իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը եւ շարունակել հայրենքի հանձնման դեմ բոլոր գործողություններով ցույց տալ հանրության լայն կոնսոլիդիացիա, թե ինչպես չի կարելի հանձնել ՀՀ տարածքները։
«Ինչքան էլ նրանք փորձեն ներկայացնել որպես ադրբեջանական տարածքներ, դրանք ՀՀ վարչական տարածքներ են, որոնք Փաշինյանը միակողմանի զիջում է։
Հենց այդ անթույլատրելիության դեմ է ընդվզումը, որը կազմակերպվել ու ինքնաբուխ տեղի է ունեցել Տավուշում։ Այս ամենի դեմ էր Սուրեն Պետրոսյանի պայքարը եւ այդ պայքարն այս դեպքում ավարտվեց ձերբակալությամբ։ Հույս ունեմ կալանքի չի հասնի, բայց 72 ժամ ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական մեկ նպատակ՝ բանտարկել Սուրեն Պետրոսյանին, պահել գերության մեջ, որպեսզի Տավուշում հնարավոր զարգացումները, ընդվզումները հնարավոր լինի կանխել», – նշել է պատգամավորը




Լրահոս